Երեւանի գալիք ընտրութիւնները մթնոլորտի առումով ցաւալիօրէն նման են Արցախի վերջին (2020 թ.) նախագահական ընտրութիւններին։ Այնտեղ էլ կար իշխանական ֆաւորիտ, կային ընդդիմադիր թեկնածուներ, կային ազդեցիկ ուժեր, որոնք սատարում էին այս կամ այն թեկնածուին, կային ոմանք, որ հրապարակայնօրէն աջակցում էին մէկին, բայց իրականում՝ միւսին, եւ այլ բաներ։ Ամէն ինչ կար, բացի՝ իրականութեան ճիշտ ընկալումից եւ, հետեւաբար, ճիշտ բովանդակութիւնից։ 2020 թ. ընտրութիւններից մի քանի ամիս առաջ շատերիս մօտ կար ծանր զգացողութիւն, որ սա ընտրութիւն է պատերազմի նախօրեին։
Ամէն դէպքում դրանք, կարծես թէ, տեսանելի ապագայում Արցախի վերջին ընտրութիւններն էին։
Հիմա Երեւանում նոյն ճնշող տպաւորութիւնն է։ Կայ իշխանութեան թեկնածու՝ սոցիալական կաշառքի եւ վարչական ռեսուրսի լուրջ պաշարով։ Ու կայ 30-ամեայ մի մաշուած գաղափար՝ առաջադրել ընդդիմութեան միասնական թեկնածու։
Այն, որ այդ միաւորումն այս պահին իրատեսական չէ՝ մի կողմ։ Գլխաւոր հարցն ուրիշ է. իսկ ո՞վ է ասել, որ պէտք է լինի «ընդդիմութեան» թեկնածու։ Ո՞ր ընդդիմութեան, որի վարկանիշային առաջին հինգ ուժերի ընդհանուր հանրագումարը 10 տոկո՞ս է։ Ո՞վ է ասել, որ դա յաղթող կամ գոնէ մրցունակ տարբերակ է։
Մենք սիրում ենք հրապարակուած սոցցհարցումներից միայն Նիկոլի չեղած վարկանիշն առանձնացնել ու հետեւութիւններ անել՝ «բարեկրթօրէն» լռելով միւսների մասին, ու մտածել, թէ ա´յ, միասնական թեկնածուն կը յաղթի։
Ծանր տպաւորութիւն կայ, որ իսկապէս չի բացառւում, որ սրանք լինէն Երեւանի վերջին ընտրութիւնները, գոնէ՝ այս սահմաններով Հայաստանի մայրաքաղաքի վերջին ընտրութիւնները։
Այս սցենարով չգնալու համար մէզ իրօք պէտք է միասնական թեկնածու, սակայն դա պէտք է լինի ոչ թէ ընդդիմութեան, այլ՝ հանրութեան թեկնածուն։ Իսկ քաղաքական ու հանրային գործիչների ճիշտ խնդիրը հանրութեան մէջ խմորում առաջացնելն է՝ հանրային, ընկալուող, կոնսօլիդացիայի ունակ թեկնածուների փնտրտուքի եւ պահանջի։ Ինքս նման 2-3 թեկնածուի անուն ունեմ։ Ի դէպ, եթէ սոցհարցումները ցոյց են տալիս, որ վստահելիութեան ամենաբարձր վարկանիշ ունեցող ինստիտուտը եկեղեցին է, ուրեմն՝ ճիշտ թեկնածուի առաջ քաշման եւ ընդհանրապէս հասարակական առողջ պրոցեսների գեներացման հարցում եկեղեցին պէտք է ունենայ զգալի դերակատարում։
Ինչպէս ժամանակին իշխանութիւնը վերցրեց «ժողովրդի» թեկնածուն, հիմա պէտք է Երեւանի ընտրութեանը գնալ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ թեկնածուով։
Միայն բնական հանրային թեկնածուն է ունակ՝ այս ընտրութիւններին տալ բովանդակութիւն եւ դրանով փոխել աղէտի գնացող սցենարը։ Որ դրանք չլինէն Երեւանի վերջին ընտրութիւնները։ Բազմաթիւ մտահոգ սենեակներում քննարկւում է ինչ անելը, այս մղձաւանջից ինչպէս դուրս գալը։ Կոնկրէտ քայլ եմ առաջարկում. գնալ Երեւանի ընտրութիւններին ՀԱՆՐՈՒԹՅԱՆ թեկնածուով։ Քաղաքական որոշումը սա է. մնացածը տեխնոլոգիայ է եւ մենեջմենթ։
Վահէ Հովհաննիսեան
Այլընտրանքային նախագծեր խումբ