«Գարդման-Շիրուան-Նախիջեւան» համահայկական միութիւնը յայտարարութիւն է տարածել․
Յուլիսի 6-ին Թիւրքական երկրների կազմակերպութեան ոչ պաշտօնական գագաթնաժողովն ընդունել է այսպէս կոչուած «Ղարաբաղեան» հռչակագիրը։ «Կայուն ապագայի կառուցում տրանսպորտի, կապի եւ կլիմայական գործողութիւնների միջոցով» թեմայով ոչ պաշտօնական գագաթնաժողովին մասնակցել են Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Հիւսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետութեան նախագահները, Թուրքիայի փոխնախագահը եւ Հունգարիայի վարչապետը, ինչպէս նաեւ Թիւրքական պետութիւնների կազմակերպութեան գլխաւոր քարտուղարը։
«Ղարաբաղեան» հռչակագիրը, սակայն, սկսած իր զաւեշտախառն նախաբանից, պարունակում է պատմական անցեալի իրողութիւնների խեղաթիւրման եւ ներկայի զարգացումների միակողմանի գնահատման եւ արժեւորման ակներեւ տարրեր, որոնց հարկ ենք համարում անդրադառնալ։ Հռչակագրի նախաբանում ընդգծւում է այն դերը, որը «թիւրքական ժողովուրդները խաղացել են պատմութեան ընթացքում համաշխարհային քաղաքականութեան, տնտեսութեան եւ քաղաքակրթութիւնների զարգացման գործում»։ Հանդես գալով թիւրքական ժողովուրդների հաւաքականութեան դիրքերից, կարո՞ղ է արդյօք Ադրբեջանը մատնանշել գէթ մէկ դրուագ իր առաջնորդած պետութեան հարիւրամեայ պատմութեան ընթացքում, երբ իր ժողովրդի կողմից ստեղծուել է համաշխարհային արժէք։ Տպաւորութիւնն այնպիսինն է, թէ թիւրքական երկրների առաջնորդները կայ՛մ ծանօթ չէն օտարազգի միջնադարեան պատմագիրների աշխատութիւններին, կայ՛մ այնքան լաւ են ծանօթ, որ նախընտրում են պարզապէս շրջանցել այդ ճշմարտութիւնները։ Տվեալ պարագայում խորհուրդ ենք տալիս «համաշխարհային քաղաքակրթական արժէքներ» ստեղծած երկրների ղեկավարներին վերընթերցել, օրինակ հայ պատմագիր Արիստակէս Լաստիվերցու «Պատմութիւնը»՝ վերյիշելու համար, թէ ինչպէս իրենց «քաղաքակիրթ» նախնիների վարքից «երկիրը սուգ հագաւ եւ կործանուեց, որովհետեւ ոչնչացած նրա բնակիչները․ ամբողջ աշխարհից ի սպառ վերացաւ ուրախութիւնը, ամէն տեղ միայն ողբ ու հառաչանք, բոլոր տեղէրում մայն լաց եւ կոծ»։
Հռչակագրի նախաբանը նաեւ համերաշխութիւն է յայտնում Շուշիի՝ թիւրքական աշխարհի ժողովուրդներին համախմբելու գործում ունեցած «վիթխարի» նշանակութեանը՝ որպէս «Ադրբեջանի Հանրապետութեան միասնութեան վառ դրսեւորում»։ Թիւրքական երկրները նաեւ համերաշխ են «Ադրբեջանի կառավարութեանն ու ժողովրդին՝ օկուպացիայից ազատուած հողերը վերակառուցելու եւ վերականգնելու, ներառեալ լայնածաւալ ականազերծման եւ մարդասիրական ականազերծման ջանքերում, ինչը պայմաններ կստեղծի հարիւր հազարաւոր ադրբեջանցի նախկին հարկադիր վերաբնակների վերադարձի համար»։
Համերաշխութեան նման լայն ասպեկտներով հռչակագիրը ստորագրած բոլոր պետութիւնները իրենց ժողովուրդների անունից համերաշխութիւն են յայտնում պատմութեան ընթացքում Շուշիի հայութեան բազմակի էթնիկ զտմանը՝ 1920 թ․, 1989 թ․, 2020 թ․՝ ռասայական եւ էթնիկ խտրականութիւնը հայ տարրի նկատմամբ դնելով «Ադրբեջանի Հանրապետութեան միասնութեան» հիմքում։ «Ադրբեջանցի նախկին հարկադիր վերաբնակների վերադարձի» մասին անհանգստութիւն ցուցաբերելիս ինչո՞ւ են թիւրքական երկրների ղեկավարները մոռանում ընդամէնը ամիսներ առաջ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումը, որի հետեւանքով եւ ի շարունակութիւն 2020 թ․ պատերազմի Լեռնային Ղարաբաղի շուրջ 150 հազար հայութիւնը վերածուեց փախստականի՝ կրելով վերադարձի իրաւունքի իրացման միջազգային իրաւունքի ընձեռած ամբողջական հնարաւորութիւնը, սակայն բախուելով ադրբեջանական ժխտողականութեանը։
«Ղարաբաղեան» հռչակագիրն իր պարզունակութեան մէջ սակայն «Յայտնում է իր խորը մտահոգութիւնը Գազայում տեղի ունեցած հումանիտար աղէտի կապակցութեամբ եւ դատապարտում է խաղաղ բնակչութեան անխտիր թիրախաւորումը»։ Թւում է, թէ ադրբեջանական վարչակարգը չէր նոյն այդ թիւրքական երկրների անուէրապահ աջակցութեամբ 10-ամիս շարունակ Լաչինի միջանցքի շրջափակմամբ հումանիտար աղէտ ստեղծել Լեռնային Ղարաբաղում՝ սովամահութեան ելքերով եւ առհասարակ մարդու իրաւունքների համակարգային ոտնահարումներով, ադրբեջանական վարչակարգը չէր, որ ինչպէս 1988-1994 թթ․, 2016 թ․ քառօրեայ, 2020 թ․ 44-օրեայ, 2023 թ․ սեպտեմբերեան պատերազմների ժամանակ թիրախաւորել է խաղաղ քաղաքացիական բնակչութեանը եւ ենթակառուցուածքները։
Սակայն վերոնշեալ «հումանիտար խնդիրներով մտահոգ» ադրբեջանական վարչակարգը միայն պատերազմական իրավիճակներում չէ, որ սովոր է թիրախաւորել քաղաքացիական բնակչութեանը։ 1988 թ․ Սումգայիթի, 1990 թ․ Բաքուի, 1992 թ․ Մարաղայի ջարդերն ու կոտորածները, հայկական եւ հայաբնակ գիւղերի աւերումներն ու պատմական Գարդմանի, Շիրուանի, Նախիջեւանի համակարգային հայաթափումը վկայութիւնն են այն բանի, որ Ադրբեջանը արդէն մէկ դարից աւելի է անաւարտ պատերազմի մէջ է հայութեան հետ՝ որպէս հաւաքական երեւոյթ։
«Գարդման-Շիրուան-Նախիջեւան» համահայկական միութիւնը խստօրէն քննադատում է Ադրբեջանի նախաձեռնութեամբ նման «հռչակագրային» սպառնալիքների ձեւաւորումը, որը յիշեցնում է անցեալ դարում իր ձախողումն ապրած պանթիւրքիզմի գաղափարախօսութիւնը։ Տպաւորութիւն է, թէ Ադրբեջանը ստանձնել է նոր ծայրայեղականութեան առաջնորդի դերակատարումը այն պարագայում, երբ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը վաղուց ի վեր անհաշտ պայքար է մղում նման ախտածին երեւոյթների դէմ։ Մենք կոչ ենք անում հռչակագրի կողմ հանդիսացող երկրներին մասնակից չդառնալ ադրբեջանական արկածախնդրութեանը եւ իրենց գործողութիւններում յենուել միջազգային իրաւունքի օրինական նորմերի եւ սկզբունքների վրայ։
yerkir.am