«Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» խմբակցութիւնների համատեղ յայտարարութիւնը

«Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» խմբակցութիւնների համատեղ յայտարարութիւնը

Նիկոլ Փաշինեանը եւ նրան սպասարկող խորհրդարանական մեծամասնութիւնը կորցրել են քաղաքական լեգիտիմութիւնը եւ պէտք է անյապաղ հրաժարական տան։ Նրանց յետագայ գործունէութիւնը միայն խորացնում է քաղաքացիական դիմակայութիւնը երկրի ներսում եւ վարկաբեկում Հայաստանի հեղինակութիւնն ու ճանաչումը միջազգային յարաբերութիւններում։

Նիկոլ Փաշինեանը եւ նրա քաղաքական թիմը կրում են քաղաքական, բարոյական եւ քրէաիրաւական անմիջական պատասխանատուութիւն վերջին օրերի իրադարձութիւնների համար՝ ըստ էութեան վերածուելով հակաժողովրդական եւ ապազգային քաղաքական տարրերի, որոնք սպասարկում են արտաքին ուժերի, առաջին հերթին՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը։

Ակնյայտ է, որ մեր ժողովրդի պատմութեան վերջին շրջանի բոլոր ողբերգական իրադարձութիւններն ուղղակիօրէն առնչւում են Նիկոլ Փաշինեանի եւ նրա մերձաւոր շրջապատի գործունէութեան հետ (2008թ. մարտի 1, 2018թ. իշխանութեան զաւթում, 44-օրեայ պատերազմ, Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիայ, Լեռնային Ղարաբաղի կորուստ): Եկել է ժամանակը դադարեցնել այս ընթացքը եւ շարունակել մեր արժանապատիւ ընթացքը առանց Նիկոլի ու նրա մեծամասնութեան։ Սա արդէն մեր ժողովրդի համար դարձել է գոյաբանական անհրաժեշտութիւն։

Փաստէրը վկայում են, որ անցած վեց տարիներին երկրում ձեւաւորուել է Նիկոլ Փաշինեանի միանձնեայ կառավարման ռեժիմ։ Այն որեւէ կապ չունի Սահմանադրութեան հիմնարար նորմերի, մարդու իրաւունքների եւ ժողովրդաւարութեան հետ։ Իրենց մեծամասնութիւն անուանող մարդկանց մի փոքր խումբ, պատերազմի նոր սպառնալիքներով շանտաժի ենթարկելով հասարակութեանը, պատանդ է պահում հայկական պետութիւնը՝ հանուն սեփական անվտանգութեան եւ հարստացման։

Ռեժիմի առաջնորդ Նիկոլ Փաշինեանի խոստովանութիւնները վկայում են, որ վերջին վեց տարիներին նա շահարկում է հասարակական կարծիքը, մոլորութեան մէջ գցում բնակչութիւնը, ծառայում է այլ շահերի, ամրապնդում իր ընտանիքի եւ մերձաւորների նիւթական բարեկեցութիւնը։

Կառավարման վեց տարիներին նա աւելացրել է երկրի պետական պարտքը վեց միլիարդ դոլարով, աճել է կոռուպցիան, ոչնչացուել է պետութեան ողջ պաշտպանական համակարգը։ Իշխողների քաղաքականութիւնն ու գործողութիւնները հակասում են Հայաստանի Սահմանադրութեանը եւ սպառնում են սահմանադրական կարգին։

Իշխանութիւնների ագրեսիւութիւնը, խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնի ուժի կիրառումը, Ազգային ժողովը ռազմականացուած օբյեկտի վերածելը հոգեւարքի եւ իրենց կատարած յանցագործութիւնների համար անձնական քրէական պատասխանատուութեան պահը հնարաւորինս յետաձգելու ցանկութեան դրսեւորում է։

Այսօր Հայաստանը վերածուել է ոստիկանական պետութեան, որտեղ իրաւապահ մարմինները ոչ թէ հասարակական կարգը պահպանելու եւ մարդու հիմնարար իրաւունքներն ու ազատութիւնները յարգելու գործառոյթ են իրականացնում, այլ միայն պաշտպանում են ռեժիմի առաջնորդին եւ նրա մերձաւոր շրջապատին։ Այն, որ ոստիկանութիւնը չի ծառայում հասարակութեանը, վկայում է տարէցտարի երկրում ծանր եւ առանձնապէս ծանր յանցագործութիւնների թուի աճը։ Դատական եւ իրաւական համակարգը դարձել է քաղաքական ռեժիմի կցորդը եւ ամբողջութեամբ կորցրել է իր անկախութիւնն ու օբյեկտիւութիւնը։

2024 թուականի յունիսի 12-ին Բաղրամեան պողոտայում տեղի ունեցած իրադարձութիւնների կապակցութեամբ մարդու իրաւունքների պաշտպանը, Բարձրագոյն դատական խորհրդի նախագահը եւ գլխաւոր դատախազը պէտք է անյապաղ հրաժարական տան՝ որպէս սահմանադրական մարմինների ներկայացուցիչներ, որոնք չէն կարողացել կանխել մարդու իրաւունքների զանգուածային խախտումները, չէն ապահովել օրէնքի գերակայութիւն։

Յունիսի 12-ի Բաղրամեան պողոտայի դէպքերը այն կարմիր գիծն էին, որ գործող իշխանութիւններին դրեց օրէնքից դուրս։ Մենք գտնում ենք, որ բոլոր ապօրինի գործողութիւն իարականացնող ոստիկանները, քննիչները, դատախազներն ու դատաւորները անձնական պատասխանատուութիւն են կրում իրենց գործողութիւնների եւ որոշումների համար։ Նրանք դիտուելու են որպէս Փաշինեանի հակաժողովրդական եւ հակապետական ռեժիմին աջակցողներ, խաղաղ ցուցարարների նկատմամբ իշխանութիւնների վայրագ, հակաօրինական գործողութիւնները արդարացնող։

Բոլոր քաղաքական ուժերին եւ հասարակական կազմակերպութիւններին, որոնք իրենց համարում են ժամանակակից հայ հանրութեան մաս եւ պատրաստ են պայքարել ազատութեան ու արդարութեան համար, պէտք է իրենց յստակ վերաբերմունքը արտայայտէն յունիսի 12-ի իրադարձութիւնների կապակցութեամբ։ Հակառակ դէպքում, մենք գտնում ենք, որ նրանք հաւասարապէս պատասխանատուութիւն են կրում Փաշինեանի վարչակարգի քաղաքականութեան համար, համերաշխ են նրա հետ եւ իրենց գործողութիւններով ամրապնդում են այն։

Կոչ ենք անում

1. Միջազգային հանրութեանը՝ դատապարտել իշխանութիւնների գործողութիւնները։ Հակառակ դէպքում՝ ակնյայտ կը լինէն երկակի ստանդարտները առ այն, որ մարդու իրաւունքների, ժողովրդաւարութեան եւ օրէնքի գերակայութեան հարցերում միջազգային հանրութեան հետ համագործակցութեան օրակարգը սպառել է իրեն եւ կրում է բացառապէս աշխարհաքաղաքական նպատակայարմարութեան բնոյթ՝ սպասարկելով Փաշինեանի ռեժիմի շահերը։

Կոչ ենք անում ԵԽԽՎ-ին յունիսեան նստաշրջանի օրակարգից հանել Հայաստանի կողմից ստանձնած պարտաւորութիւնների կատարման հարցը, քանի որ նախապատրաստուած նիւթերն օբյեկտիւ չէն, չէն արտացոլում մարդու իրաւունքների եւ ժողովրդաւարութեան որակի իրական վիճակը երկրում եւ էապէս խրախուսում են Նիկոլ Փաշինեանի աւտօրիտար ռեժիմի ամրապնդումը։ Եւրախորհրդի յետագայ կողմնակալ վերաբերմունքը Հայաստանում մարդու իրաւունքների, ժողովրդաւարութեան եւ օրէնքի գերակայութեան իրական վիճակին, ընդդիմութեան եւ քաղաքացիական հասարակութեան կարծիքների անտեսումը կուարկաբեկի այս կազմակերպութեան հեղինակութիւնն ու նշանակութիւնը։

2. Հաշուի առնելով, որ գործող իշխանութիւնների օրօք անհնար է հասնել իրաւապահ մարմինների ղեկավարների գործունէութեան օբյեկտիւ եւ արդարացի իրաւական գնահատականի (ներքին գործերի նախարար, ոստիկանապետ, ԱԱԾ տնօրէն, քննչական կոմիտեների ղեկավարներ), առաջարկում ենք նրանց ինքնակամ հրաժարական տալ։

Այս կոչին չհետեւելը յետագայում դիտուելու է որպէս ձեր գործողութիւնները ծանրացնող հանգամանք, քանի որ պաշտօնավարման շարունակութիւնը ընկալուելու է որպէս ապօրինի եւ հակաօրինական գործողութիւնները շարունակելու գիտակցուած ցանկութիւն։

3. ՀՀ արժանապատիւ քաղաքացիներին՝ աջակել Սրբազան շարժմանը, կանգնել այն մարդկանց կողքին, ովքեր ցանկանում են սրանց հեռացմամբ թեւակոխել կայուն խաղաղութեան եւ ամուր պետութեան ժամանակաշրջան։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութիւն
ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութիւն

13 յունիսի, 2024թ.

Share