Թեհրանում յուլիսի 24-ին Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանին:
Ինչպէս «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնից, գոհունակութեամբ արձանագրուել է, որ երկու բարեկամ եւ հարեւան երկրների միջեւ ձեւաւորուել է բարձր մակարդակի քաղաքական երկխօսութիւն՝ հիմնուած փոխադարձ յարգանքի եւ երկու ժողովուրդների հազարամեայ եղբայրութեան վրայ:
Ըստ աղբիւրի՝ հանդիպման ընթացքում քննարկուել են հայ-իրանական բազմոլորտ համագործակցութեանն առնչուող հարցեր: Մտքեր են փոխանակուել երկկողմ յաւակնոտ օրակարգը կեանքի կոչելու, բարձր մակարդակով ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների իրականացման ընթացքի շուրջ: Այս համատեքստում մասնաւորապէս ընդգծուել է երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական, էներգէտիկ եւ տրանսպորտային ոլորտներում ընթացիկ ու նախանշուած համատեղ նախագծերի իրականացման կարեւորութիւնը:
«Ի շարունակութիւն ԱԳ նախարարների մակարդակով նոյն օրը կայացած քննարկման, Արարատ Միրզոյեանի եւ Էբրահիմ Ռայիսիի ուշադրութեան կենտրոնում եւս եղել են տարածաշրջանային անվտանգութեանը վերաբերող հարցերը: Նախարար Միրզոյեանը Իրանի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի վերջին զարգացումները, ինչպէս նաեւ վերահաստատել Հարաւային Կովկասում տեւական խաղաղութեան հաստատման վերաբերեալ հայկական կողմի տեսլականը: Ընդգծուել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման միջոցով խնդիրների լուծման, առաւելապաշտական եւ թշնամական հռետորաբանութեան բացառման անհրաժեշտութիւնը»,- ասւում է հաղորդագրութեան մէջ:
Նշւում է, որ, անդրադառնալով Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում սրուող հումանիտար ճգնաժամին, Արարատ Միրզոյեանը շեշտել է արգելափակման անյապաղ վերացման եւ Ադրբեջանի կողմից ԼՂ բնակչութեան էթնիկ զտումը կանխելու հրամայականը: