Երեւան քաղաքի դատախազ Սեւակ Հովհաննիսեանն օգոստոսի 16-ին անցկացրել է օպերատիւ խորհրդակցութիւն «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած՝ մարդկային մեծաթիւ կեանքեր խլած պայթիւնի դէպքի առթիւ նախաձեռնուած քրէական վարոյթն իրականացնող քննչական խմբի քննիչների, ինչպէս նաեւ նախաքննութեան օրինականութեան նկատմամբ հսկողութիւն իրականացնող դատախազական խմբի դատախազների մասնակցութեամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ գլխաւոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամեանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ քննարկուել են նախաձեռնուած քրէական վարոյթի ընթացքը եւ միջանկեալ արդիւնքները: Ելնելով օպերատիւ իրավիճակի վերաբերեալ յայտնուած տեղեկատուութիւնից եւ քննարկման արդիւնքներց՝ Երեւան քաղաքի դատախազը տուել է կոնկրէտ յանձնարարութիւններ քննութեան հիմնական ուղղութիւնների, ապացուցողական անյետաձգելի եւ միւս գործողութիւնների, դրանց ծաւալի վերաբերեալ:
«Նախաձեռնուած վարոյթի շրջանակներում իրականացւում են դէպքի բոլոր հանգամանքները, յատկապէս պայթիւնի առաջացման պատճառները, շինութեան կարգավիճակը, պարունակութիւնը, դրանց պահպանութեան իրաւաչափութեան, տարածքում անվտանգութեան եւ հակահրդեհային կանոնների պահպանուածութեան վիճակը, պատասխանատու անձանց շրջանակը յստակեցնելու եւ նրանց գործողութիւններին իրաւական գնահատական տալու ուղղութեամբ անհրաժեշտ գործողութիւններ:
Այսօր առաւօտեան ժամը 10.30-ից քննիչների եւ փորձագէտների կողմից սկսուել է իրականացուել դէպքի վայրի մասնակի զննութիւն, որին ներկայ են գտնուել նաեւ դատախազական խմբի դատախազները: Հաշուի առնելով, որ դէպքի վայրում դեռեւս շարունակւում են հովացման, ինչպէս նաեւ փրկարարական-որոնողական աշխատանքները՝ դեռեւս հնարաւոր չի դարձել մօտենալ հրդեհի եւ պայթիւնի առաջացման առաջնային օջախին՝ պատճառներին վերաբերող տուեալների ձեռքբերման համար անհրաժեշտ գործողութիւններն իրականացնելու համար: Վերջինս կ’իրականացուի նշուած տարածքում առաջնային միջոցառումներն աւարտուելուց, հնարաւոր փլուզումների վտանգը չէզոքացնելուց եւ անվտանգութեան բաւարար պայմաններ ապահովելուց անմիջապէս յետոյ:
Քրեական վարոյթի շրջանակներում հարցաքննուել են շուրջ երկու տասնեակ անձինք՝ այդ թւում տուժողներ եւ առեւտրի կենտրոնում առերեւտրային գործունեութեամբ զբաղուող տաղաւարների սեփականատէրեր: Այս գործընթացը շարունակւում է, քննութեան պլանաւորմանը համապատասխան՝ հարցաքննուելու են նաեւ Սուրմալու տօնավաճառի տնօրինութեան ներկայացուցիչները եւ աշխատակիցները:
Պահանջուել են առեւտրի կենտրոնում գործունէութիւն ծաւալող տնտեսվարող սուբյեկտների տնտեսութիւններին վերաբերող բոլոր տուեալները, առգրաւուել են դէպքի վայրին հարակից տարածքում տեղակայուած բոլոր տեսաձայնագրող սարքերը:
Իրականացւում են փլատակներից դուրս բերուած անձանց մարմինների ճանաչման, նոյնականացմանն ուղղուած աշխատանքներ:
Նաեւ նշանակուել է դատապայթիւնատեխնիկական, դատահրդեհատեխնիկական, դատաճարտարատեխնիկական, դատաշինարարատեխնիկական, դատաապրանքագիտական, դատաձայնգարային, եւ դատահամակարգչատեխնիկական համալիր փորձաքննութիւն: Ելնելով այսօրուայ խորհրդակցութեան արդիւնքներից՝ Երեւան քաղաքի դատախազի կողմից խնդիր է դրուել նշանակելու նաեւ դատապայթիւնատեխնոլոգիական փորձաքննութիւն:
Քննութեան առարկայ են բոլոր վարկածները: Այս համատեքստում մամուլում հրապարակուած՝ պայթիւնի պատճառների, հնարաւոր վարկածների վերաբերեալ բոլոր՝ իրենց մէջ կոնկրէտութիւն պարունակող հրապարակումները Երեւան քաղաքի դատախազի կողմից ուղարկուել են նախաքննական մարմնին՝ դրանց արժանահաւատութիւնը պարզելու, քննութեան առարկայ դարձնելու նպատակով»,- նշել է Գոռ Աբրահամեանը:
Նա յաւելել է, որ քննութեան ընթացքն ու ստացուող տուեալները սեղմ պարբերականութեամբ զեկուցւում են ՀՀ գլխաւոր դատախազին, ում կողմից տրւում են յանձնարարութիւններ:
Աբրահամեանը հաւաստել է, որ ՀՀ դատախազութիւնը հետեւողական է լինելու լրիւ, բազմակողմանի եւ օբյեկտիւ քննութեան երաշխաւորման, կատարուած ողբերգութեան հանգամանքների լիարժէք բացայայտման հարցում: