Միջազգային մամուլը Ռուբէն Վարդանեանի խոշտանգումների մասին

Միջազգային մամուլը Ռուբէն Վարդանեանի խոշտանգումների մասին

Միջազգային մի շարք լրատուամիջոցներ անդրադարձել են Ադրբեջանում ապօրինի պահուող Ռուբէն Վարդանեանի միջազգային փաստաբանական թիմի կողմից ՄԱԿ-ի Խոշտանգումների դէմ կոմիտէի յատուկ զեկուցողին ներկայացուած դիմումին, որը յորդորում է կոմիտեին դատապարտել Ադրբեջանի կառավարութեան կողմից Ռուբէն Վարդանեանի դէմ իրականացուող խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը։

Reuters գործակալութիւնը մասնաւորապէս մէջբերել է Վարդանեան ընտանիքի միջազգային իրաւախորհրդատու Ջարեդ Գենսէրին, որը նշել է. «Ուշագրաւ է, որ Ադրբեջանը Ռուբէն Վարդանեանին դիտում է որպէս սպառնալիք եւ փորձում է նրան լռեցնել կամայական կալանքով, իսկ վերջի շրջանում՝ նաեւ  խոշտանգումներով: Եթէ Ադրբեջանը ցանկանում է, որ միջազգային ասպարէզում իրեն լուրջ վերաբերուէն, ապա անյապաղ պէտք է դադարեցնի այդ գործողութիւնները եւ ազատ արձակի Վարդանեանին ու միւս հայ բանտարկեալներին»:

Ֆրանսիական Le Figaro-ն եւս ծաւալուն անդրադարձ է կատարել փաստին՝ նշելով, որ Ռուբէն Վարդանեանի հարազատները խիստ անհանգստացած են նրա վիճակով: Պարբերականը յիշեցնում է, որ մարդասիրական գործունէութեան  համար Նոբելեան Խաղաղութեան մրցանակի առաջադրուած Վարդանեանը ներկայումս խոշտանգումների է ենթարկւում Բաքուի բանտում:

Պարբերականը մէջբերել է Ռուբէն Վարդանեանի աւագ որդու՝ Դաւիթ Վարդանեանի խօսքերը, որը պատմել է, թէ ինչպիսի խոշտանգումների մասին է իրենց յայտնի դարձել. «Նրան հնարաւորութիւն չի տրուել ոչ քնելու, ոչ նստելու: Նրան երկու օր շարունակ զրկել են խմելու ջրից, նա չի ունեցել հիգիենայի պարագաներ»:

Պարբերականը յիշեցնում է, որ Ռուբէն Վարդանեանի հետ Բաքուի բանտում են եւս 22 հայեր, որոնց թւում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարութիւնը: Նշւում է, որ Վարդանեանը Լեռնային Ղարաբաղ էր տեղափոխուել՝ փորձելով օգնել տեղի բնակչութեանը: Այնտեղ գտնուելու ժամանակահատուածում նրան յաջողուել էր միջազգային հանրութեան ուշադրութիւնը հրաւիրել Լեռնային Ղարաբաղի խնդրի եւ այնտեղ տիրող իրավիճակի վրայ: «Յենց Վարդանեանի խարիզմատիկ անձը եւ միջազգային ասպարէզում լսելի ձայնն էլ նրան դարձրել են Ադրբեջանի իշխանութեան թիրախը»,-գրել է Le Figaro-ն:

Ադրբեջանում կալանաւորուած քաղբանտարկեալ Ռուբէն Վարդանեանի միջազգային փաստաբանական թիմը յունիսի 13-ին հրատապ դիմում էր ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դէմ կոմիտէի յատուկ զեկուցողին՝ յորդորելով դատապարտել Ադրբեջանի կառավարութեան կողմից Ռուբէն Վարդանեանի դէմ իրականացուող խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը։

«ԵՐԿԻՐ»

Share