ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 յուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Արտակ Բեգլարեանը Թուիթերի իր էջում գրել է.
Ի՞նչ է նշանակում Արդարադատութեան միջազգային դատարանի յուլիսի 6-ի որոշումը Քաշաթաղի (Լաչին) միջանցքում ադրբեջանական անցակէտ տեղադրելու մասին Հայաստանի յայտարարութեան վերաբերեալ։
1. Դատարանը հաստատել է 2023 թուականի փետրուարի 22-ի որոշումը, որով Ադրբեջանին պարտաւորեցրել է ձեռնարկել բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղութիւններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների անխափան տեղաշարժն ապահովելու համար։ Այս հաստատումն արդէն իսկ նշանակում է դատարանի դիրքորոշումը, որ Ադրբեջանը չի կատարել այդ որոշումը եւ պարտաւոր է կատարել այն։
2. Դատարանը համարել է, որ 2023 թուականի փետրուարի 22-ի վճիռը լրացնելու անհրաժեշտութիւն չկայ։ Այսինքն՝ ենթադրւում է, որ դատարանը չի որոշել խորանալ տարբեր քաղաքական եւ տեխնիկական կէտէրի մէջ: Ամէն դէպքում, այս որոշման մանրամասները հնարաւոր կը լինի պարզ հասկանալ մի քանի օրից, երբ այն հրապարակուի։
3. Ակնյայտ է, որ այս որոշումը չի նշանակում ադրբեջանական ապօրինի անցակէտի օրինականացում, բայց կարող է ունենալ նաեւ հակասական մեկնաբանութիւն, քանի որ հաստատում է խախտուած երթեւեկութեան առկայութիւնը։ Ինչ միջոցներով է ադրբեջանական կողմը խախտում երթեւեկութիւնը (անցակէտ, բանակ, բետօնապատնէշներ, ահաբեկիչներ), դատարանը սրան չի անդրադարձել։
Մնում է, որ միջազգային հանրութիւնը (առաջին հերթին ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը) համապարփակ եւ հրատապ միջոցներ ձեռնարկի փետրուարի 22-ի վճիռը պատշաճ կերպով իրականացնելու համար՝ յատկապէս յունիսի 15-ից մարդասիրական մատակարարումների ամբողջական դադարեցման համատեքստում։