Միջազգային հանրութեանը պէտք է բարձրացնի նշաձողը

Միջազգային հանրութեանը պէտք է բարձրացնի նշաձողը

Արցախահայութեան կոչը

աշխարհասփիւռ հայրենակիցներին եւ միջազգային կառոյցներին

Միջազգային հանրութեանը պէտք է բարձրացնի նշաձողը

Լրանում է 20-րդ դարի առաջին ցեղասպանութեան 107-րդ տարելիցը: Այդ ողբերգական ժամանակներից անցել է աւելի քան մէկ դար, մինչդեռ միջազգային հանրութիւնը ամբողջովին չի դատապարտել այդ ոճրագործութիւնը, անաչառ իրաւական գնահատական չի տւել այդ իրադարձութիւններին` անպատիժ թողնելով յանցագործութիւն իրականացնողներին:

Վերջին յիսուն տարիներին երեսունից աւելի երկրներ ճանաչել են 1915-22թթ. Արեւմտեան Հայաստանում կատարւած ոճրագործութիւնները` որպէս ցեղասպանութիւն` ճանապարհ բացելով պատմական արդարութեան հաստատման համար, սակայն այդ ամէնը բաւարար չէ, որպէսզի կասեցւեն մեր օրերում աշխարհի տարբեր անկիւններում մարդկութեան դէմ սանձազերծւող ռասիստական յանցագործութիւնները: Անպատժելիութիւնը պատճառ է դարձել, որ այսօր եւս շարունակւեն հայութեանը հայրենազրկելու պանթուրքիստական ծրագրերը:

2020թ. սեպտեմբերին Թուրքիայի հովանաւորութեամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետութեան դէմ սանձազերծւած 44-օրեայ պատերազմը Հարաւային Կովկասում հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանութիւնը շարունակելու միտում ունեցող նախայարձակ գործողութիւն էր: Հազարաւոր հայորդիների կեանքի գնով, ծանր տարածքային կորուստներ կրելով, Հայոց Բանակի անձնուրաց ջանքերի շնորհիւ, ինչպէս նաեւ Ռուսաստանի Դաշնութեան միջնորդութեամբ յաջողւել է կասեցնել հայ ժողովրդի հանդէպ նոր ոճրագործութեան իրագործումը:

Սակայն սահմանային սադրանքների շարունակումն ու հայկական պատմամշակութային արժէքները ոչնչացնելու մոլագար ցանկութիւնը վկայում են ցեղասպան պետութիւնների կողմից այդ քաղաքականութիւնը շարունակելու նկրտումների մասին: Դա այն նոյն ձեռագիրն է, ինչ Թուրքիան տարիներ շարունակ կիրառել է Արեւմտեան Հայաստանում: Ստեղծւած իրավիճակում Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւնները պարտաւոր են պետական մակարդակով հակադարձել հակահայկական սպառնալիքներին եւ հաւատարիմ մնալ հայկական զոյգ պետութիւնների կազմաւորումն ազդարարող հռչակագրերում ամրագրւած իրաւաքաղաքական սկզբունքներին` վերահաստատելով հայկական Սփիւռքի հետ միասնական պահանջատիրութիւնը:

Այսօր` 2022թ. ապրիլի 23-ին, Ստեփանակերտում կազմակերպւած Հայոց Ցեղասպանութեան զոհերի ոգեկոչման համար ջահերով երթի բոլոր մասնակիցներս կոչով դիմում ենք միջազգային հանրութեանը` բարձրացնել «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխարգելելու եւ պատժելու մասին» միջազգային կոնւենցիայի պահանջների կատարման նշաձողը, չդաւաճանել համամարդկային արժէքներ կրող Արցախի ժողովրդին, եւ զգուշացնում, որ Արցախի դէմ ոճրագործութիւններն անպատիժ թողնելը առիթ է դառնալու աշխարհի տարբեր անկիւններում մարդկութեան դէմ նոր ոճրագործութիւնների իրականացմանը:

Share