Էլինար Վարդանեան
Հայաստան խմբակցութեան պատգամաւոր
Երկար էի մտածում, արդո՞ք պէտք է կրկին խօսել կալանքի, որպէս սպառնալիք, իսկ առաւել յաճախ ցուցադրաբար որպէս պատժիչ գործիք, կիրառելու արդէն օրինաչափ դարձած մօտեցման եւ ռիսկերի մասին։ Շուրջ հինգ տարի է ես անընդհատ փորձում եմ մարդկանց ահազանգել կալանքը ֆետիշացնելու անթոյլատրելիութեան, այս խնդրին անտարբեր չմնալու մասին։ Խոսում եմ այն մասին, որ կալանքը կամայականօրէն կիրառելը լուրջ ռիսկեր է պարունակում ոչ միայն քաղաքական պատուէրների շրջանակներում յարուցուող գործերով, այլ հողմապտոյտի նման կլանելու է եւ արդէն կլանում է նաեւ կողքից նաեօղներին։
Իհարկէ, լռելը հեշտ է, աւելի ապահով։ Բայց լռելը քեզ շատ յաճախ դարձնում է մասնակից՝ կատարուող անօրինականութիւններին։ Որեւէ մէկը թող չկարծի, որ եթէ ինքն այսօր չկայ դատաիրաւական պրոցեսում, վաղն այդ պրոցեսները իրեն չէն առնչուելու: Եթէ մէկն այսօր կողքից է հետեւում այլոց հանդէպ կատարուող անարդարութիւններին եւ դատաիրաւական ռեպրեսիւ մեքենային, ապա դա խիստ ժամանակաւոր կոմֆորտ է։ Ռեպրեսիւ համակարգի ձեւաւորումն ունի խորը վտանգներ, որը բերում է իրաւական տեռորի, որի տակ յայտնուելու են բոլորը։
Մենք այսօրուայ հանգրուանին հասել ենք փուլերով։ 2018-ից սկիզբ առաւ հեռուստատեսային արդարադատութիւնը։ Հետոյ եկաւ դատարանների վրայ բացայայտ ճնշումների փուլը, յետոյ՝ մէկ մարդու ցանկութեամբ չառաջնորդուող դատաւորներին ցուցադրական պատժելու, իսկ ենթարկուողներին խրախուսելու փուլը։
Այս փուլերը զուգորդւում էին ասֆալտին փռելու շոուներով եւ անընդհատ երկարացուող կալանքներով։ Հարիւրաւոր մարդիկ անցան կալանքի անկառավարելի տեռորի յորձանուտով։ Իսկ Արմէն Գրիգորեանի դէպքում նրան պարզապէս «սպանեց» հայկական արդարադատութիւնը։
Հիմա լրիւ այլ փուլ է. բուռն համատարած կալանքների փուլ։ Այս պահին ցուցադրական կալանքի տակ են Արմէն Աշոտեանը, Նարեկ Մալեանը, Մամիկոն Ասլանեանը եւ ուրիշներ։
Կազմաքանդուած հասարակութիւնը չկարողացաւ կանխարգելել, չհասցրեց, անտարբեր եղաւ, առաջնորդուեց «մէզ բան չլինի՝ մնացածի վրայ աչք փակէնք» սկզբունքով։ Ընդամէնը տասն օր առաջ ցուցադրաբար կալանաւորուած անչափահաս երեխաներ ունեցող Ալէն Սիմոնեանի եղբօր կնոջ կալանքը, կրծքով կերակրող «Սիներջի» ընկերութեան աշխատակիցուհու կալանքն անթոյլատրելի էր եւ շատ կարեւոր էր դատախազի որոշմամբ վերջիններիս խափանման միջոցի փոփոխութիւնը։ Բայց եթէ այդ նոյն կանայք անտարբեր չլինէին ֆեյսբուքեան գրառման համար երկու անչափահաս երեխաների մայր Տաթեւիկ Վիրաբեանի կալանքի նկատմամբ, եթէ Տաթեւիկի կալանքի հանդէպ անտարբեր չլինէր իրենց գործընկերոջ համար արդարացիօրէն բողոքօղ ՏՏ ոլորտի հանրոյթը, միգուցէ իրավիճակն այլ լինէր։ Այլ իրավիճակ կը լինէր, եթէ ԱԺ քպ-ական 65 պատգամաւոր ընտրողաբար անձնական երաշխաւորութիւն չտար, այլ անհանդուրժող լինէր հարիւրաւոր անհիմն կալանքների դէպքում, բոլոր անհիմն կալանքների դէպքում, ոչ միայն իւրայինների։
Վաղը ռեպրեսիան կարող է թակել իւրաքանչիւր «ես քաղաքականութեամբ չեմ զբաղւում», «մի քաղաքականացրեք» ասողի դուռը։ Ռեպրեսիան սիրում է հանրային տեսարաններ, նրան օրինական ընթացակարգ եւ խնդրի օրինական լուծում պէտք չէ, պէտք է աղմուկ եւ արիւն։ Հայկական արդարադատութիւնը վերածուել է ինկուիզիցիայի մեր ժամանակներին ադապտացուած տարբերակի։
Երկար մտածելուց յետոյ մնում եմ իմ համոզմունքին, որ անկախ քաղաքական նախընտրութիւններից, պէտք է ընդվզել ռեպրեսիայի այս դրսեւորման դէմ, պաշտպանել մարդուն, քաղաքացուն, դուրս գալ քաղաքացիական կեանքի այս ճգնաժամից։ Այս ճանապարհին համագործակցութիւնը խիստ կարեւոր է։
Հ.Գ. Դատական դէպարտամենտի կողմից պատրաստուած խայտառակ տեսանիւթը եկաւ հաստատելու իմ անհանգստութիւնները։ Հաստատւում է իմ մեծ մտավախութիւնը, որ «գոհ չեմ իրաւապահների արդիւնքներից» թեզը դառնալու է այն հրէշաւոր մօտիւիացիան, որը դրդելու է իրաւապահներին գործել պլանի տրամաբանութեամբ։ Ցոյց տալ շեֆերին, որ պլանը կատարւում է, անցնել իրաւունքի, իրականութեան վրայով։ Իսկ լաւ չծառայողներն, իհարկէ, կպատժուէն։
Հ.Գ.Գ. Այս քաոսային փուլում, երբ մեր հասարակութիւնն ապրում է խորը անորոշութեան վիճակում, կորցրել է հայրենիքը, կրել է պատերազմի զրկանքներն ու պարտութեան կորուստներ, յաճախ մեր տեսադաշտից դուրս են մնում սովորական մարդու խնդիրները՝ անյատական կամ խմբային։ Այսուհետ անդրադառնալու եմ բոլոր այն խնդիրներին, որի առանցքում մարդն է։ Որեւէ մէկը չպէտք է մնա միայնակ իր խնդիրների հետ։
Էլինար Վարդանեանի մասին
Ծնուել է 1978թ. նոյեմբերի 18-ին Երեւանում:
2000թ. աւարտել է Երեւանի դատական փորձաքննութիւնների ինստիտուտը: 2008թ.` ՀՀ ԳԱԱ փիլիսոփայութեան, սոցիոլոգիայի եւ իրաւունքի ինստիտուտի ասպիրանտուրան: Իրաւագէտ-փորձագէտ:
2000-2002թթ. դասաւանդել է Երեւանի դատական փորձաքննութիւնների ինստիտուտում, 2005-2007թթ.` Հիւսիսային համալսարանում: 2002-2004թթ. եղել է «Հասարակական երկխօսութեան եւ զարգացումների կենտրոն» ՀԿ ծրագրերի համակարգող, 2004-2008թթ.՝ գործադիր տնօրէն: 2005-2009թթ.` «Էլեկտրաապարատ» ԲԲԸ իրաւախորհրդատու, 2008-2012թթ.` «Առաջին հիփոթեքային ընկերութիւն» ունդիւերսալ վարկային կազմակերպութեան իրաւախորհրդատու: 2009-2012թթ.՝ «Միջազգային խորհրդատուական խումբ» ՓԲԸ տնօրէն: 2015 թուականից դասաւանդում է Հիւսիսային համալսարանում:
2001 թուականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է, փաստաբան:
2017 թուականից՝ «Այլընտրանքային նախագծեր խումբ» ՀԿ համահիմնադիր անդամ:
2012-2017թթ.՝ ԱԺ պատգամաւոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): ԱԺ մարդու իրաւունքների պաշտպանութեան եւ հանրային հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ: «Բարգաւաճ Հայաստան» խմբակցութեան անդամ:
2021թ. յունիսի 20-ին ԱԺ պատգամաւոր է ընտրուել «Հայաստան» կուսակցութիւնների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
Անկուսակցական է: Գիտական մի շարք յօդուածների հեղինակ է: Ամուսնացած է, ունի երկու զաւակներ: