Արցախի Հանրապետութեան Մարդու իրաւունքների պաշտպանը մայիսի 11-ին հրապարակել է արտահերթ եռալեզու զեկոյցի թարմացուած տարբերակը՝ Ադրբեջանի կողմից Արցախի հինգ ամսուայ (150-օրեայ) շրջափակման հետեւանքով մարդու անյատական եւ հաւաքական իրաւունքների խախտումների մասին:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին յայտնում են Արցախի ՄԻՊ-ից:
Զեկոյցում համապարփակ ու մանրամասն կերպով ներկայացուում են 7 անհատական իրաւունքների, 5 խոցելի խմբերի և 4 հաւաքական իրաւունքների խախտումների վերաբերեալ տուեալներ, որոնք արտացոլում են խորացող հումանիտար ճգնաժամը և Արցախի ժողովրդի դէմ իրականացուող ադրբեջանական ցեղասպանական քաղաքականութիւնը:
Ստորև ներկայացնում ենք զեկոյցում արտացոլուած մի քանի հիմնական տուեալ շրջափակման հետևանքով մարդու իրաւունքների խախտումների վերաբերեալ՝
• Ստեփանակերտ-Գորիս մայրուղով (Լաչինի միջանցքով) մարդկանց երկկողմանի տեղաշարժի դէպքերը նուազել են շուրջ 200 անգամ (367,500-ի փոխարէն՝ 1,839 մուտք և ելք).
• Ճանապարհով գրեթէ 54 անգամ աւելի քիչ մեքենայի շարժ է արձանագրուել, քան պէտք է լիներ առանց շրջափակման (138,000-ի փոխարէն՝ 2,558 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից).
• Շուրջ 13 անգամ աւելի քիչ կենսական նշանակութեան բեռ է ներկրուել, քան իրականում պէտք է լիներ (60,000 տոննայի փոխարէն՝ 4,623 տոննա).
• Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3,900 անձինք, ներառեալ՝ 570 երեխայ.
• Պլանային վիրահատութիւնների դադարեցման պատճառով մօտ 1200 քաղաքացի զրկուել է վիրահատուելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարաւորութիւնից.
• Ադրբեջանը հանրագումարային 85 օր շարունակ լրիւութեամբ կամ մասնակիօրէն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը.
• Արդէն 121 օր շարունակ լրիւութեամբ խաթարուած է Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը, ինչը շարունակում է հանգեցնել հովհարային և վթարային անջատումների.
• Փաստացի աշխատանքը և եկամտի աղբիւրը կորցրել է նախնական հաշուարկներով շուրջ 10,900 մարդ.
• Երկրի տնտեսութեանը հասցուել է շուրջ 285 մլն ԱՄՆ դոլարի վնաս.
• Մի շարք իրաւունքների խախտումներ աւելի սուր են արտայայտուում խոցելի խմբերի ներկայացուցիչների շրջանում, մասնաւորապէս՝ 30,000 երեխայ, 9,000 հաշմանդամութիւն ունեցող անձ, 20,000 տարեց, 60,000 իգական սեռի ներկայացուցիչ (կին և աղջիկ) և 15,000 տեղահանուած անձ:
Ի լրումն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան դրոյթների շարունակական ու բազմակի խախտումների՝ 80 օր շարունակ չիրագործելով նաև ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանի պարտադիր կատարման որոշումը՝ Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների ու բեռների անխափան ելքի և մուտքի ապահովման վերաբերեալ՝ Ադրբեջանը հերթական անգամ ոտնահարել է միջազգային բարձրագոյն արժէքներն ու սկզբունքները: Աւելին, դրանից յետոյ ադրբեջանական կողմը դիմել է ագրեսիվ գործողութիւնների՝ հանգեցնելով մարդկային կորուստների և այլ զրկանքների Արցախի ժողովրդի շրջանում, իսկ 2023 թուականի ապրիլի 23-ից անօրինական անցակէտ է տեղադրել Հակարի գետի կամրջի մօտ: Միջազգային հանրութիւնը ոչ միայն իրաւունք, այլև անառարկելի պարտաւորութիւն ունի օր առաջ գործնական միջոցներով կատարելու միջազգային բարձրագոյն դատարանի որոշումը և կանխելու ադրբեջանական յետագայ յանցագործութիւնները։
Արցախի ժողովրդի դէմ տեղի ունեցող ադրբեջանական բոլոր իրաւախախտումները կատարուում են ռասայական խտրականութեան (յայատյացութեան) պետական քաղաքականութեան շրջանակներում և խորքային առումով ուղղուած են նրա ինքնորոշման իրաւունքի և դրա իրացման փաստի դէմ՝ նպատակ ունենալով էթնիկ զտման միջոցով իր օգտին վերջնականապէս փակել հակամարտութեան էջը՝ «չկայ ժողովուրդ, չկայ իրաւունք» տրամաբանութեամբ:
Ադրբեջանի կողմից համակարգային և հետևողականօրէն իրականացուող էթնիկ ատելութեան քաղաքականութիւնը, որը դրսևորուել է ինչպէս Արցախի ժողովրդի դէմ սանձազերծուած ագրեսիաների ընթացքում, այդպէս էլ հրադադարի հաստատումից յետոյ, անառարկելիօրէն փաստում են, որ Ադրբեջանի կազմում Արցախի ցանկացած կարգավիճակ հաւասարազօր է Արցախի էթնիկ զտման և Արցախի հայութեան ցեղասպանութեան։ Ուստի, արցախեան հակամարտութեան համատեքստում ինքնորոշման իրաւունքը հաւասար է իրենց հայրենիքում մարդկանց ապրելու իրաւունքին։
Արցախի ժողովրդի ինքնորոշման հիմնարար իրաւունքը և նրա ֆիզիկական գոյութեան դէմ ադրբեջանական ռասայական խտրականութեան հիմքով կատարուած ոտնձգութիւններն ու սպառնալիքները առաւել քան բաւարար հիմքեր են միջազգային հանրութեան կողմից Արցախի ժողովրդի պաշտպանութեան և Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման համար՝ «ճանաչում յանուն փրկութեան» սկզբունքի հիման վրայ:
Զեկոյցին հնարաւոր է ծանօթանալ այստեղ` https://artsakhombuds.am/hy/document/1022: