Իշխանութիւնը հաշուեյարդար է տեսնում. պատերազմի պարտութեան պատասխանատուութիւնն ուզում են գցել գեներալների վրայ․«ՀայաՔուէ»
ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրեանի ձերբակալումը եւ կալանաւորման ներկայացնելը Հայաստանի գործող վարչախմբի կողմից հերթական քաղաքական հաշուեյարդարի դրսեւորումն է։ Այս մասին յայտարարութիւն է տարածել «ՀայաՔուէ» ազգային քաղաքացիական միաւորման խորհուրդը:
«Գաղտնիք չէ, որ գործող վարչախումբը գենետիկ ատելութիւն ունի Հաեօց բանակի, նրա արժանաւոր սպաների ու գեներալների նկատմամբ։ Տիրան Խաչատրեանին ներկայացուող մեղադրանքն առնչւում է 44-օրեայ պատերազմի հանգամանքներին, մինչդեռ նրան հերոսի կոչում շնորհուել է հէնց 44-օրեայ պատերազմի ժամանակ ցուցաբերած խիզախութեան ու ռազմական արժանիքների համար։
Այս հաշուեյարդարի միջոցով գործող վարչախումբը նախ՝ ցանկանում է պայմանաւորուած պատերազմում պարտութեան ողջ պատասխանատուութիւնն իր վրայից գցել հաեօց բանակի, նրա արժանաւոր սպաների ու գեներալների վրայ, երկրորդ՝ ձգտում է չէզոքացնել մարտական ուղի անցած, հմուտ ու արժանապատիւ ռազմական գործիչներին եւ թուլացնել պետութեան դիմադրողականութիւնը՝ իր գործընկեր Բաքուի բռնապետական վարչախմբին առաջիկայում կատարելիք նոր զիջումներին ընդառաջ։
«ՀայաՔուէ» ազգային քաղաքացիական միաւորումը խստիւ դատապարտում է գործող վարչախմբի կողմից քաղաքական հետապնդման այս դրսեւորումը, պահանջում անյապաղ ազատ արձակել Տիրան Խաչատրեանին եւ դադարեցնել նրա դէմ կեղծ մեղադրանքներով յարուցուած քրէական գործը»,-ասւում է յայտարարութիւնում։