Արցախի կառավարութիւնը պէտք է պահուի Հայաստանում՝ ապագայի համար․ Վահրամ Բալայան

Արցախի կառավարութիւնը պէտք է պահուի Հայաստանում՝ ապագայի համար․ Վահրամ Բալայան

Արցախի կառավարութիւնը պէտք է պահուի Հայաստանում՝ ապագայի համար, կարծում եմ՝ յանձնուելը սխալ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրոյցում ասաց Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Վահրամ Բալայանը։

«Ապագայի համար դա պէտք է, որովհետեւ կարծում եմ՝ յանձնուելը սխալ է։ Ի վերջոյ ես կարծում եմ՝ միջազգային ատեանների, տարբեր գործընկերների հետ պէտք է տարուէն աշխատանքներ, որովհետեւ երկիրը բռնազաւթուել է, ժողովրդի նկատմամբ ցեղասպանական գործողութիւններ են կատարուել, եւ պէտք է լինի մի մարմինը, որը կարողանայ այդ ամէնը ներկայացնել իրաւական հարթութեան մէջ եւ փորձել արցախահայութեան իրաւունքները պաշտպանել։ Դուք տեսնում եք ռազմաքաղաքական զարգացումները տարածաշրջանում ու հարակից շրջաններում, ամէն ինչ բաւականին ակտիւ է ընթանում ու ամէն պահի կարող է նոր իրավիճակ ստեղծուել, մէզ համար կարող է շահեկան իրավիճակ ստեղծուել, եւ պէտք է այդ ամէնին ինչ-որ կերպ պատրաստ լինել։ Դա նաեւ թոյլ կը տայ արցախահայութեան հետ կապուած, մասնաւորապէս, սոցիալական հարցերը լուծել, Հայաստանում ինտեգրուելու, արցախահայութեան հաւաքականութիւնը պահելու համար»,- ընդգծեց

Վահրամ Բալայանը։

Անդրադառնալով Արցախի նախագահ Սամուել Շահրամանեանի կողմից Արցախի Հանրապետութեան գոյութեան դադարեցման մասին հրամանագիրը չեղարկելու մասին յայտարարութիւններին՝ Բալայանն ասաց, որ հրամանագիրը իրաւական տեսանկիւնից ուժ չունի․ «Այդպիսի հրամանագիր լինել չի կարող։ Այն չունի իրաւական հէնք։ Իհարկէ հնարաւոր է Սահմանադրական դատարան դիմել՝ հրամանագրի սահմանադրականութեան հարցով։ Այդ հարցի շուրջ քննարկումները պէտք է երկար ու կշռադատուած լինէն»։

Անդրադառնալով այն դիտարկմանը Արցախի ընդդիմութիւնն է ընտրել Շահրամանեանին նախագահի պաշտօնում, եւ դրանով է պայմանաւորուած որ մինչեւ հիմա հրամանագիրը առոչինչ ճանաչելուն ուղղուած քայլեր չէն ձեռնարկում, պատգամաւորն արձագանքեց․

«Երբ Սամուել Շահրամանեանը նախագահ է ընտրուել, նա նաեւ նախընտրական մի փոքր ծրագիր էր ներկայացրել, որի հիմքում Արցախի անվտանգութիւնն ու ինքնորոշման իրաւունքի պաշտպանութիւնն էր։ Ձայն տուողներն ի՞նչ տրամաբանութեամբ կարող էին տրամադրուած լինել, որ այսպիսի բան լինէր, այսինքն՝ նպատակն այն է եղել, որ հնարաւորինս եղածը օգտագործել, շարունակել պահպանել Արցախի Հանրապետութիւնը։ Հրամանագիրը իմ քննարկման հարցը չէ, կարծում եմ՝ դա պէտք է ստորագրողները ներկայացնեն, թէ ինչ պայմաններում է դա եղել, չնայած որոշակի ենթադրութիւններ կարելի է անել, չնայած, որ ակնյայտ էր ադրբեջանաթուրքական կոալիցիայի կողմից Արցախի վրայ ճնշումները։ Այդ ամէնին դիմակայելը բարդ էր, եւ աշխարհն էլ լուռ էր, երկիրն էլ 9 ամիս շրջափակման մէջ էր, ծանր կացութեան մէջ էր բոլոր առումներով, Ստեփանակերտից որտեղ նայում էիր ադրբեջանական դրօշ էր, պատճառները շատ են»։

Վահրամ Բալայանի խօսքով՝  ՀՅԴ-ի համար սպասելի չէր նման բովանդակութեամբ հրամանագիրը․ «Եթէ սպասելի լինէր ԱՀ ԱԺ նախագահը դաշնակցական էր, եւ Ադրբեջանն անընդհատ պահանջում էր Արցախի պետական մարմինների լուծարում, այսինքն՝ եթէ նման տրամադրութիւններ լինէր, ապա ԱԺ-ն նման որոշում կը կայացներ, ինքը կինքնալուծարուեր, հէնց օրինակ՝ ԱԺ նախագահը ասում էր՝ նման բան լինել չէր կարող, դա մերժւում էր»։

news.am

Share