Վրաստանի իշխանութիւնները փորձում են ժողովրդին հասկացնել՝ դէպի ԵՄ պէտք է գնալ արժանապատուութեամբ․ Արթուր Միրզոյեան

Վրաստանի իշխանութիւնները փորձում են ժողովրդին հասկացնել՝ դէպի ԵՄ պէտք է գնալ արժանապատուութեամբ․ Արթուր Միրզոյեան



«Հայկական կարուսել» տէրմինը քաղաքական տէրմին չէ, քանի որ նման հասկացողութիւն չկայ:Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է «Վրաստանի հայ համայնք» ՀԿ նախագահ Արթուր Միրզոյեանը:

««Հայկական կարուսել» տէրմինը, ինչքան յիշում եմ, դեռ 2012 թ-ին շրջանառւում էր, բայց այն լռիւ այլ կերպ էր ընկալւում ժողովրդի կողմից: Այն քաղաքական տէրմին չէ, քանի որ նման հասկացողութիւն չկայ, եւ Հայաստանում էլ տեղեակ չէն դրանից: Ճիշտ է, այն Վրաստանում կիրառելի է, բայց այս պարագայում կդժուարանամ ասել, թէ Վրաստանի նախագահնինչու դա կիրառեց»,- նշել է Միրզոյեանը:

Խոսելով Վրաստանում օրերս տեղի ունեցած ընտրութիւնների եւ ընդդիմութեան ցոյց մասին՝ նա ընդգծել է.

«Մինչ ընտրութիւնները արդէն պարզ էր, որ եթէ իշխանութիւնը՝ «Վրացական երազանք»-ը յաղթի, ընդդիմութիւնը չի ընդունելու դա, իսկ իշխանութիւնն էլ վստահ էր, որ իրենք յաղթելու են: Եւ մինչ ընտրութիւնների արդիւնքները յայտնելը պարզ էր, որ ընդդիմութիւնը չի համակերպուելու արդիւնքների հետ: Հետեւաբար, կարծում եմ, որ սա դեռ վերջը չէ, եւ ընդհակառակը՝ սա ինչ-որ բանի սկիզբն է»:

Անդրադառնալով Եւրայանձնաժողովի յայտարարութիւնը, թէ պէտք չէ շտապել Վրաստանի հետ անդամակցութեան շուրջ բանակցութիւնների նոր փուլ սկսել՝ Միրզոյեանը նշել է, որ իշխանութիւնները սպասում էին դրան:

«Ներկայ իշխանութիւններն իրենց յարաբերութիւնները լարեցին Արեւմուտքի հետ, երբ ընդունեցին օտար երկրի գործակալի վերաբերեալ օրէնքը: Եւրայանձնաժողովի յայտարարութիւնը, թէ պէտք չէ շտապել Վրաստանի հետ անդամակցութեան շուրջ բանակցութիւնների նոր փուլ սկսել, իշխանութիւնների համար նորութիւն չէր, նրանք սպասում էին դրան: Իշխանութիւնները հէնց դա են իրենց ժողովրդին համոզում, բացատրում, որ գնալ դէպի Եւրոպայ, Եւրամիութիւն, բայց գլուխներս բարձր, ու հէնց դա է իրենց կարգախօսը՝ արժանապատուութեամբ դէպի Եւրոպայ: Նրանք նշում են, որ չէն ուզում դառնալ երկրորդ ճակատ, ու փորձում են ժողովրդին դա հասկացնել»,- եզրափակել է Միրզոյեանը:

Share