Տեղի է ունեցել Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան հարցերով յանձնախմբի ամբողջական կազմով նիստը

Տեղի է ունեցել Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան հարցերով յանձնախմբի ամբողջական կազմով նիստը

Հոկտեմբերի 18-20-ը Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան հարցերով յանձնախումբն ամբողջական կազմով հանդիպել է Երեւանում։ Յանձնախումբը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետութեան նախագահ Սամուել Շահրամանեանի, ԱՀ Ազգային ժողովի պատգամաւորների, Արցախի թեմի առաջնորդի, ինչպէս նաեւ այցելել է Մայր աթոռ եւ հանդիպել Ամենայն Հաեօց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ։

Հանդիպումների ընթացքում տեղեկութիւններ է փոխանցել իրականացուած աշխատանքների եւ ապագայ անելիքների վերաբերեալ։

Եռօրեայ աշխատանքի եւ հանդիպումների ընթացքում յանձնախումբը, կարեւորելով նախորդիւ իրականացուած աշխատանքը, գոհունակութեամբ ընդգծել է, որ Արցախի ժողովրդի հաւաքական, անվտանգ եւ արժանապատիւ վերադարձի իրաւունքի հարցը տարբեր ձեւաչափերով բարձրաձայնուել եւ արձանագրուել է մի շարք պետութիւնների եւ միջազգային կառոյցների յայտարարութիւններում։ Այս հանգամանքը հիմք է ստեղծում յանձնախմբի գործունէութեան երկրորդ փուլի մեկնարկի համար, որը միտուած է ամրագրելու եւ զարգացնելու արձանագրուած արդիւնքը եւ ջանքեր գործադրելու վերադարձի իրաւունքի շուրջ քննարկումների համար անհրաժեշտ միջազգային բանակցային ձեւաչափի ստեղծման ուղղութեամբ։

Յանձնախմբի կողմից քննարկուել են առաջիկայ վեց ամիսներին իրականացուելիք աշխատանքները, որոնք ներառում են Արցախում հայկական պատմամշակութային ժառանգութեան պահպանութեան, հանրային եւ մասնաւոր գոյքի պաշտպանութեան, Բաքւում ապօրինաբար պահուող հայ ռազմագերիների եւ պատանդների վերադարձիեւ Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան տեսանկիւնից կենսական կարեւորութեան այլ ուղղութիւններ։

Սոյն հարցերի ուղղութեամբ համադրուած գործելու անհրաժեշտութեան օրակարգով Յանձնախմբի եւ «Հայաքուէ» նախաձեռնութեան կողմից կազմակերպուել է կլոր սեղան-քննարկում որին մասնակցութիւն են ունեցել Հայաստանի եւ Արցախի քաղաքական, հասարակական, դիւանագիտական եւ վերլուծական շրջանակների չորս տասնեակից աւել մասնակիցներ։ Յանձնախումբը վերահաստատել է վերոնշեալ նպատակներին հասնելու ուղղութեամբ բոլոր շահագրգիռ կազմակերպութիւնների եւ անհատների հետ համագործակցութեան իր պատրաստակամութիւնը։ Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան յանձնախումբը ստեղծուել եւ լիազօրուել է Արցախի խորհրդարանի 2023 թուականի դեկտեմբերի 2-ի որոշմամբ։

Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան հարցերով յանձնախումբ

Share