Այսօր Թեհրանում որոշուելու է Հայաստանի եւ Հայ ժողովրդի ճակատագիրը.
Թեհրանում հանդիպելու են Իրանի, Ռուսատանի եւ Թուրքիայի նախագահները, իսկ մինչ այդ Հայաստան էին ժամանել ԱՄՆ, Իրանի եւ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայութիւնների ղեկավարները:
Իրանը յայտարարեց, որ արդէն պատրաստ է միջուկային զէնքի պատրստման, ունի բոլոր անհրաժեշտ տեխնոլոգիաները:
Ադրբեջանը ԵՄ հետ հաստատում է ռազմավարական էներգէտիկ համագործակցոթիւն՝ պարտաւորուելով աւելացներ Եւրոպայ արտահանուող նաւթի եւ գազի ծաւալները՝ դրանով իսկ նուազեցնելով Եւրոպայի էներգէտիկ կախուածութիւնը Մոսկուայից: Յայտարարուեց նաեւ ԵՄ հետ առաջիկայ ամիսներին ռազմավարական գործընկերութեան մասին համաձայնագիր ստորագրելու նպատակների մասին:
Շարունակւում է Թուրքիայի ու Ադրբեջանի նկրտումները Սիւնիքի եւ Հայաստանի այլ տարածքների ու ենթակառուցուածքների նկատմամբ՝ համարելով այս պահը պատմական հնարաւորութիւն հայկական հարցը վերջնականապէս լուծելու եւ տարածաշրջանը հայերից մաքրելու համար:
Նշուած բոլոր փաստերը վկայում են այն մասին, որ այս պահին որոշւում է Հարաւային կովկասում ուժերի յարաբերակցութեան հարցն ու Հայաստանի ճակատագիրը, որտեղ մենք ոչ թէ սեղանի շուրջ ենք, այլ սեղանի վրայ:
Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակների վերջնական իրականացմանը խոչընդոտում է միայն տարածաշրջանում դեռեւս կարեւոր մնացած ռուսական գործոնը կամ որ նոյնն է Արցախում եւ Հայաստանում ռուսական զինուած ուժերի առկայութիւնը:
Ռուսաստանի տարածաշրջանային ազդեցութիւնը չէզոքացնելու հարցում համընկել են ԱՄՆ, ԵՄ, Միացեալ Թագաւորութեան, Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը, ինչին հակադրւում են Ռուսաստանի եւ Իրանի շահերը:
Ոչ Ռուսաստանը, ոչ Իրանը պատրաստ չէն զիջել, ինչի ապացոյցը Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայութեան ղեկավար Նարիշկինի Երեւանում արուած յայտարարութիւնն ու Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցութեան մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումն է:
Եթէ նկատեցիք, Հայաստանի շահերի մասին ոչինչ չասուեց, քանի որ սեղանի վրայ գտնուող միաւորը գործընթացների սուբյեկտ չի կարող լինել. այն հանդէս է գալիս օբյեկտի կարգավիճակում, իսկ Հայաստանի դէ-իւրէ իշխանութիւնները փաստացի գործում են թուրք-ադրբեջանական շահերի սպասարկման տիրոյթում:
Եթէ այսօր Թեհրանում երեք պետութիւնների ղեկավարներին չյաջողուի հաստատել նոր ստատուս-քուոյ, ապա պէտք է սպասել տարածաշրջանային նոր, շատ աւելի մեծ պատերազմի: Իսկ հաշուի առնելով այն հանգամանքը, որ կողմերը սահմանել են պահանջների ամենաբարձր նշաձողը եւ պատրաստ չէն զիջել, ապա մեծ հաւանականութեամբ նոր ստատուս քուոյ հաստատել չի յաջողուի:
Հ.Գ. Հերթական անգամ հաստատւում է աշխարհաքաղաքական աքսիոման. եթէ պատերազմի եւ խայտառակութեան մէջ ընտրում ես խայտառակութիւնը, ապա ստանում ես եւ՛ խայտառակութիւն, եւ՛ պատերազմ . . .