Ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատուամիջոցը, որը գործունէութիւն է ծաւալում Գերմանիայից, բացառիկ ձայնագրութիւն է հրապարակել, որտեղ մի շարք բացայայտումներ է արւում 44-օրեայ պատերազմի եւ դրանում ադրբեջանական զօրքերի խնդիրների վերաբերեալ։
Ձայնագրութիւնը պատկանում է 2020 թ. նոյեմբերի 23-ին օկուպացուած Մատաղիսում ականի վրայ պայթած ադրբեջանցի օկուպանտ, առաջին կորպուսի հրամանատարի տեղակալ Բաբեկ Սամիդլիին. ձայնագրութիւնն արուել է Սամիդլիի մահուանից օրեր առաջ։
Ադրբեջանցի բարձրաստիճան զինուորականը փաստում է, որ ադրբեջանական զօրքերն իրականում պատրաստ չէն էլ եղել 44-օրեայ պատերազմին, որ հայկական զօրքերն ունեցել են 30 տարուայ պաշտպանական համակարգ, անհրաժեշտ սպառազինութիւն եւ զինամթերք, հետեւաբար հայկական կողմի պարտութեան պատճառները պէտք է որոնել ոչ թէ ռազմի, այլ քաղաքական դաշտում։
Այս ձայնագրութիւնը կարեւոր է նաեւ հայ հասարակութեան մէջ սեփական բանակի նկատմամբ վստահութեան բարձրացման տեսանկիւնից՝ չնայած հայաստանեան իշխանութիւնների՝ բանակը քանդելուն եւ հեղինակազրկելուն ուղղուած շարունակական քայլերին։
Ստորեւ ներկայացնում ենք Yerkir.am-ի կողմից ձայնագրութեան թարգմանութիւնը (որոշակի կրճատումներով)։
«Պատրաստութիւն պատերազմին
Գեներալ-լեյտենանտ Այազ Հասանովը (պատերազմի ժամանակ Ադրբեջանի ԳՇ պետի տեղակալ, օպերատիւ վարչութեան պետ) մէզ շատ էր ճնշում։ Նա մէզ ստիպում էր, որ թշնամու վերաբերեալ ստացած տեղեկութիւնների քանակը քիչ ցոյց տանք։ Միայն թէ զեկուցէն Գերագոյն հրամանատարին, որ մենք (քանակային) գերակայութիւնը ապահովել ենք եւ պատրաստ ենք պատերազմի։ Սակայն կորպուսի հրամանատարներն ասացին, որ այ մարդ, մենք չենք կարող 140 տանկի դէմ 140 տանկով գնալ։ 140 տանկի դէմ ես պէտք է 250 տանկով գնամ։ Նրանք էլ ասում էին, որ քանակը քիչ ցոյց տանք։
Մեր հրամանատարն էլ չէր ցանկանում դա անել, սկսեցին (Հասանովը) նրան վիրաւորել. «Պամպերս հագիր դու, վախկոտ»։ Նա էլ ասում էր. «Ես վախկոտ չեմ, պրոֆէսիոնալ զինուորական եմ։ Ես եթէ յարձակւում եմ, պէտք է եռապատիկ առաւելութիւն ունենամ, որպէսզի զինուորներս շատ չմեռնէն»։ Ես 6 գումարտակով յարձակուել եմ 9 գումարտակի դէմ, բայց չպէտք է այդպէս լինէր։ Որովհետեւ կորուստ տալով թուլանում ես։ Թշնամին պաշտպանութեան է նստած եւ 30 տարուայ պաշտպանական համակարգ ունի։ Նրանք էլ մէզ ստիպում էին, որպէսզի օգոստոսին, Թւուզի դէպքերին (Տաւուշում յուլիսեան բախումներ), ՊՆ-ի հաղորդագրութիւններում թշնամու քանակը քիչ ցոյց տայինք։
Եթէ թուրքերը չգային… Թուրքերը եկան, նրանց ոչ մի բան չկարողացաւ ասել։ Ի՞նչ էր ասելու։ Բահթիեար փաշան (նկատի ունի Բահթիեար Էրսոյին՝ Ադրբեջանում թուրքական զօրակազմի հրամանտար, թուրքական ցամաքային զօրքերի օպերատիւ գծով հրամանատար, գեներալ-մայոր) կգնայ ու Էրդողանին կպատմի, նա էլ կասի, եղբայր, քեզ խաբում են, այդպէս չէ։ Նրանից յետոյ Բայրաքթարը (ԱԹՍ) եկաւ։ Բայրաքթարը չգար, առաւելութիւն չէինք կարողանայ ապահովեինք։ Յարձակման ժամանակ անյաջողութիւն կկրեինք։
Մոբիլիզացիայ
-Ինչպէս է անցել մոբիլիզացիան…
-Դրանք խայտառակ վիճակում են։ Ինչպէս արդէն ասացի, ցուցակներում ասւում էր, որ պէտք է զօրակոչուէն վերջին 3 տարում զօրացրուածները, ովքեր չէն մոռացել զէնք բռնել, կռուել։ Բայց նրանք բերեցին 2005, 2006, 2008 թ. զօրացրուածներին, զօրացրուել են 10-15 տարի առաջ։ Նրանք ոչինչ չէն յիշում ծառայութիւնից։ Նաեւ նրանց ֆիզիկական հնարաւորութիւններն են թուլացել, նրանք արդէն տարիքով են։ Ինձ (սեպտեմբերի) 21-ին (մոբիլիզացուած զօրք) բերեցին, 26-ի գիշերը յարձակման անցայ։ 5 օրում ինչ կարող էի սովորացնել զինուորին։ 5 օրում ինչ կը հասցնէի, նրանց ընդունեցի, հագցրեցի, զէնք տուեցի։ Չկարողացայ ոչ մի պատրաստութիւն անցկացնել։ Բայց եթէ նրանց ինձ տային 10-15 օր առաջ, ես նրանց կպատրաստէի կռուի, պատերազմը 44 օր չէր տեւի, 20 օրում կովերջանար։ Պատէրազմի ամէն օրը երկրին միլիարդաւոր դոլարներ են արժեցել։ Ամէն օր։ Ինչքան պատերազմը երկարում էր, մեր տնտեսութիւնը տուժում էր։
44 օր
-Ինչու 44 օր տեւեց։
-Գլխաւոր պատճառներից մէկը հրետանային կրակի գերակայութիւնն էր։ Թշնամու մօտ էր այն։ Որովհետեւ մենք շատ Դ30-Դ44 ունէինք, դրանք 15 կմ էին խփում։ Բայց թշնամին ունէր Դ20, որը 30 կմ էր խփում։ Ինձնից թնդանօթները 15 կմ առաջ էր տեղակայում, ես արկը լիցքաւորում ու չէի կարողանում նրան խփել, իսկ ինքը ինձնիցն 15 կմ հետ էր խփում։ Իմ դիւիզիոնները նոյնպէս։ Եւ դա դանդաղեցնում էր իմ յարձակումը։ (Պատէրազմի) Երկար ձգուելու հիմնական պատճառներից մէկն այս էր։ Ամենամեծ պատճառը այն էր, որ նրանք (ադրբեջանցի գեներալները)… հարուածային գումարտակներ, լեռնային դեսանտային բրիգադներ չէին պատրաստել։ Միայն հետեւակ էին պատրաստել։ Հետեւակն էլ ինչ պէտք է աներ այս տարածքում։ Յատուկ զօրքեր են պէտք լեռներում, անտառներում կռուելու համար։ Իմ բանակային կորպուսում մէկ հետախուզական գումարտակ ունէի՝ 300 անդամով։ Այն ունի նաեւ երկու ստորաբաժանում՝ յատուկ նշանակութեան։
Անհրաժեշտ էր քանակն աւելացնել։ Քանի առաջարկներ էինք գրել, մասնաւորապէս ապրիլեան բախումներից յետոյ…հարուածային գումարտակներ են մէզ պէտք։ Թող իմանան լեռնային հատուածում կրակել, կռուել։ Մեզ դա չտուեցին։ Չթողեցին անձնակազմին սովորացնել դա։
-Դո՞ւք էիք կրակում 15 կմ։
-Աեօ, նրանք Դ20 ունէին։
-Ինչու մերոնք չէին գնել այդ 30 կմ կրակող հրետանուց։
— Խնդիրն այն է, որ Բելառուսը Դ20 էր վաճառում, դրանք չգնեցին, գնացին ՌԴ-ից Դ30 գնեցին։ Այդ Դ20-ները Բելառուսը Հայաստանին վաճառեց։ Ինչքան վնաս են մէզ տուել այդ Դ20-ները պատերազմում։
Անբաւարարութիւն
-Մենք չե՞նք ունեցել սաղաւարտներ։
-Զրահաբաճկոններ, սաղաւարտները չէին բաւականացնում, իսկ զինամթերքը սպառուել էր երկու շաբաթում…
Զրահաբաճկոններով 62 տոկոս էինք ապահւուած, կապի սարքաւորումները՝ 49 տոկոսով, 51 տոկոսի պակաս ունէի կապի սարքաւորումների։Կռուից 3 օր առաջ Տ55 տանկեր էին ուղարկել։ Ոչ մէկ կապի սարք չուներ։ Տանկը տանկի հետ չէր կարողանում կապ ապահովեր։ Այսինքն մենք այս կերպ ենք յաղթել։ Մեծ դժուարութիւններով։ Նրանց նպատակը (նկատի ունի ադրբեջանցի բարձրաստիճան զինուորականների) պարոն նախագահի կամքը կոտրելն էր եւ Ղարաբաղը յանձնել։ Կարծէս ուժերը չբաւականացրեց։
GPS սարքից կորպուսում 7 հատ կար, նուազագոյնը 100 է պէտք, ամէն հրամանատար պէտք է ունենայ։ Գնացիր լեռ, անտառ, պէտք է կորդինատներ տաս եւ հրետանային աջակցութիւն ուզես։ Բայց չկայ…Սովորական սարք է GPS-ը, աշխարհի բոլոր բանակներում կան, իսկ մեր 20 հազարանոց կորպուսում 7 հատ է։
Դիպուկահարներ
Մինչեւ 2019 թ. մենք ունէինք դիպուկահարների ստորաբաժանումներ։ Մենք ստեղծել եւ սովորացնում էինք դիպուկահարներ։ Բայց Հայաստանը դիպուկահարների երկու դպրոց ունի։ Մեզ դիպուկահարների մէկ դպրոց չթողեցին սարքել։ Կազմակերպել են 45-օրեայ կուրսէր։ Գիտեք, որ 45 օրում դիպուկահար պատրաստել հնարաւոր չէ։ Դիպուկահարին պատրաստելու համար պէտք է 6 ամսից 12 ամիս։ Մենք ինքնուս էինք։ Անցեալ տարի կար Վասեակը՝ բելառուս, խախօլ (ուկրաինացի), Ալեքսանդր Պետրովիչ Վասեակ, որին բերել էր Նեջմեդդինը (Սադիգով)։ Մեր նախարարութիւնում նրան գեներալ էին դարձրել։ Նա վերցրեց եւ վերացրեց դիպուկահարների ստորաբաժանումը…»։
Ա.Ե.