Եւրոպական խորհրդարանն ընդունել է Ադրբեջանին դատապարտող հերթական բանաձեւը՝ պահանջելով պատժամիջոցների կիրառում

Եւրոպական խորհրդարանն ընդունել է Ադրբեջանին դատապարտող հերթական բանաձեւը՝ պահանջելով պատժամիջոցների կիրառում

Դեկտեմբերի 19-ի լիագումար նիստում, 434 կողմ, 30 դէմ, 89 ձեռնպահ ձայներով Եւրոպական խորհրդարանը ընդունել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակութեան եւ անկախ լրատուամիջոցների շարունակական ճնշման վերաբերեալ բանաձեւ։ Այս քուէարկութեանը նախորդել էր դեկտեմբերի 18-ին նոյն թեմայով խորհրդարանական քննարկումը:

Եւրոպական խորհրդարանի անդամները խստօրէն դատապարտում են Ալիեւի վարչակարգի կողմից մամուլի ազատութեան եւ այլախոհութեան ճնշումը՝ կոչ անելով ԵՄ գործադիր իշխանութիւններին նպատակաուղղուած պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտօնեաների դէմ, ովքեր խախտում են մարդու իրաւունքները։ Խորհրարանն առաջարկում է նաեւ կասեցնելն էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերութեան մասին 2022թ․ փոխըմբռնման յուշագիրը։ Բանաձեւում խորհրդարանականները պնդում են՝ Ադրբեջանը պէտք է «անուէրապահօրէն ազատ արձակի քաղաքական դրդապատճառներով ձերբակալուած իրաւապաշտպաններին, լրագրողներին, քաղաքացիական եւ քաղաքական գործիչներին, վերացնի նրանց դէմ ուղղուած բոլոր մեղադրանքները»։

Եւրոպական խորհրդարանը խստօրէն դատապարտել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակութեան, անկախ լրատուամիջոցների եւ քաղաքական ընդդիմութեան նկատմամբ շարունակուող ճնշումները։ Բանաձեւն ընդգծում է 2023 թուականից ի վեր սրացող բռնաճնշումները, որոնք յատկապէս ուժեղացել են COP29 գագաթնաժողովի շուրջ եւ կոչ անում անյապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկեալներին: Բանաձեւը նաեւ ընդգծում է բանտարկեալների մարդու իրաւունքների կանոնաւոր խախտումը՝ ներառեալ կալանքի անմարդկային պայմանները, խոշտանգումները եւ կին քաղբանտարկեալների նկատմամբ նպատակաուղղուած ոտնձգութիւնները:

Կարեւորն է՝ բանաձեւում յիշատակւում են 23 հայ գերիների այդ թւում՝ Լեռնային Ղարաբաղի չճանաչուած հանրապետութեան նախկին ղեկավարները, կոչ արւում անյապաղ ազատ արձակել նրանց, երկրի բոլոր քաղբանտարկեալների հետ միասին։ Դեկտեմբերի 18-ի խորհրդարանական քննարկման ժամանակ մի քանի խորհրդարանականներ բարձրացրել են հայ պատանդների հարցը, ինչպէս նաեւ Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչութեան դէմ ուղղուած ագրեսիայի եւ մարդու իրաւունքների ոտնայարման քաղաքականութիւնը։ Այդ համատեքստում պատգամաւոր Բերտ-Յան Ռուիսենը կարեւորել է Եւրախորհրդարանի «մօտեցման փոփոխութիւնը» եւ Ադրբեջանի դէմ պատժամիջոցների ընդլայնումը, մասնաւորապէս, յղում անելով հայութեան բռնի արտաքսմանը։ Մեկ այլ խորհրդարանական՝ Մարինայ Մեսուրէն յայտարարել է. «մարդու իրաւունքները սիստեմատիկօրէն ոտնահարւում են, Ադրբեջանը ամենավատ երկրներից մէկն է, երբ խօսքը վերաբերում է մամուլի ազատութեանը, Human Rights Watch-ն արձանագրել է խոշտանգումների եւ նուաստացնող վերաբերմունքը բանտարկեալների նկատմամբ, ովքեր կալանաւորուել են Լեռնային Ղարաբաղում գործողութիւններից յետոյ»: Խորհրդարանականը դատապարտել է «հայ հարեւանների նկատմամբ բռնաճնշումների քաղաքականութիւնը»։

Մեկնաբանելով բանաձեւը՝ ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը նշել է. 
«Այս բանաձեւը ընդգծում է ԵՄ գործադիրի կողմից համապարփակ եւ արդիւնաւետ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտութիւնը՝ Ալիեւի վարչակարգին հետ պահելու իր բռնաճնշումների եւ անարդարութեան քաղաքականութիւնից։ Ընդդիմադիր գործիչների եւ լրագրողների նկատմամբ աճող բռնաճնշումները եւ անմարդկային պայմանները, որոնցում կալանաւորւում են քաղբանտարկեալները, այդ թւում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախկին ղեկավարները եւ այլ կեղծ գործերով բանտարկուած հայերը, ներկայացնում են Եւրամիութեան հիմնարար սկզբունքների եւ արժէքների խախտում։ ՀՅԴ Եւրոպայի Հայ դատի յանձնախումբը յանձնառու է ապահովել, որ այս արժէքները պաշտպանուէն, եւ մենք կը շարունակէնք մեր գործողութիւններում ընդգծել մամուլի ազատութեան, արդարադատութեան եւ մարդու իրաւունքների միջազգային սկզբունքները մեր գործողութիւններում»։

ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կենտրոնական գրասենեակ
19 դեկտեմբեր 2024թ․

Share