Վահէ Հովհաննիսեան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Պատմութիւնը մէզ առաջիկայում դնելու է ընտրութեան առաջ. այս առումով պրոցեսն արդէն սկսուած է։ Բոլորս ստիպուած ենք լինելու կատարել ընտրութիւն, էլ թաքնուելու-խուսափելու հնարաւորութիւն չի լինելու։
Իշխանութեան բազային սցենարը ենթադրում է անյիշողութիւն, աներազանք, անպատմութիւն, անսրբութիւն մի նոր հայկական միաւոր։ Այն, ինչը մէզ առաջարկւում է, մեծ հաշուով «ազգային սեռափոխութեան» ծրագիր է։ Սա էքսպերիմենտ է, որին աշխարհը ուշադիր հետեւելու է։ Պետք է լինել անկեղծ. շատերը սա ընդունելու են, շատերը ցոյց են տալու, թէ չէն հասկանում, (քաղաքականութեամբ չի զբաղւում), շատերն ասելու են՝ ես դէմ եմ, բայց կողքից կը նայեմ։ Այնուամենանիւ, շատ աւելի մեծ թուով մարդիկ մերժելու են, պատրաստ լինելով տէր կանգնել իրենց պատմութեանը, արժէքներին, գերեզմաններին, տաճարներին, երազանք ունենալու իրաւունքին։ Եւ այս մեծամասնութիւնը խայտառակ ձեւով կպարտուի, եթէ չլինի պայքարի ազնիւ ու գրագէտ մենեջմենթ։
Իտալացի գրող Պրիմոյ Լեւին՝ Աուշուիցի նախկին կալանաւոր, իր «Եթէ սա մարդ է» գրքում նկարագրում է համակենտրոնացման ճամբարում մարդու վերածումը չմարդու։ Սկզբում սպանում են մարդուն ներսից՝ արժանապատուութիւն, յիշողութիւն, կարօտ։ Ու ֆաշիստական մեքենան ստանում է լրիւ անունակ զանգուած՝ առանց ընդզվման, առանց դիմադրութեան, առանց անհամաձայնութեան որեւէ իրաւունքի։
Մեզ հիմա առաջարկում են նոյն ճանապարհը. իրաւունք չունեք յիշելու, որ ունեցել եք 27 տարի յաղթած անկախ պետականութիւն, որ միասին մեծ զրկանքների գնով լուրջ յաջողութիւններ եք ունեցել, որ մասնակիցն եք եղել պատմական յաղթանակների ու պատմական իրադարձութիւնների, որ ունեցել եք արժանապատուութիւն, որ Ամարասը հայկական է, որ Գանձասարը, Դադիւանքը հայկական են ու մի օր էլի լինելու են մեր տիրապետութեան տակ։ Այսպէս՝ մինչեւ անասունի այսօրը պէտք է մոռանալ. դա ձերը չի եղել, ձեզ խաբել են, մի´ յիշեք, մի´ հաւատացեք նոյնիսկ այն բաներին, որոնց մասնակիցն եք եղել։
Ի՞նչ անել ընտրութիւններում յաղթելու համար
Ընտրութիւնը միայն քուէարկութիւն չէ։ Աւելին, եթէ որպէս անհատ, միաւորներ եւ հասարակութիւն մենք մեր ընտրութիւնը նախապէս կատարած լինենք, ապա ոչ մի քուէարկութեան օր վախենալու կամ մերժելու չէ։
Քայլ առաջին՝ ուղիղ, բաց աչքերով նայել մէզ բոլորիս պարտադրուող ընտրութեանը։ Իրականութիւնն ընդունել այնպէս, ինչպէս կայ։
Քայլ երկրորդ՝ լուծել պայքարի ճիշտ մենեջմենթի խնդիրը։
Քայլ երրորդ՝ դուրս գալ Նիկոլի լարած թակարդներից, որոնցից առանցքայինները երեքն են.
1. Նախկին-ներկայ
2. Նախկինների թալան
3. Միեւնոյն է այլեւս հնարաւոր չէ ոչինչ փոխել, ամէն ինչ վերջացած է։
Այս երեք թակարդներով իշխանութիւնը կազմալուծում է հասարակութեանը, արգելակում որեւէ առողջ-կոնսօլիդացիոն պրոցես, որեւէ յոյս ու կամք։ Սա պէտք է խափանել։ Յաջորդաբար ներկայացնելու եմ երեք թակարդներից դուրս գալու՝ իմ առաջարկները։