Վահէ Սարգսեան
《Հայոց պատմութեան》7֊րդ դասարանի խայտառակ, հակագիտական, հակահայ, նիկոլաթուրքական բազմաթիւ դրոյթներ պարունակող դասագիրքը հորով֊մօրով անելուց յետոյ նոյնքան տխրահռչակ Սմբատ Հովհաննիսեանն ու նրա հետ եւս երկու հեղինակ արդէն պատրաստել են 《Հայոց պատմութեան》8֊րդ դասարանի նոր դասագիրքը։
ԿԳՄՍՆ-ի 1-ին հրամանում նշուած է. «Կրկնակի փորձաքննութեան արդիւնքների հիման վրայ դասագիրքը չի յաղթահարել դասագրքի գնահատման համար սահմանուած անցողիկ շեմը»։Արդէն 1 ամիս անց` ԿԳՄՍՆ-ի 2-րդ հրամանում գրուած է․ «Կրկնակի փորձաքննութեան արդիւնքների հիման վրայ դասագիրքը համապատասխանել էր չափորոշչի պահանջներին, սակայն գիտականութեան վերաբերեալ ներկայացուել էին դիտարկումներ, որոնք լրամշակելու նպատակով ներկայացուել էր հեղինակին: Որից յետոյ լրամշակուած դասագիրքը կրկին ներկայացուել էր փորձաքննութեան, որի արդիւնքում դասագիրքը յաղթահարել է գնահատման համար սահմանուած անցողիկ շեմը:
Նախարարութիւն է ներկայացուել դասագրքի լրամշակուած տարբերակը»։ Այս 《կոդաւորուած》տողերից արդէն իսկ կարող ենք ենթադրել, որ գործ ունենք Ժաննայի ու նրա հլու կամակատարների ձեռամբ սերունդներին ներկայացուող հերթական աղէտի հետ։
Իմ տեղեկութիւններով` այս դասագիրքը նաեւ ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտ ու Շիրակի հայագիտական հետազօտութիւնների կենտրոն են ուղարկել՝ փորձաքննութեան։ Իմացայ, որ ցածր միաւորներ է հաւաքել, չի յաղթահարել։ Յետագայում, հաւանաբար, մասնագէտների կողմից արուած դիտողութիւնների ու առաջարկութիւնների հիման վրայ լրամշակել են, կրկնակի, իրականում՝ եռակի, փորձաքննութիւն են կազմակերպել, դարձրել 《յաղթած》 դասագիրք։ Պարզ է` հայակործան ուժերի ձեռքը ընկել է / տուել են լծակ, եւ կազմաքանդում են տառացիօրէն ամէն ինչ` Էրդողան֊Ալիեւի պահանջները մխրճելով նաեւ կրթական անչափ կարեւոր ոլորտ, որով փորձելու են սերունդների գիտակցութեան մէջ եւս ամրագրել նիկոլաթուրքական ցեղասպանական հայեցակարգերը։
Ի դէպ, 8֊րդ դասարանի 《Հայոց պատմութեան》պարագայում 《զարմանալիօրէն》 կրկին գործ ունենք նախորդ տխրահռչակ դասագիրքը ստեղծող 《Մասնակցային դպրոց》հիմնադրամի հետ, եւ, արդէն նախորդ բանաւէճերից ծանօթ լինելով այդ կազմակերպութեան ներկայացուցչի հակահայ մօտեցումների հետ (տէ՛ս այդ մասին բազմիցս խօսուել է հայ հեղինակաւոր մասնագէտների կողմից եւ ներկայացուել աւելի քան 60 էջ պարունակող խիստ բացասական կարծիք), արդէն ամէն ինչ պարզ է։
Հ.Գ. Այս անգամ դասագրքի հեղինակի կնոջ անունը, իբրեւ խմբագիր, դեռեւս չկայ նշուած, եւ դեռ յայտնի չէ` էլի նախորդների նման ամուսինները գրելու են, կանայք` խմբագրելու՞։ Եւ մի բան էլ. դասագրքի հիմնական հեղինակ Սմբատ Հովհաննիսեանի կողքին, իբրեւ համահեղինակներ, գրուած է եւս երկու անուն` բանասէր Ալա Խառատեան եւ արուեստաբան Զարուհի Յակոբեան։
Հարց` ովքե՞ր են այս անձինք, ի՞նչ վաստակ ու անցած ուղի ունեն, որ վերջիններիս վստահուել է այսչափ պատասխանատու գործ։