Արցախեան աղէտին նախորդող ամենամութ էջը

Արցախեան աղէտին նախորդող ամենամութ էջը


Վահէ Հովհաննիսեան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Մի քանի օրում Արցախի հայաթափմանը նախորդել է ինն ամսուայ շրջափակման փուլը, որը մեր պետականութեան ամենամութ, ամենաստուերային պրոցեսների փուլն է։ Այդ փուլից շատ բաներ գաղտնի են, շատ բաներ՝ անհասկանալի, դրանք գուցէ յետագայում կբացայայտուէն, շատ բաներ գուցէ մնան պատմութեան գերեզմանում, բայց կան նաեւ ակնյայտ փաստէր, կայ հրապարակային վերլուծութեան համար անհրաժեշտ բազայ։

Նիկոլի իշխանութիւնը

Պրահայում Արցախն Արդբեջանի մաս ճանաչելը ձեւակերպեց հարցի նոր բովանդակութիւն եւ գործնականում փակեց բանակցութիւնների հնարաւորութիւնը։ Բնականաբար, պէտք է յաջորդեր հարցի՝ արդէն տեխնիկական լուծումը։ Եթէ չլինէր Պրահան, Ալիեւը միեւնոյն է փորձելու էր լուծել Արցախի հայաթափման խնդիրը. թէ ինչպե՞ս դա կաներ եւ կը յաջողե՞ր, թե՞ ոչ՝ հարցի միւս կողմն է, բայց Պրահան եղաւ, եւ դրանից յետոյ տեխնիկական լուծումների համար Ալիեւին ընդամէնը ժամանակ էր պէտք.
— հասկանալու համար աշխարհի հնարաւոր արձագանքը, գնահատելու համար սեփական ռիսկերը
— ստանալու համար ռուսական կողմի լոյալութիւնը
— ստանալու երաշխիք, որ Հայաստանը չի միջամտի եւ կը լինի դիտորդ՝ Արցախի վրայ յարձակմանը։

Յենց այս ժամանակահատուածն էինք մենք անուանում «Ալիեւի համբերութեան փուլ», որը մեր վերջին հնարաւորութեան փուլն էր, բայց Հայաստանը, որպէս պետութիւն (իշխանութիւն, ընդդիմութիւն, հանրութիւն) չհասկացաւ՝ անկախ բոլոր զգուշացումներից։ Այս պատմութեան կարեւորագոյն բանալինէրից մէկը հէնց զգուշացումներն են։
Ինչո՞ւ էր Նիկոլը յամառօրէն անտեսում իրեն ուղղուած զգուշացումները՝ այն մասին, որ իր քաղաքականութիւնը, իր բանակցային նարատիւը տանում են նոր պատերազմի ու նոր աղէտի։ Ցանկացած իշխանութիւն, երբ հրապարակային զգուշացումներ է ստանում մօտալուտ աղէտի մասին, գոնէ փորձում է իմիտացիայ ապահովել, թէ ականջալուր է՝ պատասխանատուութիւնն ամբողջութեամբ իր վրայ չուերցնելու համար։ Այլ պետութիւններում գնում են ազգային համաձայնութեան կառավարութիւնների ձեւաւորման, ներքին կոնսօլիդացիայի։ Նիկոլը յամառօրէն անտեսում էր։ Ինչու՞։ Որովհետեւ Նիկոլին պէտք չէր փոխել իրավիճակը, Նիկոլին պէտք էր այլ բան՝ աւարտին հասցնել սցենարը ու դրանից յետոյ պահել իշխանութիւնը։ Ամենայն հաւանականութեամբ՝ Նիկոլն անտեսեց բոլոր նախազգուշացումները, որովհետեւ թեման իր համար արդէն փակ էր։
Ալիեւն իր «համբերութեան ժամանակահատուածում» ամենակարեւոր քայլը համարել է Երեւանի չէզոքութեան յստակ հաւաստիացումը, որը եւ Երեւանը հնչեցրեց՝ Արցախի վրայ յարձակումից ժամէր յետոյ։ Եւ որը Ալիեւը յետոյ հրապարակայնօրէն դրական գնահատեց։ Միայն Երեւանի՝ չէզոք մնալու երաշխիքի դէպքում էր հնարաւոր ստանալ Արեւմուտքի իներտ ռէակցիան ու Ռուսաստանի լոյալութիւնը։ Նրանցից իւրաքանչիւրի հետ Ալիեւն արել է իր գործարքները, բայց եթէ նա չունենար Երեւանի յստակ «տեսակէտը», գործարքները ռուսների եւ Արեւմուտքի հետ այդքան սահուն չէին լինի։ Գուցէ՝ ընդհանրապէս չէին լինի։
Արդեօ՞ք Պրահայից յետոյ ամէն ինչ վերջացած էր, եւ չկա՞ր հնարաւորութիւն աղէտի ընթացքը կասեցնելու։ Կարծում եմ՝ կար։ Բայց դրա համար պէտք էր, որ հայութիւնն ընդվզեր։

Տիտղոսային ընդդիմութիւն

Շրջափակման հէնց սկզբից պարզ էր, որ սա ո´չ էկոլոգիական խնդիր է, ոչ էլ կապուած է Ռ. Վարդանեանի պետնախարարութեան հետ։ Իսկ վերջին ամիսներին անկյայտ էր, որ գործ ունենք խոշոր աղէտի կազմակերպման հետ, որը լինելու է հաւաքական արեւմուտքի եւ Ռուսաստանի դիտորդական չէզոքութեան պայմաններում, եւ սրա հիմքում հէնց Հայաստանի իշխանութիւնների բռնած (անբացատրելի) չէզոք դիրքն է։
Շրջափակման կէսերից մէզ պարտադրում էին «նոր նորմալութիւն», (new normal), կարծես թէ՝ այդպէս էլ պիտի լինէր։ Մեր խնդիրն էր՝ ջարդել այդ սցենարը, եւ դա պէտք է աներ տիտղոսային ընդդիմութիւնը։ Հայաստանը ունէր մէկ տարբերակ՝ խափանելու հրէշաւոր սցենարը, եւ դա Նիկոլի իշխանութեան դէմ ուժեղ ճնշումն էր, ուրուագծուող սցենարի հետ որեւէ կերպ չհաշտուելու վճռականութիւնը։ Բայց 9 ամսուայ ընթացքում Հայաստանում որեւէ ընդվզում չկազմակերպուեց. սա անհաւանական է, բայց փաստ է. տիտղոսային ընդդիմութիւնը համակերպուեց «նոր նորմալութեանը», որը ենթադրում էր իշխող ուժի հետ «կառուցողական աշխատանք»՝ մեռնող Արցախի պայմաններում։ Անհատներն արեցին ամէն հնարաւորը, բայց ընդդիմութիւնը որպէս ինստիտուտ՝ աշխատանքը տապալեց։ Ամէն գնով պէտք էր հայ հասարակութեանը արթնացնել, միայն այդպէս էր հնարաւոր խափանել սցենարը՝ կաշկանդելով Նիկոլի իշխանութեանը։ ԱԺ-ն պէտք կայ´մ չաշխատեր, կայ´մ աշխատեր միայն մէկ թեմայով՝ լինելու է աղէտ, եւ այն պէտք է կասեցնել։
Նոյնիսկ ադրբեջանական յարձակումից մէկ շաբաթ առաջ, երբ ահռելի զօրք էր կուտակուել Արցախի սահմաններին, ընդդիմութիւնը հանգիստ մասնակցում էր Աժ նիստին՝ անհեթեթ հարցեր քննարկելով Նիկոլի իշխանութեան հետ։ Ի՞նչ էր սա. ընդհանրապէս իրավիճակը չպատկերացնելու հետեւա՞նք, թե՞ այլ բան։ Այս հարցը հանրային տրամադրութիւնների մէջ գոյութիւն ունի։

Ռուսաստան

Աղետից յետոյ պաշտօնական Մոսկուայի ձեւակերպումները կիսաճշմարտութիւններ են՝ Պրահայից մինչեւ խաղաղապահների մանդատ։

Զուգահեռ՝ հայ հասարակութեան մէջ էապէս աճում են հակառուսական տրամադրութիւնները, աճում են նաեւ հասարակութեան մտածող հատուածի մօտ հիմնաւորուած հարցերը՝ Ռուսաստանին։
Տեղի է ունեցել ազգային ողբերգութիւն՝ ռուսական խաղաղապահների ներկայութեամբ, եւ Հայաստանը հարցեր ունի Ռուսաստանին։ Արցախի ժողովուրդը վստահ էր, որ գոնէ մինչեւ 2025 թ. իր վրայ չէն յարձակուելու, 2021 թուականից տասնեակ հազարաւոր արցախցիներ վերադարձել են իրենց տները՝ վստահելով ռուսական դրօշին ու ներկայութեանը։ Մոսկուան հիմա յղում է անում Պրահային, ամէն ինչ բացատրում դրանով։ Բայց Պրահայից յետոյ պաշտօնական Մոսկուան չի ասել՝ «Սիրելի արցախցիներ, Նիկոլի յայտարարութիւնից յետոյ վիճակ է փոխուել, եւ ես այլեւս չեմ կարող պաշտպանել Ձեզ, ինձ վրայ յոյս չդնեք»։ Սրա համար կար մէկ տարի, բայց չի ասուել նման բան, հետեւաբար՝ Մոսկուայից հնչող ձեւակերպումները կէսճշմարտութիւն են։ Հայ ժողովուրդն ունի հարցեր պաշտօնական Մոսկուային, եւ Հայաստանի նոր հարթակը, նոր առաջնորդութիւնը պարտաւոր են դրանք ձեւակերպել, որպէսզի հնարաւոր լինի կառուցել նոր, վստահելի, լուրջ, իրապէս դաշնակցային յարաբերութիւններ։

Արցախի իշխանութիւններ

Հրեշաւոր սուտ է աղէտի մեղքը Արցախի նոր իշխանութիւնների եւ վերնախաւի վրայ դնելը։ Այդ մարդիկ գտնուել են ծանր խնդիրների հարթութեան մէջ։ Լիովին գիտակցելով, որ առաւելագոյն զգուշութիւն է պէտք այս թեմայով ամէն բառ օգտագործելիս, քանի որ Բաքուի բանտերում արցախեան գործիչներ կան, այնուհանդերձ ճիշտ եմ համարում թեման հնարաւորինս բացելը։

Արցախի իշխանութիւնները գտնուել են.
— Ծանր պատասխանատուութեան բեռի տակ՝ սեփական ժողովրդի հանդէպ. այս բարդ հոգեբանական ֆոնը պէտք է ֆիքսել՝ ճիշտ դատողութիւններ անելու համար։
— Չէն զգացել Երեւանի աջակցութիւնը դժուարին փուլում, մի պահից յստակ հասկացել են, որ պաշտօնական Երեւանը իրենց «գցում է»։
— Չէն տեսել հայ հասարակութեան աջակցութիւնը եւ պաշտօնական Երեւանի վրայ հանրային ճնշումները, ինչը փոփոխութեան յոյս կտար։
— Ամենանայն հաւանականութեամբ ՝մի պահից խաթարուած է եղել ռուսական խաղաղապահների հետ (եւ միջոցով) կոմունիկացիան, ինչը զգալի մեծացրել է ճնշումները եւ անհուսութեան մթնոլորտը։

Գործնականում անհնար է 9 ամիս լինել տոտալ շրջափակման մէջ, կրել պատասխանատուութիւն հարիւր հազար խաղաղ բնակչութեան հանդէպ, չունենալ աջակցութիւն ո´չ Հայաստանից, ո´չ Ռուսաստանից, ոչ՝ հաւաքական Արեւմուտքից, եւ կարողանալ մինչեւ վերջ ադեկուատ պատկերացնել իրավիճակը, ռիսկերը եւ կայացնել ճշգրիտ որոշումներ։
Բացառապէս իմ սուբյեկտիւ կարծիքով՝ մի պահից արցախեան իշխանութիւնները եւ վերնախաւը հասկացել են հայ-ռուս-արեւմտեան համաձայնութիւնը՝ իրենց Ադրբեջանին նուիրելու, եւ սա էապէս ազդել է թէ´ ներքին կեանքը կանոնաւորելու, թէ´ այլ տիպի որոշումների կայացման վրայ։
Բացառապէս իմ սուբյեկտիւ տպաւորութեամբ՝ կոմունիկացիոն օղակներից մէկը՝ կայ´մ Երեւանը, կայ´մ ռուսական խողովակը մինչեւ վերջ խաբել է Արցախի իշխանութիւններին։
Եւ դարձեալ բացառապէս իմ սուբյեկտիւ կարծիքով՝ Արցախում նախապէս ներդրուած են եղել էմիսարներ, որոնք սերմանել են պարտուողական տրամադրութիւններ եւ այլ՝ խառնակչային գործունէութիւն ծաւալել։
Հարցերը հետեւեալն են. արդեօ՞ք Արցախում պարզ հասկանում էին, որ ադրբեջանական զօրքը հէնց այնպէս չէ յայտնուել Արցախի մատոյցներում եւ յարձակուելու է, արդեօ՞ք հասկանում էին, որ եթէ դա արւում է, ապա Ռուսաստանի հետ կայ համաձայնութիւն, եւ խաղաղապահները չէն խառնուելու, արդեօ՞ք հասկացւում էր, որ Նիկոլի Երեւանը չի միջամտելու… Եթէ աեօ, ապա ինչո՞ւ ոչինչ չէր արւում, եւ էլեմենտար, եթէ դուրս գալու որոշում կար, ինչո՞ւ դա չգեներացուեց նախքան յարձակումը։ Եթէ իրավիճակը ճիշտ էր գնահատւում եւ համարւում էր անյոյս, ապա նոյն ՊԲ-ի լուծարումը եւ բանակցութիւնները (այդ թւում՝ դուրս գալու մասին) ինչո՞ւ չսկսուեցին այլ պայմաններում։

Արցախի պաշտպանութեան հերոսները

Այս ողջ ողբերգական պատմութեան մէջ կայ մի դրուագ, որն անարդարացիօրէն չի ընդգծւում. ադրբեջանական բանակին երկու օր շարունակ դիմադրել է Արցախի ՊԲ-ն։ 200-ից աւելի զոհ ենք տուել՝ բացառիկ հերոսներ, որոնց անունները մեր պատմութեան մէջ ոսկէ տառերով պէտք է գրուէն։ Անուն առ անուն նրանք պէտք է յիշատակուեն, եւ նրանց ընտանիքներն ու երեխաները պէտք է գտնուեն հասարակութեան եւ պետութեան մշտական աջակցութեան ներքոյ։ Մի քանի տասնեակ հազարանոց ադրբեջանական բանակի դէմ այս տղերքը կանգնել են՝ պահելով իրենց հայրենիքը, իրենց գիւղերն ու քաղաքները, իրենց ընտանիքները, պահելով մեր՝ ասֆալտին ու ռեստորաններում գցած արժանապատուութիւնը, մէզ ցոյց տալով, որ կեանքը չի սահմանափակւում ստորացուած քարշ գալով, ու թշնամուն պատճառել են չափազանց մեծ վնաս, որն ի դէպ Ադրբեջանը շատ ծանր է տարել եւ վերջին տարիներին առաջին անգամ հասկացել է, որ Հայաստանը դեռ ունի պոտենցիալ՝ դառնալու ցաւոտ պատասխան տուող ու ինքն իրեն պաշտպանելու ունակ պետութիւն։

Ռուբէն Վարդանեան

Առանձին նիւթ է Ռ. Վարդանեանի դերակատարութիւնը։ Նա ո´չ տեռորիզմ էր ֆինանսաւորում, ո´չ սեպարատիզմ։ Աւելին, Ռ. Վարդանեանը միշտ հանդէս էր գալիս հարեւանների հետ խաղաղ, արժանապատիւ համակեցութեան օգտին եւ գրագէտ բանակցութիւնների միջոցով լուծումներ գտնելու կողմնակիցն էր։ Ռ. Վարդանեանը շրջափակման պայմաններում արցախահայութիւնից շատերի յոյսն էր։ Անհնար է գտնուել տոտալ շրջափակման մէջ, սոված երեխաներիդ կողքին, աշխարհի կողմից մոռացուած ու պահել ինչ-որ լաւ յոյս։ Ռ. Վարդանեանը լուծում էր այդ խնդիրը, եւ իսկապէս տասնեակ հազարաւոր մարդիկ ապրել են այդ յոյսով։ Ռ. Վարդանեանը անմարդկային պայմաններում հնարաւորութիւն է տուել մարդկանց՝ մնալու մարդ։ Նա հրաժարուել էր իր բարեկեցիկ նիւթական կեանքից՝ աւելի բարձր արժէքների համար։ Սա մեր պատմութեան մի էջն է, որը յետագայում աւելի մանրամասն կլուսաբանուի։

Հայ ժողովուրդ, հայկական աշխարհ, ազդեցիկ շրջանակներ

Պետք է ազնիւ լինենք ու ասենք, որ 9 ամիս շրջափակման մէջ գտնուող, նոր պատերազմի եւ ոչնչացման վտանգի տակ ապրող մեր Արցախը չի ստացել հայ ժողովրդի, հայկական աշխարհի եւ նրա ազդեցիկ շրջանակների բաւարար աջակցութիւնը։ Սա մեր պատմական ամօթն է։
Կգայ մի օր, երբ բաց կը խօսուի, թէ ովքեր եւ ինչ ահռելի ջանքերով էին փորձում կազմակերպել տարբեր տիպի աջակցութիւն, ինչքան կարգին մարդիկ աշխարհով մէկ արեցին հսկայական գործ՝ գործարարներ, գիտութեան, մշակոյթի մարդիկ, մեդիայ-դէմքեր, լաւ հայեր, յայտնի հայեր, պինդ, արժանապատիւ դէմքեր, ովքեր թքած ունեցան, թէ ինչ ճնշումների կարող են ենթարկուել ու անձնապէս ինչեր կարող են կորցնել։
Բայց տասն անգամ աւելի շատ են եղել խուսափողները, վախեցածները, փախչողները, եւ մի օր այդ մասին էլ պէտք է խօսենք։ Ժողւուրդների առողջացումը նաեւ այդպէս է լինում. սա բնական լիւստրացիայ է, մենք պիտի պարզ իմանանք թէ իբր ազդեցիկ, իբր յայտնի, իբր հայրենասէր, իբր՝ մտածող, իբր ուժեղ կամ չգիտեմ ինչ՝ քանի՜ քանի հարիւրաւոր դէմքեր հրաժարուել են ի պաշտպանութիւն Արցախի որեւէ բան անելուց։ Գուցէ նաեւ այդ պատճառով հայ ժողովուրդն իր մեծամասնութեամբ մնաց կենցաղային խնդիրների պատկերացման մէջ, եւ չդրսեւորեց բաւարար սրտացաւութիւն՝ իր մի մասի հանդէպ։ Լիներ այլ իշխանութիւն՝ կը լինէին այլ տրամադրութիւններ, լինէր այլ առաջնորդութիւն՝ կը լինէր ուրիշ վիճակ։ Բայց հարիւր հազար սովամահ լինող ու ոչնչացման վտանգի տակ գտնուող քո հայրենակիցների պայմաններում շարունակել ապրել անհոգ ու բացառապէս մասնաւոր հետաքրքրութիւններով, ընդունենք, որ անոմալիայ է։ Յենց այս փուլում մենք արձանագրեցինք, որ չունենք ազգային եւ համամարդկային արժէքներ կրող վերնախաւեր, չունենք արժէքաւոր որեւէ համակարգ։ Փոխարէնը՝ ունենք անհատների լուրջ, ընդարձակ ցանկ, որը կարող է դառնալ առաջադէմ պետականաստեղծ միաւոր ու վերափոխել հասարակութիւնը։

Հայրենազրկում՝ երկու օրում

Ոչ ոք մինչ այս պահը չի պատասխանում մէկ հարցի. ինչպե՞ս եղաւ, որ երկու օրում դատարկուեց Արցախը։ Ո՞ր անտեսանելի ձեռքը խրախուսեց այդ պրոցեսը։ Ում հարցնում ես, ասում է՝ մենք չէին պլանաւորում, մինչեւ վերջին պահը չէինք մտածում հայրենիքը լքելու մասին։ Շատ մութ բաներ կան այստեղ։ Հազար տարի ապրած հողը երկու օրում դատարկւում է, ու մենք ցոյց ենք տալիս, թէ իբր շարունակում ենք նորմալ ապրել։ Նոյնիսկ անասունին, որ իր գոմից հանում են, սթրեսի մէջ է ընկնում։ Մենք կորցրել ենք հազարամեայ հայրենիք, շքեղ քաղաքներ ու գիւղեր, անյատական ու ազգային պատմութիւն, Ամարաս ու Գանձասար, ու շարունակում ենք սովորական կեանքը։
Սա էմոցիոնալ հարցադրում չէ։ Իմ զգացողութեամբ՝ հիմա արդէն Հայաստանի´ նախաաղէտային 9 ամսուայ փուլն է, որը դարձեալ կարող է անցնել մեր անտարբերութեան ու իբր նորմալի պայմաններում։ Պարզապէս մենք հիմա արդէն գիտենք, թէ դա ինչով է վերջանում։ Թե՞ հասցրինք մոռանալ մի ամսում։

Share