Խորհրդային Հայաստանից հեռացած ադրբեջանցիների ու Արցախից բռնի տեղահանւած արցախահայերի հարցը նոյն տրամաբանութեան մէջ դիտարկելը սխալ է։ 168.am-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց Արցախի նախկին պետնախարար, մարդու իրաւունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարեանը՝ խօսելով Ադրբեջանի նախագահի յայտարարութիւնից՝ 300.000 ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու եւ արցախահայերի՝ Արցախ վերադառնալու իրաւունքի մասին։
Նրա խօսքով՝ ադրբեջանցիների վերադարձին զուգահեռ՝ միայն կարող է քննարկւել 1988-1990 թւականներին Ադրբեջանից բռնի տեղահանւած հայերի հարցը։
«Արցախահայերի վերադարձը որեւէ կերպ համադրելի ու համեմատելի չէ արտագաղթած ադրբեջանցիների հարցի հետ։ Մանրամասնեմ՝ ինչո՞ւ, կան մի քանի հիմնական հանգամանքներ։ Նախ, Արցախի ժողովուրդը կոմպակտ բնակւող, բնիկ ժողովուրդ էր Արցախում եւ ունէր միջազգային իրաւունքի սուբիեկտ։ Այսինքն՝ որպէս ժողովուրդ համապատասխանում էր միջազգային իրաւունքի բոլոր չափանիշներին, ունէր իշխանութիւն, ընդորում, խորհրդային տարիներին ու դրանից յետոյ։ Արցախահայերը՝ որպէս ժողովուրդ, ազգային կամ էթնիկ փոքրամասնութիւն չեն եղել որեւէ երկրի կամ, ինչպէս Ալիեւն է պնդում՝ «Ադրբեջանի տարածքում»։
Ի տարբերութիւն արցախահայերի, ադրբեջանցիները Խորհրդային Հայաստանում եւ հայերը Խորհրդային Ադրբեջանում եղել են էթնիկ փոքրամասնութիւն, ոչ կոմպակտ բնակութեան, առանց որեւէ կառավարման միաւորի, հիմնական մասն առանց իրենց բնիկ հայրենիքում, բնակավայրում բնակւելու։ Ադրբեջանում բնակւող հայերի մի մասը բնիկ է եղել, որոնք բռնի տեղահանւել են՝ Դաշտային Արցախի, Ուտիքի հատւածներում բնականաբար բնիկ են եղել»,- յաւելեց Արտակ Բեգլարեանը։
Շարունակելով միտքը, նա նաեւ ընդգծեց՝ նոյնիսկ այս երկու հարցերի պատճառներն էլ համեմատելի չեն։ Արցախի ժողովուրդը բռնի տեղահանւել է Ադրբեջանի կողմից կատարւած ցեղասպանական քաղաքականութեան հետեւանքով, իսկ Հայաստանում ժամանակին բնակւող ադրբեջանցիներն արտագաղթել են խաղաղ ճանապարհով, առանց որեւէ բռնի ուժի, որեւէ սպառնալիքի, կարողացել են իրենց տները փոխանակել հայերի հետ։ Եթէ ադրբեջանցիները բռնի տեղահանւած լինէին, ապա նրանք չէին կարող վաճառել իրենց տները կամ որեւէ այլ գործարք անել։
Հայերի պարագայում այլ է եղել, քանի որ Ադրբեջանից հայութիւնը բռնի տեղահանւել է, արիւնայեղութեան ճանապարհով՝ կեանքը փրկելու համար։ Արցախահայերի պարագայում աւելի ծանր վիճակ է ստեղծւել՝ արցախահայերն առերեսւել են ցեղասպանական քաղաքականութեան հետ, միջազգային իրաւունքի բոլոր նորմերը ոտնահարւել են Ադրբեջանի կողմից՝ շրջափակում, սովամահութեան ռիսկեր, պատերազմական յանցագործութիւններ, ամբողջական ֆիզիկական բնաջնջման ռիսկեր եւ այլն։
«Արցախահայերը, իրենց կեանքը փրկելու համար, ստիպւած են եղել բռնի տեղահանւել իրենց բնօրրանից։ Դրա համար այս բոլոր հանգամանքները հաշւի առնելով, մենք ժողովուրդ ենք եղել Արցախում ու հիմա էլ ժողովուրդ ենք եւ որպէս միջազգային իրաւունքի սուբիեկտ՝ ունեցել ենք մեր Հանրապետութիւնը։ Հետեւաբար՝ բանակցութիւններում արցախահայերի հարցն այս երկու հարցերի հետ չպէտք է համեմատւի»,- ասաց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է՝ արցախահայերի Արցախ վերադառնալու հարցն օրակարգ բերելուն, Արտակ Բեգլարեանն ասաց՝ այդ հարցն այժմ բարձրաձայնում են միայն արցախահայերը եւ միջազգային տարբեր գործիչներ կամ մարմիններ, օրինակ, Շւէյցիարիայի խորհրդարանն օրերս ընդունեց բանաձեւ՝ ԼՂ հայերի վերադարձի իրաւունքի վերաբերեալ, ինչը կարեւոր է։
«Առանց ՀՀ իշխանութիւնների դիրքորոշման փոփոխութեան, ես չեմ տեսնում, որ մենք կարող ենք յաջողութեան հասնել։ Բայց ակնյայտ է, որ գործող իշխանութիւններն իրենց դիրքորոշումը չեն փոխելու, որովհետեւ իրենք համարում են, որ արցախահայերի վերադարձը սպառնալիք է Հայաստանին։ Իսկ առանց Հայաստանի պաշտօնական դիրքորոշման եւ միջազգային յարաբերութիւններում արցախահայերի վերադարձի հարցը առաջնային հարցերից մէկը դարձնելու, իսկապէս չենք կարող յաջողութեան հասնել։ Բնականաբար, այս հարցը պէտք է լինի բանակցութիւնների սեղանին, դառնալով սկզբունքային հարցերից մէկը։ Սա չի նշանակում, որ Հայաստանը տարածքային նկրտումներ ունի Ադրբեջանի նկատմամբ, քանի որ մենք խօսում ենք արցախահայերի ինքնորոշման իրաւունքի մասին»,- եզրափակեց Արտակ Բեգլարեանը։
Յիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը յայտարարել է, որ շուրջ 300.000 ադրբեջանցի պաշտօնապէս դիմել է Հայաստանի ղեկավարութեանը, որպէսզի իրենց վերադարձի, վերաինտեգրման համար պայմաններ ստեղծւեն։
Ըստ նրա, խօսքը 1980-1990-ականներին Հայաստանից հեռացած ադրբեջանցիների մասին է: