ՀԱՊԿ-ը կարող է վերադառնալ հայ-ադրբեջանական սահմանին առաքելութեան տեղակայման հարցի քննարկմանը․ ՌԴ ԱԳՆ պաշտօնեայ

ՀԱՊԿ-ը կարող է վերադառնալ հայ-ադրբեջանական սահմանին առաքելութեան տեղակայման հարցի քննարկմանը․ ՌԴ ԱԳՆ պաշտօնեայ

ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին դիտորդական առաքելութիւն տեղակայելու հարցի քննարկմանը․ Կազմակերպութիւնը սպասում է Երեւանի արձագանքին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «РИА Новости»-ին տուած հարցազրոյցում յայտնել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչութեան տնօրէն Միքայել Աղասանդեանը։

«ՀԱՊԿ-ի անդամ պետութիւնները երբեք չէն հրաժարուել տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղուած ջանքերից եւ բազմիցս հաստատել են իրենց պատրաստակամութիւնը՝ գտնելու կոնկրէտ լուծումներ, որոնք թոյլ կը տան մեր հայ ընկերներին առաւելագոյն օգուտով գործի դնել կազմակերպութեան լայն հնարաւորութիւնները։ Մենք դեռեւս ակնկալում ենք Երեւանից դրական արձագանք եւ պատրաստ ենք վերսկսել բովանդակային աշխատանքը Հայաստանի սահմանամերձ շրջաններում ՀԱՊԿ դիտորդական առաքելութիւն տեղակայելու առաջարկի, ինչպէս նաեւ մեր դաշնակցին օգնելու այլ համատեղ միջոցառումների շուրջ», — ասել է Աղասանդեանը։

Նրա խօսքով՝ Մոսկուայում համոզուած են, որ «համապատասխան որոշումների ընդունումը դրական ազդեցութիւն կ’ունենայ ընդհանուր տարածաշրջանային իրավիճակի վրայ»։

«Եւս մէկ անգամ շեշտեմ՝ մենք պատրաստ ենք նման կառուցողական աշխատանքի», — յաւելել է պաշտօնեան։

Նա նաեւ նշել է, որ ՀԱՊԿ-ը, ինչպէս ցանկացած միջազգային կազմակերպութիւն, «կախարդական փայտիկ չէ», որով լուծւում է ցանկացած խնդիր։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը ամենաբարդերից է, այն ունի խորը պատմական արմատներ: Կայուն կարգաւորման միակ ճանապարհը հայ-ադրբեջանական յարաբերութիւնների հետեւողական կարգաւորումն է՝ բանակցութիւնների հիման վրայ, կողմերի փոխադարձ յարգանքը, փոխզիջումների գնալու, պատասխանատու որոշումներ կայացնելու եւ դրանք իրականացնելու նրանց պատրաստակամութիւնը։ Այս համատեքստում ես չեմ կարող չնշել այս դժուարին գործընթացում Ռուսաստանի եւ անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի առանցքային միջնորդական դերը», — յաւելել է Աղասանդեանը։

Share