Դատարանը կալանքից ազատեց յունիսի 12 -ի բախումների գործով չորս մեղադրեալի

Դատարանը կալանքից ազատեց յունիսի 12 -ի բախումների գործով չորս մեղադրեալի

Դատարանը կալանքից ազատեց յունիսի 12 -ի բախումների գործով չորս մեղադրեալի։ Նրանց նկատմամբ որպէս խափանման միջոց ընտրուեց բացակայելու արգելքը եւ վարչական հսկողութիւնը։

Եւս 8 անձի դէպքում կիրառուած տնային կալանքը փոխուեց, այս դէպքում էլ ընտրուեց վարչական հսկողութիւնն ու բացակայելու արգելքը։ Հանրային մեղադրողները մինչդեռ առաջարկում էին պահպանել նախաքննութեան փուլում ընտրուած խափանման միջոցները։

Փաստաբան Ռուբէն Մելիքեանը, որը երեք մեղադրեալի շահեր է ներկայացնում, «Ազատութեան» հետ զրոյցում ասաց՝ դատարանի որոշումն իրենց բաւարարում է։

Այսօր այս գործով առաջին դատական նիստն էր: Նիստին ներկայ էին մեղադրեալների աջակիցները, Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամաւոր:

Դատարանի բակում էր նաեւ ընդդիմադիր շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը: Անդրադառնալով քրէական գործին՝ Բագրատ Գալստանեանը պնդեց, որ այն ամբողջութեամբ քաղաքական ենթատեքստ ունի:

«Սա ուղղորդուած քաղաքական որոշում է, իրաւական որեւէ խնդիր չի լուծում, եթէ որեւէ կերպ ոստիկանութեան նկատմամբ էլ ինչ-որ բան տեղի ունենար, ես կասէի, որ իրաւական է, քաղաքական որոշում չկայ: Ինչպե՞ս է լինում մարդկանց դէմ կիրառելով անօրինական, օրէնքից դուրս, ժամկէտանց միջոցներ, բեկորային վնասուածքներով 100-աւոր մարդկանց ծեծելով, հայհոյելով, նուաստացնելով, որը ոչ մի կանոնակարգով սահմանուած չի ոստիկանութեան, հետեւաբար գոնէ մի հոգի անգամ չի կանչւում հարցաքննութեան: Ի՞նչ է նշանակում, սա նշանակում է ուղղորդուած միանշանակ ոստիկանութեան շահերը պաշտպանելու եւ քաղաքացիներին ճնշման ենթարկելու, վախեցնելու եւ ճնշելու իմաստ ունի», — ասաց Գալստանեանը:

Բաղրամեան-Դեմիրճեան խաչմերուկին տեղի ունեցած բախումների գործով մեղադրանք էր առաջադրուել 16 ցուցարարի: Նրանցից 15-ը մեղադրւում էր խուլիգանութեան յօդուածով ու 1-ը՝ զանգուածային անկարգութեան։ Նրանք մեղքը չէն ընդունում, շեշտում են, որ՝ աեօ, իրենք այդ օրը գտնուել են դէպքի վայրում, որոշներն ընդունում են, որ նետել են շշեր ու փոքրիկ առարկաներ, բայց դա եղել է ցոյցի ընթացքում ինքնաբուխ գործողութիւն, որի արդիւնքում որեւէ տուժած ոստիկան չկայ:

Յունիսի 12-ին վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիրների հաւաքը ոստիկանութիւնը ցրել էր յատուկ միջոցների եւ ուժի կիրառմամբ, ինչի հետեւանքով աւելի քան 100 մարդ էր տուժել, նրանցից 57-ը, ըստ Առողջապահութեան նախարարութեան, ստացել էին բեկորային վնասուածք։ Ոստիկանական գործողութիւնները քննելու համար յունիսի 14-ին քրէական գործ էր յարուցուել, սակայն, դեռ որեւէ մեղադրեալ ոստիկան չկայ։

Share