Սիւնիքի մարզի ընդհանուր իրաւասութեան քրէական դատարանն այսօր՝ փետրուարի 18-ի իր նիստում, դատաւոր Արթուր Ոսկանեանի նախագահութեամբ, բաւարարեց պաշտպանական կողմի միջնորդութիւնը Խաչատրեանի խափանման միջոցը փոխելու վերաբերեալ։
Տիրան Խաչատրեանի կալանքը փոխարինուեց 10 մլն դրամ գրաւով եւ չբացակայելու արգելքով։ Դատարանի որոշմամբ Խաչատրեանն անյապաղ ազատ արձակուեց գրաւը վճարելու պայմանով։
Պաշտպանական կողմը խափանման միջոցի փոփոխման միջնորդութեան հետ դատարանին ներկայացրեց Տիրան Խաչատրեանի ստացած պատուոգրերի եւ յուշամեդալների մի մասը։ Միջնորդութեան մէջ նշուած էր նաեւ, որ միջին ծանրութեան յանցագործութեան մէջ մեղադրուող Տիրան Խաչատրեանն իր խնամքի տակ ունի վատառողջ, հաշմանդամութեան կարգ ունեցող կին։
Պաշտպանը նաեւ նշեց, որ Տիրան Խաչատրեանին կալանաւորելուց յետոյ ընդամէնը 4 առերեսում է եղել, որից յետոյ գործն ուղարկուել է դատարան, մինչդեռ դատարանի որոշման հիմքերում նշւում էր նաեւ, թէ ակտիւ քննչական գործողութիւններ են տեղի ունենում, եւ այս փուլում հնարաւոր է՝ Տիրան Խաչատրեանը վկաների կամ գործի այլ մասնակիցների վրայ ազդեցութիւն ունենայ։
Նշէնք, որ հանրային մեղադրողը պահանջում էր երկարաձգել կալանքի ժամկէտը, իսկ պաշտպաններն առաջարկում էին ընտրել խափանման այլ միջոց, օրինակ 10 մլն դրամ գրաւի դիմաց ազատ արձակել Տ. Խաչատրեանին։
Նշէնք՝ ըստ մեղադրական եզրակացութեան, Տիրան Խաչատրեանին մեղադրանք է առաջադրուել այն բանի համար, որ նա իր ծառայողական պարտականութիւնների կատարման նկատմամբ անփոյթ վերաբերմունքի հետեւանքով դրանց ոչ պատշաճ կատարումը յանգեցրել է ԶՈՒ բանակային բնագծի՝ ԶՀԽ-ին վստահուած հատուածի պաշտպանութեան ձախողմանը, որն անզգուշութեամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, այն՝ է խարխլուել է զօրքերի կառավարման համակարգը, խափանուել է ԶՀԽ-ին առաջադրուած մարտական առաջադրանքի կատարումը, տապալուել է ՀՀ ԶՈՒ բանակային բնագծի՝ ԶՀԽ-ին վստահուած հատուածի պաշտպանութիւնը։