Արցախցիների իրաւունքների պաշտպանութեան խորհրդի ներկայացուցիչները յայտարարուած լայն հանրային համախմբման շրջանակներում, Երեւանի Ազատութեան հրապարակում տեղակայուած վրանում հանդիպումներ են ունեցել ԱՀ Ազգային ժողւում ներկայացուած՝ «Արցախի ժողովրդավարական», «Արդարութիւն» եւ «ՀՅ Դաշնակցութիւն» կուսակցութիւնների ղեկավարների հետ՝ լսելու նրանց դիտարկումները յետագայ անելիքների շուրջ։
Խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարեանը նշել է, որ շարժման խնդիրը Արցախի ու արցախցիների խնդիրը չէ, այլ համայն հայութեան հարցն է եւ այդ նպատակով լայն քննարկումներ են սկսել Արցախի եւ Հայաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որից յետոյ յետագայ անելիքների մասին կը յայտարարուի։
ՀՅ Դաշնակցութեան Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզեանը ողջունելի է համարել համախմբումը եւ շեշտել, որ ՀՅԴաշնակցութիւնը միշտ եղել է Արցախի ժողովրդի կողքին եւ աշխարհասփիւռ ՀՅԴ կառոյցը լծուած է Արցախի դատի պաշտպանութեանը։
-Ողջունելի է, որ շարժումը կարողացել է լայն համախմբում ստեղծել, քաղաքական եւ հասարակական ուժերին միաւորելով, դա ինքնին մեծ ուժ է ներկայացնում,- նշել է նա։
Հանդիպումների ընթացքում քննարկուել են արցախցիների իրաւունքներին վերաբերող մի շարք օրակարգային հարցեր եւ դրանց լուծմանն ուղղուած համատեղ անելիքների շրջանակը:
Մասնակիցները կարեւորել են միասնականութիւնն ու համախմբումը՝ յետագայ գործողութիւնների պլանաւորման ու կազմակերպման հարցում։