Զանգեզուրի միջանցքը վերածնում է «հիւսիս-հարաւը»

Զանգեզուրի միջանցքը վերածնում է «հիւսիս-հարաւը»

Haqqin — Զանգեզուրի միջանցքը վերածնում է «հիւսիս-հարաւը» — https://haqqin.az/news/252530

 «անցեալ գարնանը մենք յաղթահարեցինք թիւրըմբռնման փուլը եւ այժմ գտնւում ենք համակողմանի յարաբերութիւնների աճող զարգացման փուլում` երկու երկրների շահերին համապատասխան»: Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյեանի` Թեհրանում Ադրբեջանի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ունեցած ելոյթից այս մէջբերումն արտացոլում է ոչ միայն Թեհրանի եւ Բաքուի միջեւ վստահութեան մակարդակը, այլեւ, ըստ ամենայնի, բէկում է խոստանում երկկողմ յարաբերութիւններում: Աբդոլլահիյեանը նշել է, որ կողմերը ձեռք են բերել մի շարք պայմանաւորուածութիւններ, որոնք կը լրամշակուեն Իրանի էներգետիկայի նախարարի Ադրբեջան կատարած այցի ընթացքում, ինչպէս նաեւ լրագրողներին յայտնել է, որ Բայրամովի հետ բանակցութիւններում քննարկուել են Արազ գետի պահպանութեան, ինչպէս նաեւ դրա համատեղ օգտագործման ուղղութեամբ գոյութիւն ունեցող նախագծերի իրականացման հարցերը:

Գոհունակութիւն յայտնելով վերջին ամիսներին երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառութեան ծաւալում արձանագրուած առաջընթացի կապակցութեամբ` Իրանի ԱԳ նախարարը յոյս է յայտնել, որ մասնաւոր եւ պետական ոլորտներում առեւտրատնտեսական յարաբերութիւնները կ’ընդլայնուեն: Իր հերթին, Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը նշել է, որ անցած տարուայ ընթացքում երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառութիւնն աճել է 30 տոկոսով, եւ այդ ցուցանիշը, Բայրամովի խօսքով, լիովին չի արտացոլում երկկողմ տնտեսական համագործակցութեան իրական հնարաւորութիւնները:

Այնուամենայնիւ, դիտորդների կարծիքով, առաւել մեծ հետաքրքրութիւն է առաջացրել կողմերի յայտարարութիւնը «հիւսիս-հարաւ» տրանսպորտային միջանցքի ստեղծման աշխատանքներն ընդլայնելու պատրաստակամութեան մասին (Ռեշտ-աստարայ երկաթուղու` Իրանի տարածքում բացակայող հատուածը):

Հարկ է յիշեցնել, որ խօսքը գնում է հիւանդագին թեմայի մասին, որը ներկայիս իրանա-ադրբեջանական յարաբերութիւններում առկայ մի քանի բացասական գործօններից մէկն է: Արդէն աւանդոյթ է դարձել, որ ամէն անգամ, երբ հանդիպում են Բաքուի եւ Թեհրանի պաշտօնական ներկայացուցիչները, մշտապէս քննարկւում է «հիւսիս-հարաւ» նախագիծը, հսկայական տնտեսական օգուտները, որոնք նա խոստանում է երկու կողմերին եւ, ամենակարեւորը, այդ ուղղութեամբ աշխատանքներն արագացնելու անհրաժեշտութիւնը:

Ինչպէս յայտնի է, ադրբեջանական կողմն իր պարտականութիւնները, ըստ էութեան, կատարել է: Իսկ ահա իրանականը` բառերից այն կողմ այդպէս էլ առաջ չգնաց: Այո, իրանցի գործընկերներն ընդլայնել եւ կատարելագործել են իրենց ներքին երկաթուղային համակարգերը, բայց մինչեւ «հիւսիս-հարաւ» երկաթուղային մայրուղու գործարկման համար պակասող 165-կիլոմետրանոց հատուածի շինարարութեան աւարտն իրանցիների ձեռքերն այդպէս էլ չեն հասել:

Յատկանշական է, որ այս խնդիրը տեղից չշարժուեց անգամ Բաքուի կողմից իրանական կողմին 500 մլն դոլարի արտօնեալ վարկ տրամադրելու որոշումը:

Եւ ահա այժմ Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինութեան նախարար Ռուստամ Ղասեմին վստահեցրել է, որ Իրանը, «անկախ ամէն ինչից», կը կառուցի եւ շահագործման կը յանձնի Ռեշտ-աստարայ երկաթգիծը:

Հասկանալու համար, թէ տարանցիկ փոխադրումների ոլորտում ինչ դժուարութիւններ է ստեղծում երկաթուղու հէնց այդ հատուածի բացակայութիւնը, բերենք միայն մէկ օրինակ: Կոնտեյներները Հնդկաստանից ժամանում են Պարսից ծոցում գտնուող իրանական Շահիդ Ռաջաի նաւահանգիստ, այնուհետեւ կոնտեյներները երկաթուղով տեղափոխւում են Ռեշտ քաղաք, որտեղից աւտոտրանսպորտով տեղափոխւում են իրանական Աստարայ եւ միայն դրանից յետոյ կոնտեյներները տեղափոխւում են Ադրբեջանի տարածքով, ասենք, Ֆինլանդիայ:

Նման կասկածելի լոգիստիկայի դէպքում բեռնափոխադրումները զբաղեցնում են 17-18 օր: Մինչդեռ Ռեշտ-աստարայ երկաթաշերտի շահագործումը կարող էր զգալիօրէն արագացնել փոխադրման ժամանակը եւ խնայել շատ միջոցնէր: Առաւել եւս, որ Իրանից հարաւ գտնուող երկրները այդ երթուղու նկատմամբ աւելի մեծ հետաքրքրութիւն են ցուցաբերում:

Ի պատասխան նախարար Բայրամովը կրկին հաստատել է, որ Ադրբեջանը պատրաստ է աւելացնել “հիւսիս-հարաւ» տրանսպորտային միջանցքի թողունակութիւնը եւ կատարել Ռեշտ-աստարայ երկաթուղու կառուցման իր ստանձնած պարտաւորութիւնները: Բացի այդ, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը, նկատի ունենալով Զանգեզուրի միջանցքը, իրանական կողմին հաւաստիացրել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տրանսպորտային եւ միջազգային հաղորդակցութիւնը վերսկսելու Բաքուի պատրաստակամութեան մասին: Ինչը, բնականաբար, անմիջապէս “հիւսիս-հարաւ» նախագծին տալիս է լրացուցիչ առաւելութիւններ, որոնք Թեհրանում չեն կարող չնկատել:

Եւ ի դէպ ոչ միայն Թեհրանում:

Պուտինը նոյնպէս հետաքրքրուած է “հիւսիս-հարաւ» տրանսպորտային միջանցքով բեռնափոխադրումների ծաւալների մեծացմամբ: Նա, վերջերս իր ելոյթներից մէկում, մասնաւորապէս, յայտարարել է:

«որպէսզի մեր երկրների ընկերութիւններին օգնենք լոգիստիկ եւ կօօպերացիոն կապեր հաստատել, մենք ձեւաւորում ենք տրանսպորտային միջանցքների զարգացում, մեծացնում ենք երկաթուղիների թողունակութիւնը, նաւահանգիստների գերհզօր հզօրութիւնները արեւելեան, հարաւային եւ այլ ուղղութիւններով, այդ թւում` Ազով-սեւծովեան եւ Կասպեան աւազաններում: Մենք նաեւ զարգացնում ենք տրանսպորտային միջանցքները», — ասել է նա: Դրանք կը դառնան “հիւսիս-հարաւ» միջանցքի կարեւորագոյն հատուածը, որը կապահովի կապի կայուն ուղիներ Մերձաւոր Արեւելքի եւ Հարաւային Ասիայի հետ:

Բոլորովին վերջերս Ռուսաստանի առեւտրային նպատակների համար մեծ նշանակութիւն ունեցող Ռեշտ-աստարայ մասնաճիւղի շինարարութեան աւարտի կարեւորութեան մասին յայտարարել է նաեւ ռուս-իրանական գործարար խորհրդի նախագահ Վլադիմիր Օբիդենովը: Միաժամանակ նա պարզաբանել է մամուլում քննարկուած այն հարցը, որ Ռուսաստանը, իբր, մտադիր է աւելացնել բեռնափոխադրումների ծաւալը միայն Կասպից ծովով:

Օբիդենովի խօսքով` իր բեռներն ուղարկելով Իրանի հիւսիսային նաւահանգիստներ, Ռուսաստանը մի կողմից ճանապարհ է բացում դէպի Պակիստան եւ Հնդկաստան, բայց միւս կողմից` բեռնաթափել նաւերից աւտոտրանսպորտով տարաներ եւ Իրանի տարածքով տանել Պակիստան եւ Հնդկաստան` չափազանց բարդ եւ թանկ է: Այդ պատճառով Ռուսաստանը ձգտում է Ադրբեջանի տարածքով փոխարինել ծովային միջանցքը դէպի Իրան, Պակիստան եւ Հնդկաստան:

Ի հաստատումն ռուսական կողմի մտադրութիւնների` պաշտօնեան հանդէս է եկել երկաթուղային ճանապարհով աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկով, որը դրական է ընդունուել Թեհրանում:

Ցանկալի է հաւատալ, որ “հիւսիս-հարաւ» նախագծի իրականացմանը, կարծես, գալիս է երկար սպասուած բեկումը: Լուրջ աշխարհաքաղաքական փոփոխութիւններ են տեղի ունենում, որոնք ստիպում են քաղաքական գործիչներին քայլեր ձեռնարկել, որոնց հետ Նրանք տարիներ շարունակ ձգձգել են:  

Թարգմանեց՝ Գայանէ Մանուկեան

Share