«Սրբազան պայքար»-ի համակարգող մարմինը հանդէս է եկել յայտարարութեամբ

«Սրբազան պայքար»-ի համակարգող մարմինը հանդէս է եկել յայտարարութեամբ

ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման կանոնակարգը ապազգային է եւ հակապետական

«Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգութեան հարցերով յանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական յանձնաժողովի համատեղ գործունէութեան մասին» կանոնկարգը հակասում է ՀՀ պետական, ազգային շահերին եւ ենթակայ չէ վաւերացման։ Այս մասին յայտարարութիւն է տարածել «Սրբազան պայքար»-ի համակարգող մարմինը։

«Սեպտեմբերի 26-֊ին ՀՀ սահմանադրական դատարանի ակնյայտ ապօրինի որոշումից յետոյ «Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգութեան հարցերով յանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական յանձնաժողովի համատեղ գործունէութեան մասին» կանոնակարգը ներկայացուել է Ազգային ժողովի դատին։

Այս առնչութեամբ հարկ ենք համարում արձանագրել  հետեւեալը.

1․ ՀՀ վարչապետի պաշտօն զբաղեցնող անձը ստորագրել է բազմաթիւ փաստաթղթեր (օրինակ՝ 09.11.2020թ-ի Եռակողմ յայտարարութիւն եւ այլն), բայց դրանցից որեւէ մէկը չի անցել ներպետական վաւերացման նման ընթացակարգ (ՍԴ եւ ԱԺ վաւերացում), ինչպէս «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման» կանոնակարգը։ Աւելին, յանձնաժողովի մակարդակով ստորագրուած Կանոնակարգը մտցւում է նման ընթացակարգ այն պարագայում, երբ առնուազն դեռեւս առերեւոյթ առկայ չէ նմանատիպ որեւէ գործընթաց Ադրբեջանում։

Այսպիսի վարքագիծը խօսում է Ադրբեջանի կողմից հերթական պահանջի կատարման եւ պետական առերեւոյթ յանցագործութիւն կատարելու պատասխանատուութիւնը մէկ անձից այլոց վրայ տարածելու միտման մասին (Սահմանադրական դատարան, ԱԺ պատգամաւորներ, ԱԺ ՔՊ խմբակցութիւն, ինչպէս նաեւ 2021թ-ի ընտրութիւններում ՔՊ ընտրողներ)։

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների բացակայութեան, Ադրբեջանի կողմից ուժի սպառնալիքի առկայութեան պայմաններում նման գործընթացի նախաձեռնումն ի սկզբանէ հարցականի տակ է դնում գործընթացի լեգիտիմութիւնը։
Տեսանելի է նաեւ, որ Ադրբեջանը Ալմայ Աթայի հռչակագրի վրայ յղուելու եւ այդ հիմքով որեւէ գործընթաց տանելու իրական ցանկութիւն չունի։ Սա պարզ է դառնում այն բանից, որ Կանոնակարգը զուրկ է իրաւական որոշակիութիւնից, այն չի ամրագրում սահմանազատման եւ սահմանագծման միասնական իրաւական հիմք, աւելին, Կանոնակարգի նախաբանով հիմք է դրւում հատուածական սահմանագծման եւ սահմանազատման համար՝ Ալմայ Աթայի հռչակագրից զատ սահմանազատման եւ սահմանագծման հիմք հռչակելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման ենթադրեալ պայմանագիրը։
Այսինքն՝ սա դառնալու է հանրութեան վրայ «վաճառած» հերթական կեղծիքը, իբր պրոցեսը գնում է Ալմայ Աթայի հռչակագրով։

Յաւելենք՝  Ալմայ Աթայի հռչակագրով գնացող պրոցեսն ինքնին պրոբլեմատիկ է մեր ազգային եւ պետական շահի տեսանկիւնից, բայց Ադրբեջանը նոյնիսկ դրա ցանկութիւնը չունի, ինչը յստակ արտացոլուած է սոյն Կանոնակարգում։

Մայիս ամսին Տաւուշում իրականացուել է զօրքերի ապօրինի ետքաշում եւ ՀՀ սահմանների փաստացի փոփոխութիւն, սակայն Կանոնակարգը այդ գործընթացներից միայն ամիսներ անց է ներկայացուել Սահմանադրական դատարանի եւ Ազգային ժողովի դատին։ Սա եւս մէկ ապացոյց է, որ մայիս ամսին Տաւուշում իրականացուած գործընթացը ոչ մի կապ չուներ սահմանազատման եւ սահմանագծման հետ, այլ ընդամէնը միակողմանի զիջում էր։
Ադրբեջանը պարտադրանքի ուժով Տաւուշում հասել է իր նպատակին։ Նոյն կերպ, բոլոր այն տեղէրում, որտեղ իր համար նպաստաւոր վիճակ է, անելու է նոյնը, այսինքն՝ սահմանի՝ Ադրբեջանի համար նպաստաւոր հատուածները համարուելու են սահմանազատուած եւ սահմանագծուած ըստ այս Կանոնակարգի, որից յետոյ Ադրբեջանը կարող է տարիներ ձգել այս գործընթացը եւ մենք չունենանք սահմանազատուած է սահմանագծուած սահման։ Սա էլ իր հերթին գործընթացի ներքոյ դրուած ռումբ է։

Ուստի, հաշուի առնելով վերոյիշեալը, «Սրբազան պայքարը» յայտարարում է`  «Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգութեան հարցերով յանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական յանձնաժողովի համատեղ գործունէութեան մասին» կանոնկարգը հակասում է ՀՀ պետական, ազգային շահերին եւ ենթակայ չէ վաւերացման։

Նշուած փաստաթղթի ընդունմանը կողմ քուերակող իւրաքանչիւր ոք կիսում է առերեւոյթ պետական դաւաճանութեան տարրեր պարունակող գործընթացի մասնակիցը լինելու պատասխանատուութիւնը»։

Share