ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին ասւում է գլխաւոր քարտուղարի պաշտօնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքի մեկնաբանութեան մէջ:
«Գլխաւոր քարտուղարը խորապէս մտահոգուած է Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատութեան հետ կապուած պահպանուող խնդիրների մասին հաղորդագրութիւններով», — infoport-ի փոխանցմամբ` նշել է Հաքը։
Նրա խօսքով` գլխաւոր քարտուղարը յիշեցնում է իր նախորդ յայտարարութիւնն այն մասին, որ կողմերը պէտք է կատարեն միջազգային դատարանի որոշումները, այդ թւում` 2023 թուականի փետրուարի 22-ի վճիռները, ինչպէս նաեւ այն որոշումները, որոնք վերաբերում են Լաչինի միջանցքի երկու ուղղութիւններով անձանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել տեղաշարժի ապահովմանն ուղղուած միջոցառումներին։
«Նա յատկապէս մտահոգուած է «գէտնի վրայ» հումանիտար իրավիճակի վատթարացման մասին հաղորդագրութիւններով եւ կոչ է անում շտապ միջոցներ ձեռնարկել հասանելիութիւնը հեշտացնելու համար` կարիքաւորներին մարդասիրական օգնութիւն հասցնելու նպատակով»,-նշել է Հաքը։
Նա յաւելել է, որ գլխաւոր քարտուղարը երկու կողմերին կոչ է անում ակտիւացնել ջանքերը յարաբերութիւնների երկարաժամկէտ կարգաւորման ուղղութեամբ` ի շահ խաղաղութեան եւ հանուն տարածաշրջանում անվտանգութեան: