Տարածաշրջանում աշխարհագրական սահմանների փոփոխութիւնն Իրանի համար անընդունելի է

Տարածաշրջանում աշխարհագրական սահմանների փոփոխութիւնն Իրանի համար անընդունելի է

«Օրբելի» վերլուծական կենտրոնում յունուարի 30-ին կայացել է հանդիպում Իրանի Իսլամական Հանրապետութեան Գերագոյն առաջնորդի խորհրդական, Արտաքին յարաբերութիւնների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի գլխաւորած պատուիրակութեան հետ, որին մասնակցել են նաեւ հայկական փորձագիտական հանրութեան մի շարք ներկայացուցիչներ։ Իրանական պատուիրակութեան կազմում են եղել նաեւ ԻԻՀ Արտաքին յարաբերութիւնների ռազմավարական խորհրդի քարտուղար Աբբաս Արաղչին եւ ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

Ինչպէս «Արմենպրես»-ին տեղեկացրին «Օրբելի» վերլուծական կենտրոնից, անդրադառնալով Իրանի եւ Հայաստանի պատմական ու բարեկամական յարաբերութիւններին՝  ԻԻՀ Գերագոյն առաջնորդի խորհրդական, Արտաքին յարաբերութիւնների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին իր ելոյթում ընդգծել է այդ յարաբերութիւններն ընդլայնելու Իրանի իսլամական հանրապետութեան վճռականութիւնը։ Նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը սատարում է այս տարածաշրջանի բոլոր երկրների անկախութեանը, ինքնիշխանութեանն ու տարածքային ամբողջականութեանը, իսկ աշխարհագրական սահմանների փոփոխութիւնն Իրանի համար անընդունելի է։ Խարազին ընդգծել է նաեւ, որ իրանական կողմը աջակցում է ՀՀ կառավարութեան առաջ քաշած «Խաղաղութեան խաչմերուկ» նախագծին:

Ըստ աղբիւրի՝ Քամալ Խարազին հաստատել է, որ Իրանը, որպէս հիւսիս-հարաւ եւ արեւելք-արեւմուտք հաղորդակցային ուղիներն իրար կապող առանցք, պատրաստ է իր տնտեսական եւ գիտական կարողութիւնները ներդնել այս տարածաշրջանի զարգացման ու առաջընթացի գործում։

Նշւում է, որ հանդիպման վերջում նա պատասխանել է հայ փորձագէտների հարցերին։

Share