Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եւրախորհրդարանի պատգամաւորներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եւրախորհրդարանի պատգամաւորներին

Նոյեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրայ­գոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց Եւրախորհրդարանի պատգամաւոր, Արցախի հետ ԵԽ բարեկամութեան խմբի համահիմնադիր Պետէր Վան Դալենին եւ նրա գլխաւորած պատուիրակութեանը՝ ուղեկցութեամբ ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանի։

Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ ԵԽ պատգամաւորների այցը Հայաստան տեղի է ունենում հայ ժողովրդի համար դժուարին իրավիճակում, երբ երկրի առջեւ ծառացած են հետպատերազմեան բազմաթիւ մարտահրաւէրներ եւ անվտանգային հարցեր։ Նորին Սրբութիւնը կարեւորեց նման այցելութիւնները, որոնք նպատակ ունեն ամրապնդելու ու զօրացնելու փոխգործակցութիւնը ԵԽ եւ Հայաստանի միջեւ՝ միտուած առկայ մարտահրաւէրների յաղթայարմանը։

Անդրադառնալով սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծուած ռազմական գործողութիւններին՝ Հայոց Հայրապետը ցաւով արձանագրեց, որ հայկական կողմն ունեցել է մարդկային ու տարածքային մեծ կորուստներ։ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականութեան դատապարտման եւ կանխման հարցում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարեւորեց միջազգային հանրութեան աջակցութիւնը՝ յոյս յայտնելով, որ բարեկամ երկրները, միջազգային կառոյցները, այդ թւում նաեւ Եւրոպայի Խորհուրդը, յստակ կեցուածք կարտայայտէն ու քայլեր կը ձեռնարկէն տարածաշրջանն ապակայունացնող Ադրբեջանի ծաւալապաշտական նկրտումների զսպման, Արցախի ժողովրդի ազատ ու անվտանգ կեանքի իրաւունքի ապահովման, առ այսօր Ադրբեջանում պահուող ռազմագերիների վերադարձման ուղղութեամբ։

ԵԽ պատգամաւորներն իրենց պատրաստակամութիւնը յայտնեցին զօրակցելու յիշեալ խնդիրների բարձրաձայնման եւ յաղթայարման գործում։

Զրոյցի ընթացքում անդրադարձ կատարուեց նաեւ Ադրբեջանի վերահսկողութեան տակ յայտնուած տարածքներում Արցախի հայկական հոգեւոր-մշակութային ժառանգութեան ոչնչացման ու իւրացման փաստէրին։

Share