Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց ՀԲԸՄ 93-րդ համագումարին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց ՀԲԸՄ 93-րդ համագումարին

Հոկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նյու Եօրքում (ԱՄՆ) մասնակցեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան (ՀԲԸՄ) 93-րդ համագումարին, որի ընթացքում իր հայրական պատգամը փոխանցեց մասնակիցներին:

Նորին Սրբութիւնն իր օրհնութիւնն ու բարձր գնահատանքը բերեց տիար Պերճ Սեդրակեանին, ով տքնաջան աշխատանքով, ազգանուիրումի ոգով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ սիրով ու հաւատարմութեամբ քսաներկու տարիներ նախանձախնդրօրէն գործել է իբրեւ ՀԲԸՄ նախագահ, իսկ այսուհետ պատուոյ նախագահի նոր հանգամանքով պէտք է շարունակի իր նուիրեալ ծառայութիւնը բերել Միութեանն ու հայ ժողովրդին։

Հայոց Հայրապետը առանձնակի գոհունակութեամբ ընդգծեց նաեւ ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի ատենապետ տիար Վաչէ Մանուկեանի ազգօգուտ եւ եկեղեցաշահ բազում իրագործումներն ու մեծ վաստակը եւ հնմուտ առաջնորդութիւնն ի նպաստ Բարեգործականի առաքելութեան արգասաւորման։

ՀԲԸՄ նախագահութիւնը ստանձնելու առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շնորհաւորանքներն ու օրհնութիւնը բերեց տիար Սեմ Սիմոնեանին։ Անդրադառնալով նոր սերնդի կրթութեան եւ տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում տիար Սիմոնեանի նշանակալի աւանդին՝ Նորին Սրբութիւնը վստահութիւն յայտնեց, որ վերջինս նոյն նախանձախնդրութեամբ ու մեծ փորձառութեամբ կղեկավարի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնը, հաւատարիմ Բարեգործականի աւանդներին, նոր ձեռքբերումներով կպայծառացնի նուիրական հաստատութեան դարաւոր բարի համբաւն ու հեղինակութիւնը։

Իր խօսքում Հայոց Հւուապետը, անդրադառնալով ՀԲԸՄ հայրենաշէն եւ եկեղեցանուէր գործունէութեանը, ի մասնաւորի նշեց․ «Բոլոր ժամանակներում, յատկապէս մեր ժողովրդի համար ծանր եւ փոթորկալի իրավիճակներում, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնը, համաձայն Միութեան հիմնադիրների տեսիլքի, իր կարելիութիւններն ի սպաս է դրել ազգիս կարիքաւոր զաւակների հոգածութեան ու խնամքի համար։ Միութիւնը հայութեան ու հայրենեաց կեանքի անհրաժեշտութիւններից ելնելով յետագային առանձնակիօրէն հետամուտ է եղել գիտական, կրթական, մշակութային, առողջապահական ոլորտների զարգացմանը, Սփիւռք-Հայաստան կապերի սերտացմանը եւ մեր ժողովրդի ինքնութեան պահպանմանը»։

Ամենայն Հայոց Հայրապետն ընդգծեց, որ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնը մեծ ներդրում է բերել հայրենիքի առաջընթացին, թէ՛ խորհրդային տարիներին եւ թէ՛ անկախ պետականութեան վերահաստատումից յետոյ, ինչպէս նաեւ գովարժան ծրագրեր իրականացրել հանուն Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների շէնացման ու զօրացման։

«Վերջին շրջանի աղէտալի իրադարձութիւնների պայմաններում Միութիւնը կարեւոր աջակցութիւն է ցուցաբերել Արցախից բռնի տեղահանուած հաեորդիներին։ Գնահատանքով ենք արձանագրում, որ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բազում նախաձեռնութիւններ եւս իրականացւում են Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան աջակցութեան, նրա անդամների սիրայօժար յանձնառութիւնների շնորհիւ»,-նշեց Նորին Սրբութիւնը՝ յաւելելով, որ Միութեան սատարումով Հայաստանում գործող Հաեորդեաց տներում հազարաւոր երեխաներ բացայայտում են իրենց ունակութիւններն ու շնորհները, կրթւում եւ դաստիարակւում ազգասէր ու հայրենանուէր ոգով։

Նորին Սրբութիւնը մտահոգութեամբ անդրադարձաւ նաեւ հայ ժողովրդի առջեւ ծառացած անվտանգային մարտահրաւէրներին․ «Նման կացութեան մէջ մտահոգիչ են ազգային կեանքում տիրող անհամերաշխութիւնն ու պառակտուածութիւնը, որոնք խոչընդոտ են հանդիսանում ի նպաստ հայրենիքի համազգային ներուժի համախմբման, Հայաստան-սփիւռք յարաբերութիւնների բնականոն զարգացման, առկայ լրջագոյն հիմնախնդիրների դիմագրաւման եւ ազգային ինքնութեան պահպանման համար, առաջնահերթութիւններ, որ մշտապէս եղել են Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան գործունէութեան առանցքում»։

Այս առնչութեամբ Վեհափառ Հայրապետը վստահութիւն յայտնեց, որ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնը պիտի շարունակի ջանքեր գործադրել առկայ մարտահրաւէրների յաղթայարման ուղղութեամբ՝ օգտակար ծառայութիւններ մատուցելով աշխարհասփիւռ մեր ժողովրդին ու հայրենիքին։

Վերջում Հայոց Հւուապետը «Պահպանիչ» աղօթքով օրհնեց Միութեան Հոգաբարձուների խորհրդի եւ կենտրոնական վարչութեան անդամներին, համաժողովի մասնակիցներին ու ներկաներին՝ մաղթելով Բարձրեալի զօրակցութիւնը Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեանն իր պատուական առաքելութեան եւ օրհնեալ ծառայութեան ճանապարհին։

https://www.armenianchurch.org/

Share