Շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է. նա սառեցնում է հոգեւոր ծառայութիւնը

Շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է. նա սառեցնում է հոգեւոր ծառայութիւնը

«Տաւուշը յանուն հայրենիքի» շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է, հանրահաւաքին յայտարարեց արեւելագէտ Գուրգէն Մելիքեանը։

Նա ասաց, որ մէկ ամիս եղել հանդիպումներ եւ խորհրդակցութիւններ են ունեցել տարբեր ոլորտների ներկայացուցիչների, խմբերի հետ՝ քաղաքական կուսակցութիւններից մինչեւ հասարակական միաւորներ, բուհական եւ այլն։

«Բոլոր հանդիպումների եւ քննարկումների մասնակիցների ճնշող մեծամասնութիւնը եղել է միակարծիք, որ այդ մարդը, իհարկէ, Բագրատ սրբազանն է», — ասաց նա՝ շարունակելով, — «Մենք հասկանում ենք, որ սա արքեպիսկոպոսի համար ծանր որոշում է, քանի որ փոխում է նրա կեանքի ամբողջ ընթացքը։ Սա ծանր որոշում է, սակայն սա ծառայութեան մի մասն է»։

Տաւուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանը յայտնեց, որ հոգեւոր հանգամանքի հետ չի կարող համատեղել վարչապետի թեկնածու լինելու պարագան։

«Այդ պատճառով ես, Վեհափառ Հայրապետին ներկայացնելով իրավիճակը, խնդրել եմ իմ 30 ամեայ հոգեւոր ծառայութիւնը սառեցնել», — յայտարարեց նա։

Սրբազանը եւս մէկ անգամ դիմեց վարչապետին՝ հրաժարականի պահանջով։

Վարչապետ Փաշինեանի հրաժարականը պահանջող շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանը Սահմանադրութեամբ չի կարող առաջադրուել՝ երկքաղաքացի է։ Կանադայի քաղաքացիութիւնից հրաժարուելու դէպքում էլ նրա թեկնածութիւնը օրէնքով չի կարող հաստատուել։ Ընդդիմութեան սցենարով դրան հնարաւոր է հասնել հանրային ճնշմամբ։ Իշխանականները համոզուած են՝ Փաշինեանի կառավարութեան դէմ հանրային ճնշում չկայ, եւ որ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումն էլ մարել է։

Share