Մեր հայրենիքում ու պետութեան մէջ իմ դիմաց ոչ ոք չի կարող ճանապարհ փակել, վերադառնում եմ Կիրանց գիւղից, իրենք ողջոյններ են յղում, խնդրում են մենակ չթողնել, եւ չենք թողնելու եւ այդ արցունքներին ու այդ ողբերգութեանը պէտք է պատասխան գտնուի։
Այս մասին Կիրանցից վերադառնալուց յետոյ լրագրողներին ասաց Տաւուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։
Նա պատմեց, որ կիրանցիներն իր այցից քաջալերուել են․
«Ասացին մինչեւ վերջ գնացեք, մենք ձեր թիկունքին ենք։ Այն մարդիկ, որոնք այսօր արտասւում են, այդ արցունքներին պէտք է պատասխան տրուէն, այդ արցունքները չէն կարող հէնց այնպէս անցնել։ Այս արհաւիրքն ու աղէտը պէտք է կանգնի, ոստիկանական շրջափակման պատճառով այդ մարդիկ դարձել են պատանդ գերի, իրենք գերի, մենք գերի, սա է ամբողջ իրականութիւնը»,- ասաց նա ու պատմեց գիւղում տիրող իրավիճակից։
«Նախ գիւղն իմ ճանաչած գիւղը չէր, կեանքն էր փոխուել։ Երբ մտել եմ գիւղ, կարծես ուրուականների գիւղ լինէր, մարդ չկար գիւղում, ես այդպէս երբեք չեմ տեսել այդ գիւղը, գիւղում իրենց անկիւններում թաքնուած մարդիկ ապրում են, հոգին են սպանել մարդկանց, պատիւն են տարել։ Երբ իմացան գիւղում եմ, հաւաքուեցին գիւղամիջում միանգամից եւ բոլորի խնդրանքն ու մաղթանքն է՝ այս աղէտը պէտք է կանգնի եւ այո՛ պէտք է կանգնի»,- ասաց նա։
Սրբազանը շեշտեց՝ մեր երկրում ոչ ոք չպէտք է արգելի որեւէ բան անել, որտեղ ուզենք, պէտք է գնանք, ինչպէս ուզենք պէտք է գնանք․
«Ես իրենց ասացի՝ իրենց այս շրջանի հոգեւորականն եմ։ 14 օր չեմ տեսել, թողեք գնամ, իմ ժողովրդին տեսնեմ, ասացին՝ ոչ, դէ ոչ, ոչ, հիմա եղա՞վ այո։ Երկու բան ենք ֆիքսում՝ կամ հրեշտակներն են կարողացել տանել, կամ ոստիկանական համակարգ գոյութիւն չունի»,- նշեց նա։
Հարցին՝ Երեւան վերադառնալուց յետոյ աւելի կոշտ պայքար կը տեսնե՞նք, նա պատասխանեց․
«Քայլ առ քայլ պայքարը հասնում է իր նպատակներին, պայքարն ունի օրակարգ, ծրագիր եւ շարժւում է այդ օրակարգ-ծրագրով»։
Նա տեղեկացրեց, որ կուերադառնան Երեւան, քանի որ իրենց ցանկութիւնն ու նպատակն էր գնալ գիւղ։
«Գնացինք, դժբախտաբար, չէին թողնում, բայց գնացինք, թող իմանան որ համակարգն էլ չի գործում, թող մտածէն։
Այս ամէն ինչի սուտը ո՞րն է, գիւղացիներն ապրում են գիւղում, մեքենաներ գալիս անցնում են նոյն տարածքով։ Անցնում են, չէ՞ բա իրենց համար վտանգաւո՞ր չէ, մէզ համար վտանգաւո՞ր է։ Մենք պէտք է գնանք Թիֆլիսից հետ գա՞նք, որ կարողանանք մենք էլ անցնել, ի՞նչ է սա։
Այս ամբողջ ճանապարհի գործընթացը, որ կատարուոմ է լրիւ հակասահմանադրական յանցագործութիւն է, իրենք քիչ չէ յանցագործ են, այս ոստիկաններին էլ են յանցակից դարձրել։ Ինձ, որպէս այս շրջանի հոգեւոր հւուի, արգելւում է արդէն 2-րդ անգամ այցելել իմ ժողովրդին, որոնք գտնւում են ծանր հոգեբանական վիճակում»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Նա դիմեց իրաւապաշտպան կազմակերպութիւններին, միջազգային կառոյցներին, հարցնելով՝ ընդունելի՞ է սա նրանց համար։
«Ես մարդկայնօրէն խնդրեցի ոստիկաններին, ապա հրապարակային դիմեցի ՆԳ նախարար Վահէ Ղազարեանին՝ թողնէն գնամ գիւղ ու վերադառնամ, թոյլ չտուեցին, բայց ես գնացի։ Մենք օտարի սահման չենք անցնում, որ այսքան մարդիկ կանգնել, արգելում են, մի հատ էլ անձնագիր են ստուգում»,- ասաց նա։