Հայաստանի իշխանութիւնները վերջին շրջանում պարբերաբար խօսում են Սահմանադրութիւնը, ինչպէս նաեւ անկախ պետականութեան միւս խորհրդանիշերը՝ օրհներգն ու զինանշանը փոխելու անհրաժեշտութեան մասին։ Նրանց պնդմամբ՝ գործող սահմանադրութիւնը, օրհներգը եւ զինանշանը խոցելի տեղէր ունեն, որոնք մարտահրաւէրներ են պարունակում մեր պետականութեան եւ դրա ճկունութեան համար։
Օրերս էլ ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանն էր համոզմունք յայտնել, որ Հայաստանի Հանրապետութեան օրհներգը վաղ թէ ուշ պէտք է փոխուի, այն պէտք է լինի հայկական, կապ ունենայ մեր պետութեան ու հայկական երաժշտութեան հետ եւ լինի օրհներգի կանոններին համապատասխան: «Չեմ պնդում, որ այն պէտք է փոխարինել մեծն Արամ Խաչատրեանի երաժշտութեամբ, որը, ըստ իս, շքեղ է, անգերազանցելի եւ մաքսիմալ հայկական, բայց ակնյայտ է, որ առկայ օտարածին օրհներգի փոփոխութիւնն անհրաժեշտութիւն է»,- ասել էր նա։
Oragir.News-ը թեմայի վերաբերեալ զրուցել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանի հետ.
-Տիկի՛ն Գալստեան, ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանը յայտարարել է, որ ՀՀ օրհներգը վաղ թէ ուշ պէտք է փոխուի, այն պէտք է լինի հայկական, կապ ունենայ մեր պետութեան ու հայկական երաժշտութեան հետ եւ լինի օրհներգի կանոններին համապատասխան: Նրա խօսքով՝ առկայ օտարածին օրհներգի փոփոխութիւնն անհրաժեշտութիւն է: Ինչպե՞ս կմեկնաբանեք Սիմոնեանի պնդումները։
-Բացարձակապէս սխալ եւ մտացածին հաստատումներ են։ Նախ՝ ՀՀ կարեւորագոյն խորհրդանիշերի՝ օրհներգի, ինչպէս նաեւ ՀՀ զինանշանի շուրջ հերթական ալիքը պէտք է դիտարկել զուտ քաղաքական համատեքստում, եւ յատկապէս թուրք-ադրբեջանական պատուէրի շրջանակներում, ինչը չէն թաքցնում նաեւ որոշ ՔՊ-ականներ։ ՀՀ իշխանութիւնները լեգիտիմացնում են ադրբեջանական թեզերը, սա յստակ է։
Օրհներգը սոսկ երաժշտական կոթող չէ, այլ ժողովրդի պատմական քաղաքական զարգացման փուլերով, նրա անցեալով եւ իղձերով պայմանաւորուած խորհրդանշական ուղերձ, որը սերունդների յաջորդականութեան, համերաշխութեան, ինքնութենական բաղադրիչների հաւաքական պատկերն է:
Ինչ վերաբերում է մեր օրհներգի օտարածին լինելուն․ բառերը Միքայել Նալբանդեանինն են, մեղեդին մշակել է Կոմիտասի առաջին ուսուցիչ Քրիստափոր Կարայ-Մուրզան, եւ այն առաջին անգամ հնչել է 1885-ին, Թիֆլիսում։ Յետագայում, 1920-1930թթ, այն վերամշակել է Բարսեղ Կանաչեանը։ «Մեր Հայրենիքն» ունի խորը պատմական կոնտեքստ․ Առաջին հանրապետութիւն, Սփիւռքեան ինքնութիւն, պահանջատիրութիւն, Հայաստան-Սփիւռք մէկութիւն, ազատութեան եւ անկախութեան անկասելի տենչ։
Պետական հիմների յատուկ սահմանումներ, կանոնակարգուած սահմաններ չկան։ Օրինակ Միացեալ թագաւորութեան օրհներգը 1745-ին է հաստատուել, ուր «Ոչնչացրու նրա թշնամիներին եւ տար նրանց կործանման» տողերը կան։ ԱՄՆ օրհներգը անգլիական գինետան երգն է։ Օրհներգին որպէս մեղեդի վերաբերուելը մերկապարանոց է։
-Համաձա՞յն եք Սիմոնեանի այս դիտարկումների հետ, Ձեր համոզմամբ ինչո՞ւ են վերջին շրջանում ԱԺ նախագահը եւ իշխանութեան ներկայացուցիչները նման քննարկումներն օրակարգ բերում։
-Սա ոչ թէ մեր ազգային եւ պետական օրակարգն է, այլ՝ թուրք-ադրբեջանական օրակարգը, որին ինքնամոռաց լծուել են Հայաստանի իշխանութիւնները, ՔՊ-ն ու նրանց մունետիկները։ Սա նաեւ նրանց իշխանութեան մնալու գինն է։
Թէ՛ սահմանադրութեան, թէ՛ պետական կարեւորագոյն խորհրդանիշերի փոփոխութեան, թէ Հայ ժողովրդի պատմութեան վերաձեւման պատուիրատուն թուրք-ադրբեջանական տանդէմն է։ Մեր երկրում, փաստօրէն, ներազգային գործընթացներ են տեղի ունենում Բաքուի պահանջով, եւ ՀՀ իշխանութիւններն, ըստ էութեան, Բաքուի եւ Անկարայի քաղաքական կամքի կատարածուներն են։
Թուրքիան երբեք չի հրաժարուել տարածաշրջանում հայ ինքնութեան վերացման իր նկրտումներից․ ցեղասպանութիւնից, 44-օրեայ պատերազմից, Արցախի էթնիկ զտումից եւ հայաթափումից յետոյ, հերթը հասել է Հայաստանին։ Պարտուած բանակցողից վերցնել հնարաւորը եւ մէկընդմիշտ՝ ջնջելով մեր պատմական յիշողութիւնը, տարածաշրջանում մեր քաղաքակրթական ներկայութիւնը եւ ապագայի տեսլականը։ Սա պարտուածների իշխանութեան մնալու գինն է․ նրանց ձեռքով զաւթել հնարաւորը՝ Հայաստանի ապագայի հաշուին․․․
-Ներկայումս Հայաստանի անվտանգային խնդիրները պայմանաւորուա՞ծ են օրհներգով, զինանշանով եւ սահմանադրութեամբ։
-Իհարկէ՝ ոչ։ Քաղաքագիտական եւ քաղաքական անմեղսունակութիւն է կարծել, թէ Սահմանադրութեան փոփոխութիւններով են մրցունակ, կամ անվտանգ դարձնում երկիրը (սա նրանց թեզերից մէկն է), կայունացնելու, կամ կասեցնելու Հայաստանին ուղղուած մարտահրաւէրները։
Հայաստանին մրցունակ իշխանութիւն է հարկաւոր, ազգային պետական շահ հետապնդող, պետականութեան գինն իմացող եւ աշխարհաքաղաքական փոթորկուն միջավայրում Հայաստանի կենսունակութիւնն ապահովող իշխանութիւն։ Երկիրը մրցունակ, անվտանգային ողջ համալիրն էլ մրցունակ են դարձնում, բանակաշինութեամբ, ներազգային համերաշխութեամբ, սոցիալ տնտեսական ծրագրային քաղաքականութեամբ, Հայաստան-Սփիւռք պոտենցիալը մոբիլիզացնելով, ինչպէս նաեւ վերականգնելով այն ամէնը, ինչ սրանք կազմաքանդել են։ Նրանք, իրականում էլ անելիք չունեն:
-Հնարաւոր համարո՞ւմ եք, որ այս քննարկումներն արւում են ռուսական կողմի դրդմամբ՝ Սուէտական Հայաստանի մասին յուշն արթնացնելու նպատակով, քանի որ Սիմոնեանն իր խօսքում անգերազանցելի ու մաքսիմալ հայկական էր որակել Արամ Խաչատրեանի երաժշտութիւնը։
-Իհարկէ՝ ոչ։ Այս ամէնի պատուիրատուն էլ, շահառուն էլ թուրք-ադրբեջանական տանդէմն է։ Եւ սա պէտք է դիտարկել ողջ քաղաքական համատեքստի մէջ։
Որ Արամ Խաչատրեանը հանճարեղ կոմպոզիտոր է, եւ նրա երաժշտութիւնը բարձրարուեստ՝ անքննելի է։ Բայց օրհներգին, իմ խորը համոզումով, չի կարելի վերաբերուել սոսկ որպէս երաժշտական ֆենոմէն։
Դաւիթ Գուիւմջեան