Բաքուի դատարանը մերժել է Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանի վերաքննիչ բողոքը։ Տեղեկութիւնը յայտնում են ադրբեջանական լրատուամիջոցները։
Բաքուի դատարանը մայիսի 16–ին 5 ամսով երկարաձգել է Վարդանեանի կալանքի ժամկէտը: Նրա փաստաբանները Բաքուի դատարանի որոշումը համարում են անօրինական եւ անհիմն: Վարդանեանը մեկուսարանում է աւելի քան 7 ամիս։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների` վերաքննիչ դատարանը մերժել է Վարդանեանի՝ կալանքի ժամկէտը երկարացնելու բողոքը՝ խափանման միջոցի վերաբերեալ որոշումը թողնելով ուժի մէջ:
Յիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները 2023 թուականի սեպտեմբերի վերջին ձերբակալեցին Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբէն Վարդանեանին, ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականեանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դաւիթ Մանուկեանին, Արցախի նախկին արտգործնախարար Դաւիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դաւիթ Իշխանեանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասեանին, Բակոյ Սահակեանին, Արայիկ Յարութիւնեանին։