Թադեւոս Աւէտիսեան. Իշխանութիւնները 6 տարում կրկնապատկել են պետական պարտքը, յաջորդ տարի ունենալու ենք պարտքի կառավարման ռիսկի էական աւելացում
«Հայաստանը «Հիւսիս-Հարաւ»-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատուածի կառուցման համար 236 մլն եւրոյի վարկ կը ներգրաւի ՎԶԵԲ-ից», «Հայաստանը Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկից կը ներգրաւի շուրջ 92 մլն եւրոյի վարկ», «100 մլն դոլարի վարկ՝ Կայունացման եւ զարգացման եւրասիական հիմնադրամից. ԱԺ յանձնաժողովը հաւանութիւն տուեց համաձայնագրին»․ սրանք նոր պարտքային բեռի մասին օրուայ գլխագրերն են։
Վարկային նոր բեռ ներգրաւելու մասին որոշումներն այսօր հաւանութեան են արժանացրել Ազգային ժողովի ֆինանսաւարկային եւ բիւջետային հարցերի յանձնաժողւում։
Իսկ մասնագիտական շրջանակներն ահազանգում են՝ վերջին տարիներին կառավարութիւնն այնքան պարտքեր է վերցրել, որ պարտքի սպասարկումը դարձրել է ռիսկային։
«2025 թուականին կառավարութեան պարտքի մարման եւ սպասարկման համար կը պահանջուի 1,117.1 մլրդ դրամ, որից 723.0 մլրդ դրամը կը կազմէն պարտքի գծով մարումները, իսկ 394.1 մլրդ դրամը՝ տոկոսավճարները»,- օրերս հաստատուած յաջորդ տարուայ պետական բիւջէի նախագծում արձանագրել է կառավարութիւնը։
«Միայն այս տարուայ 8 ամիսներին գրեթէ ամսական միջինը 100 միլիոն դոլարով մեր պետական պարտքն աւելացել է, եւ պէտք է փաստենք, որ այս իշխանութեան 6 տարիներին պետական պարտքը կրկնապատկուել է»,- 168.am-ի հետ զրոյցում թեմայի առնչութեամբ արձանագրումներ արեց ԱԺ պատգամաւոր, տնտեսագէտ Թադեւոս Աւէտիսեանը։
Թէ որքանո՞վ են դրանք արդիւնաւետ ծախսւում՝ հարցին ի պատասխան էլ՝ նա թէեւ ամբողջական գնահատում չտուեց, սակայն շեշտեց՝ այն, ինչ ասւում է այդ առնչութեամբ պաշտօնական շրջանակների կողմից, իրական փաստէրից էապէս տարբերւում է։
«Իրենք պետական բիւջեով նախատեսում են կապիտալ ծախսէր եւ ասում են, որ պետական պարտքն ուղղւում է նաեւ այդ ծախսէրին՝ դպրոցաշինութիւն, ջրամբարաշինութիւն եւ այլն։ Բայց փաստը փաստ է, որ այդ ծախսէրը նախ՝ թերակատարւում են, իսկ արդիւնաւետութեան իմաստով հիմնական ցուցիչ է մէկ անձից պետական գնումների աճն ու ամենատարբեր ռիսկերով այդ ծախսէրի իրականացումը։ Եւ, վերջին հաշուով, նաեւ պէտք է փաստենք, որ մենք տարէցտարի ունենում ենք վերցրած վարկեր, պետական պարտք, որն իրականում չի ծախսւում իր նպատակին, բայց վճարւում են տոկոսները, որոնք տասնեակ-միլիոնաւոր դոլարների են»,- պարզաբանեց պատգամաւորը։
Թադեւոս Աւէտիսեանը շեշտեց՝ պետական պարտքի աւելացումը դեռեւս չի բերել պարտքային ճգնաժամի ու ռիսկերի՝ նախորդ երկու տարիներին ունեցած բարձր տնտեսական աճերի հանգամանքով պայմանաւորուած․ այդ աճերն էլ արտաքին պատահական գործոնների ազդեցութեամբ են։
«Յաջորդ տարի շարունակուելու է պարտքի աւելացումը, եւ 2025 թուականի համար պետական բիւջեով նախատեսուած է պարտքի սպասարկման գումար՝ 1 միլիարդ դոլարի չափով, իսկ ՀՆԱ աճը նախատեսուած է 5,7 տոկոս (այդպէս են իրենք կանխատեսում), ինչը երկու անգամ պակաս է, քան այս տարուայ ցուցանիշը, բայց նոյնիսկ այդ ցուցանիշը շատ բարդ է լինելու կատարել։
Այսինքն՝ յաջորդ տարուայ աւարտին արդէն ունենալու ենք պարտքի կառավարման ռիսկի էական աւելացում»,- ամփոփեց տնտեսագէտը։