«Առանց վերջնական համաձայնութեան եւ փոխադարձութեան սկզբունքի պահպանման, հատուածական սահմանազումն ու սահմանագծումն ամբողջութեամբ բխում է Ադրբեջանի շահերից». ԱԺ ճեպազրոյցների ժամին յայտարարեց «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Սեյրան Օհանեանը՝ նշելով, որ այս գործընթացում ադրբեջանական նախապայմանները միակողմանի բաւարարելը «յանցագործութիւնն է, դաւաճանական պահուածք է սեփական ժողովրդի նկատմամբ»։
«Այդ գործընթացից յետոյ մենք չենք կարող վստահ լինել, որ ադբեջանական ստորաբաժանումներն այլ հատուածներից հետ են քաշուելու։ Իմ այդ հարցին երէկ Նիկոլ Փաշինեանն այդպէս էլ չպատասխանեց։ Այս ընթացակարգի խախտումը նաեւ սահմանադրական նորմի խախտում է, եւ գտնում եմ, որ այս գործընթացի մէջ ներառուած մարդիկ պէտք է պատասխանատուութիւն կրէն»,-ասաց նա։
Սեյրան Օհանեանը նաեւ մի շատ կարեւոր հանգամանքի մասին ասաց․ «Բանակը կարող է չենթարկուել հետ քաշուելու հրամանին»։
«Այդ յանցաւոր գործընթացից հրաժարուելը իւրաքանչիւր մարդու իրաւուքների մէջ է։ Ոչ թէ պաշտպանութիւնից պէտք է հրաժարուել, այլ անօրինական տրուող հրամաններից հետ կանգնել»,-ասաց նա։