«Փաստ» օրաթերթը գրում է.
Rossaprimavera.ru-ն «Փաշինեանը պատրաստ է դիմել թուրքական եւ ադրբեջանական զօրքերի օգնութեանը իշխանութեան մնալու համար» վերնագրով յօդուածում գրում է, որ Նիկոլ Փաշինեանի վարած քաղաքականութեան դէմ բողոքի ակցիաները Հայաստանում չէն հանդարտւում։ Այն, որ այս անգամ բողոքի ալիքը գլխաւորում է Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչը, հաւանաբար, լրջօրէն վախեցրել է Հայաստանի իշխանութիւններին, քանի որ եկեղեցու ձայնը Հայաստանում շատ աւելի նշանակալից կշիռ ունի, քան կարող է թուալ ռուս ընթերցողին։ Աւելի հզօր հարուած Փաշինեանին չէր կարող լինել: Դա խօսում է այն մասին, որ հայ ժողովուրդը Փաշինեանին հեռացնելու իրական հնարաւորութիւն ունի, եւ որ ցոյցերի առաջնորդը պատասխանատուութիւն է կրում մի ամբողջ ժողովրդի ճակատագրի համար, եւ այս բողոքի ալիքի արդիւնքները վճռորոշ են Հայաստանի գոյութեան համար։
Արեւելագէտ եւ քաղաքագէտ Կարինէ Գեւորգեանը կարծում է, որ այսօր հանրապետութիւնում կատարուողը բացառիկ է. «Եթէ նախկինում համաշխարհային կրօնների մէջ ակտիւ էր «քաղաքական իսլամը», ապա միգուցէ Հայաստանում առաջանում է «քաղաքական քրիստոնէութիւնը», որպէսզի պայքարի տրանսհումանիզմի գաղափարախօսութեան դէմ»։ Իշխող կուսակցութիւնը զգում է, որ Հայ առաքելական եկեղեցու աջակցութեամբ բողոքի շարժումը սկսում է լուրջ բնոյթ կրել, ուստի փորձում է խարխլել Եկեղեցու հեղինակութիւնը կամ գոնէ նուազեցնել նրա ազդեցութիւնը։ Բողոքի ակցիաների առաջնորդ, Հայ առաքելական եկեղեցու Տաւուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանին վարկաբեկելու նպատակով իշխանամէտ տեղեկատուական ռեսուրսները փորձել են նրան մեղադրել Կրեմլի եւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի հետ կապերի մէջ։
Հայ քաղաքական եւ հասարակական գործիչները ուշադրութիւն են հրաւիրում այն փաստի վրայ, որ Բագրատ Սրբազանին վարկաբեկելու փորձերում Հայաստանի իշխանամէտ ռեսուրսները հռետորաբանութեամբ եւ փաստարկներով սերտաճել են ադրբեջանական ռեսուրսների հետ։ Փաշինեանի աթոռը սկսում է ճօճուել, նա արդէն օգտագործել է ոստիկանական ռեսուրսը, բայց հայկական շրջանակներում վստահ են, որ Փաշինեանն իր ձեռքում ունի եւս մէկ յաղթաթուղթ, այն է՝ Ադրբեջանին եւ Թուրքիային ներգրաւելը իրեն պաշտպանելու համար։ Օրինակ՝ «Ընկեր գեներալ» տելեգրամեան ալիքի հեղինակը արտայայտել է հայ հասարակութեան որոշ հատուածի կարծիքը, որ առաջնորդների նպատակային եւ ցուցարարների զանգուածային ձերբակալութիւններից յետոյ «Երեւանի սահմանազատողների ջերմեռանդ խնդրանքով կարող է հետեւել ադրբեջանական ներխուժում»:
Գաղափարը, որ Փաշինեանը համակարգում է իր գործողութիւնները Բաքուի հետ եւ օգտագործում է ադրբեջանական ագրեսիայի սպառնալիքը, որպէսզի պահպանի վարչապետի աթոռը նոյնիսկ իր քաղաքական կարիերան սպանող քայլերից յետոյ, բաւականին երկար ժամանակ է շրջանառւում Հայաստանում։ Այստեղ վառ օրինակ է այն իրավիճակը, երբ իշխող կուսակցութիւնը լայն զանգուածների առաջ դրեց Սահմանադրութիւնը փոխելու գաղափարը։ Դրան զուգահեռ յայտարարութիւններ արեց նաեւ ադրբեջանական կողմը։ Ալիեւը յայտարարեց, որ Հայաստանի հետ խաղաղութիւն չի լինի, քանի դեռ նա չի փոխել իր Սահմանադրութիւնը, որը յաւակնութիւններ է պարունակում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։
Մայիսի 10-ին ադրբեջանական «Minval» լրատուական գործակալութիւնը յօդուած է հրապարակել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին, որում հնչել է այն թեզը, որ ինչքան էլ Բագրատ Սրբազանը ժխտի Քոչարեանի հետ բանակցութիւնները, «փաստ է, որ «ղարաբաղեան կլանն» է կանգնած բողոքի ցոյցերի հետեւում, եւ դա շատ բան է ցոյց տալիս»: Եթէ Փաշինեանը փորձում է Բագրատ Սրբազանին կապել «ղարաբաղեան կլանի» հետ ժողովրդին պառակտելու եւ բողոքի ներուժը նուազեցնելու համար, ապա Բաքուն այդպիսով փորձում է հիմք ստեղծել Ադրբեջանի եւ Թուրքիայի համար՝ միջամտելու Հայաստանի ներքին գործերին, քանի որ չի ցանկանում նորից բարձրացուի Լեռնային Ղարաբաղի հարցը:
«Minval»-ը նշել է, որ Հայաստանի վերափոխումը «գորշ գոտու», որտեղ արտաքին խաղացողները սկսում են ուժերը չափել քաղաքացիական պատերազմի օգնութեամբ, չափազանց մեծ ռիսկեր է ստեղծում տարածաշրջանի պետութիւնների համար, եւ «եթէ իրավիճակը հասնի «կարմիր գծին», ապա Ադրբեջանն ու Թուրքիան կարող են քննարկել իրենց սահմանափակ կոնտինգենտը Հայաստանի տարածք մտցնելու հարցը»։ Բայց Ադրբեջանը միակը չէ, որ հետեւում է Հայաստանի իրավիճակին։ Երբ իրավիճակը տեղայնացուեց միայն Տաւուշում, մտքեր հնչեցին, որ սահմանազատումը սկսուել է հէնց հիւսիսից՝ Իրանի միջամտութիւնը բացառելու համար։ Բայց մէկ տեղամասի սահմանազատման հարցը յանգեցրեց Եկեղեցու գլխաւորութեամբ բողոքի ակցիաների, այսինքն՝ վերաճեց միջպետական նշանակութեան խնդրի։ Հայ ընդդիմադիր գործիչ Միկայ Բադալ յանը Տելեգրամի իր ալիքում նշել է, որ «Բագրատ Սրբազանի ելոյթը, որտեղ նա օրինակ բերեց Իրանը եւ իրանցիների վերաբերմունքը զոհուած հերոսների նկատմամբ, աննախադէպ հետաքրքրութիւն եւ արձագանք է առաջացրել իրանական հասարակութեան մէջ»։
Նա որպէս օրինակ բերել է իրանցի քաղաքագէտ Էհսան Մոհաւեդեանի հրապարակումը մայիսի 9-ի հանրահաւաքի մասին, որը տասնեակ հազարաւոր դիտումներ է ունեցել, ինչը արտասահմանեան լուրերի նկատմամբ իրանցիների չափազանց հետաքրքրութեան օրինակ է։ Իր հերթին «Miran Press» տելեգրամեան ալիքը մէջբերել է մէկ այլ իրանցի փորձագէտի՝ Ահմադ Քազեմիին, որը Թուրքիայի եւ Ադրբեջանի հնարաւոր միջամտութեան վերաբերեալ գրել է հետեւեալը. «Իրանը չի միջամտում որեւէ երկրի ներքին գործերին, բայց բացարձակապէս թոյլ չի տա Բաքուին, Անկարային եւ միւսներին՝ միջամտելու Հայաստանի ներքին գործերին։ Գոյատեւման եւ կործանման պատմական խաչմերուկում Հայաստանի ժողովուրդն իրաւունք ունի խաղաղ ճանապարհով որոշել իր ճակատագիրը»։
Նախկինում եւս կարելի էր նկատել, որ այլ պետութիւններ ակտիւօրէն ներգրաւուած են Հայաստանի ճակատագրի հարցի լուծման գործում։ Բայց հիմա Եկեղեցու գլխաւորութեամբ ասպարէզ է դուրս եկել հէնց Հայաստանի ժողովուրդը, որի հետ պէտք է հաշուի նստել։ Եւ այդ պայքարում, ըստ ամենանի, դաշնակիցներ ունի ոչ միայն Փաշինեանը։