Հայ իրաւական կենտրոնի մասնակցութիւնը ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի յանձնաժողովի աշխատանքներին

Հայ իրաւական կենտրոնի մասնակցութիւնը ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի յանձնաժողովի աշխատանքներին


Հայ դատի համակարգում գործող Հայ իրաւական կենտրոնը (Armenian Legal Center) ակտիւօրէն մասնակցել է Նյու Եօրքում անցկացուող Կանանց կարգավիճակի յանձնաժողովի 69-րդ նստաշրջանին` բարձրաձայնելով հակամարտային գօտիներում հայ կանանց պայքարի մասին, եւ պահանջելով կոնկրէտ գործողութիւններ նրանց պաշտպանութեան ուղղութեամբ:

Հայ օգնութեան միութեան հետ միասին, Հայ իրաւական կենտրոնը մարտի 12-ին, ՄԱԿ-ի Եկեղեցու կենտրոնում (CCUN) կազմակերպել էր կից ձեռնարկ «Տոկունութիւն եւ վերականգնում. կանանց դերը հակամարտային գօտիներում եւ առողջապահական պաշտպանութիւն» խորագրով: Միջոցառումը համախմբել էր փորձագէտների, մարդու իրաւունքների պաշտպանների՝ քննարկելու Հայաստանում, Արցախում, Սիրիայում, Լիբանանում եւ Երուսաղեմում կանանց դիմագրաւած մարտահրաւէրներն ու փորձելու գտնել լուծումներ։ Խնդրին վերաբերող տարբեր թեմաներով ելոյթներ են ունեցել Արուսեակ Մելքոնեանը, Թերեզայ Երիմեանը, Լորկի Լիպարիտեանը, Գեւորգ Յակոբջեանը, Նաիրի Տերտէրեանը։

Հայ իրաւական կենտրոնի ներկայացուցիչ Գեւորգ Յակոբջեանը, մասնակցել է մէկ այլ քննարկման, որ կրում էր «Խոսքեր գէտնից. խաղաղութեան կառուցում, գործողութիւնների անհրաժեշտութիւն կանանց համար եւ զինուած հակամարտութիւնների դէմ»։ Յակոբջեանն անդրադարձել է զինուած հակամարտութիւնների հետեւանքով տուժած կանանց իրաւունքների միջազգային պաշտպանութեան, նրանց դէմ յանցագործութիւն կատարած սուբյեկտների հաշուետուողականութեան եւ այդ նպատակներով միջազգային գործուն մեխանիզմներ ստեղծելու անհրաժեշտութեանը։

Նման նախաձեռնութիւնների միջոցով Հայ իրաւական կենտրոնը վերահաստատում է իր յանձնառութիւնը բարձրացնելու իրազեկուածութիւնը եւ միջազգային հանրութիւնից պահանջելու կոնկրէտ գործողութիւններ՝ պաշտպանելու հակամարտային գօտիներում գտնուող, ինչպէս նաեւ տեղահանուած հայ կանանց իրաւունքները: Վերջիններիս ձայնը միջազգային հարթակներ հասցնելով՝ Հայ իրաւական կենտրոնը շարունակում է արդարութեան եւ կայուն լուծումների կոչ անել նրանց համար, ովքեր տուժել են Արցախում, Լիբանանում, Սիրիայում եւ այլուր։

ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կենտրոնական գրասենեակ
14 մարտ 2025թ․

Share