Հայ դատի համակարգում գործող՝ «Արդարութեան եւ մարդու իրաւունքների հայկական իրաւական կենտրոնը» (Armenian Legal Center-ALC) տեւական ժամանակահատուած ակտիւօրէն ներգրաւուած է ՄԱԿ-ի կողմից Ադրբեջանի «Համընդհանուր պարբերական դիտարկման» (UPR) գործընթացում: Համապատասխան UPR-ի ընթացակարգերին՝ ALC-ն մանրակրկիտ պատրաստել է «այլ շահագրգիռ կողմերի զեկոյց»՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից հայերի, Արցախի եւ Հայաստանի նկատմամբ իրականացուած մարդու իրաւունքների խախտումների համապարփակ ամփոփումը՝ կոնկրէտ առաջարկութիւններով: Այս զեկոյցը ներկայացուել է UPR-ի քարտուղարութիւն՝ նպաստելով Ադրբեջանում մարդու իրաւունքների ընդհանուր վիճակի պատշաճ գնահատմանը:
Վերջին 18 ամիսների ընթացքում ALC-ն համապատասխան զեկոյցներ եւ իրաւական վերլուծութիւններ է ներկայացրել ՄԱԿ-ի տարբեր մարմիններին, այդ թւում՝ Մարդու իրաւունքների տարբեր դաշնագրերի մարմիններին, անկախ փորձագէտներին, յատուկ զեկուցողներին եւ աշխատանքային խմբերին: ALC-ն նաեւ համագործակցել է միջազգային հասարակական կազմակերպութիւնների հետ, որոնք կենտրոնացած են մարդու իրաւունքների վրայ՝ նրանց տրամադրելով զեկոյցներ եւ տուեալներ՝ ընդգծելու խախտումների լրջութիւնը եւ Ադրբեջանին, իր գործողութիւնների համար, պատասխանատուութեան ենթարկելու անհրաժեշտութիւնը: ALC-ի կողմից պատրաստուած նիւթերի ազդեցութիւնն ակնյայտ է ՄԱԿ-ի «Շահագրգիռ կողմերի տեղեկատուական զեկոյցում», որտեղ տեղ են գտել ALC-ի պատկերացումները:
Բացի այդ, ALC-ն աջակցել է ՀՅԴ Հայ դատի յանձնախմբերի տարածաշրջանային գրասենեակներին՝ համապատասխան զեկոյցներ ներկայացնելու UPR քարտուղարութեանը եւ պաշտպանելու հայերի իրաւունքներն իրենց երկրների արտաքին գործերի նախարարութիւններում, որոնք նոյնպէս մասնակցում են Ադրբեջանի UPR-ի վերաբերեալ աշխատանքային խմբի քննարկումներին: Աշխատանքի այս ընթացակարգը ենթադրում էր հարցումների եւ կոնկրէտ առաջարկութիւնների ներկայացում՝ նպատակ ունենալով երաշխաւորել, որ Ադրբեջանը պատասխանատուութիւն կկրի միջազգային մարդասիրական իրաւունքի եւ Մարդու իրաւունքների խախտումների համար:
Շարունակելով իր յանձնառութիւնը՝ ALC-ն ակտիւօրէն մասնակցում է Ադրբեջանի UPR-ի աշխատանքային խմբի նիստէրին, որոնք նախատեսուած են 2023 թուականի նոյեմբերի 14-ին եւ 17-ին, Ժնեւում՝ Մարդու իրաւունքների խորհրդում:
Աւելին՝ ALC-ն նոյեմբերի 14-ին, ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների Խորհրդի նստավայրում մասնակցելու է Հայ օգնութեան միութեան կողմից կազմակերպուած տեղեկատուական միջոցառմանը, որը կրում է «Արցախի վերականգնման ճանապարհը.
Ադրբեջանին պատասխանատուութեան ենթարկում» խորագիրը: Այս միջոցառումը, որն անցկացւում է Ադրբեջանի համար UPR գործընթացին զուգահեռ, նպատակ ունի խթանել փորձագէտների, պետական պատուիրակութիւնների, շահագրգիռ կողմերի եւ փաստաբանների միջեւ քննարկումները մարդու իրաւունքների մարտահրաւէրների ու հաշուետուողականութեան հնարաւորութիւնների վերաբերեալ՝ Արցախում բռնի տեղահանման ողբերգական իրադարձութիւնների լոյսի ներքոյ: Այս առումով ALC-ն օգտագործելու է իր փորձը ցեղասպանութեան, էթնիկական զտումների եւ բռնի տեղահանման յանցագործութիւնների իրաւական հետապնդման գործում:
Վերջին իրադարձութիւնների համատեքստում ALC-ն միջազգային հանրութեանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դէմ ՝ մարդկութեան նկատմամբ իր վերջին յանցագործութիւնների համար: Հիմնական առաջարկութիւնները ներառում են Արցախի կալանաւորուած առաջնորդների եւ ռազմագերիների հրատապ ազատ արձակումը` ապահովելով նրանց անվտանգ վերադարձն իրենց ընտանիքներ: Շեշտը դրւում է նաեւ արցախահայութեան՝ տուն վերադառնալու եւ խաղաղ ու ապահով ապրելու հիմնարար իրաւունքի, ինչպէս նաեւ ՄԱԿ-ի կանոնադրութեան համաձայն ինքնորոշման իրաւունքի վերահաստատման վրայ։
ALC-ն կոչ է անում անյապաղ մարդասիրական օգնութիւն տրամադրել տեղահանուած հայերին, հաստատել տեղահանուած արցախցիների գոյքային պահանջների արդարացի գործընթաց, միջազգային մոնիտորինգի միջոցով ապահովել տարածաշրջանում մշակութային ժառանգութեան պաշտպանութիւնն ու պահպանումը եւ խրախուսել դիւանագիտական ջանքերը՝ ապահովելու Արցախի հայութեան իրաւունքները։
Վերջապէս, ALC-ն վճռականօրէն կոչ է անում պատասխանատուութեան ենթարկել Ադրբեջանին՝ հակամարտութեան ընթացքում միջազգային իրաւունքի խախտման եւ մարդու իրաւունքների ոտնայարման համար՝ ընդգծելով արդարութեան կարեւորութիւնը տարածաշրջանում կայուն խաղաղութեան հաստատման գործում:
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ
13.11.2023թ.