Եւրամիութեան հայաստանեան ներկայացուցչութիւնը համացանցում նախ գրառում էր արել՝ օգտագործելով ցեղասպանութիւն՝ գենոցիդ բառը, ապա հեռացրել իր էջից, ինչը մեծագոյն հրճուանք էր առաջացրել յատկապէս Ադրբեջանում:
ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Ֆրանսիայի Պատուոյ լեգէոնի շքանշանակիր Մուրադ Փափազեանը «Հրապարակի» հետ զրոյցում՝ անդրադառնալով այս հանգամանքին, ասաց, որ դա ցաւալի ու անընդունելի փաստ է:
«Վստահ եմ, որ ճնշումների տակ են հեռացրել այդ բառը»,-ասաց ֆրանսահայ գործիչը:
Նա նշեց, որ պէտք է յիշել, որ ընդհանրապէս Եւրամիութեան երկրները ճանաչել են Հայոց Ցեղասպանութիւնը, որ Եւրախորհրդարանը մի քանի անգամ ճանաչել եւ դատապարտել է Թուրքիայի կողմից Հաեօց Ցեղասպանութեան իրագործումը, դատապարտել է նաեւ Ադրբեջանի կողմից իրագործուած Ցեղասպանութիւնը:
«Անընդունելի է եւ Հայաստանի կառավարութեան դերն է՝ հասկանալ, թէ ինչու Եւրամիութեան ներկայացուցչութիւնը Ցեղասպանութիւն բառը հեռացրեց իր գրառումներում: Հայաստանի կառավարութիւնը պէտք է հարցում ներկայացներ Եւրամիութեանը, վստահ եմ՝ չէն անի եւ ես կասկած ունեմ, որ Հայաստանի կառավարութիւնը կարող է դիմած լինել Եւրամիութեանը, որ այդ բառը հեռացնեն»,-եզրափակեց Մուրադ Փափազեանը:
