Հայկական կողմը չի բացայայտում Հայոցեղասպանութեան 110–րդ տարելիցի կապակցութեամբ նախատեսուած միջոցառումների ցանկը։ Նման եզրահանգման կարելի է գալ Sputnik Արմենիայի գրաւոր հարցմանը ՀՀ արտաքին գործերի նախարարութեան պատասխանից։
Միջոցառումների ժամանակացոյցն ուհրաւիրուած հիւրերի ցանկն իմանալու համար Sputnik Արմենիան գրաւոր հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի գրասենեակ։ Հարցումն այնտեղից վերահասցէագրուել էր արտգործնախարարութեանը։Հարցման մէջ, մասնաւորապէս, հետաքրքրուել էինք` Հայոց ցեղասպանութեան ճանաչման հարցը մնո՞ւմ է Հայաստանի օրակարգում, ի՞նչ է անում Երեւանը Թուրքիայի եւ այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանութեան փաստի ճանաչման համար եւ այս ուղղութեամբ ի՞նչ աշխատանքներ է տանում հայկական կողմը Թուրքիայի հետ: Կամ` արդյօք նախատեսւում է Թուրքիայից բարձրաստիճան պաշտօնեաների այցը Հայաստան ապրիլի 23–24–ը։ Նաեւ հետաքրքրուել էինք` պատրա՞ստ է արդյօք Հայաստանը թուրք մասնագէտների հետ սկսել Հայոց Ցեղասպանութեան թեմայի ուսումնասիրութիւնը՝ բացելով արխիւները։
Այս բոլոր հարցերին ԱԳՆ-ն որոշել է պատասխանել մէկ նախադասութեամբ.«Տեղեկացնում ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը սոյն թուականի մարտի 13-ին թուրքական լրատուամիջոցների ներկայացուցիչներին տուած հարցազրոյցում անդրադարձել է Ձեր կողմից բարձրացուած հարցերին»,– նշուած է ԱԳՆ պատասխանի մէջ:
Նախարարութիւնը չի զլացել եւ վերոնշեալ նախադասութեանը կից տեղադրել է այդ հարցազրոյցի իւթուբեան յղումը։Յիշեցնենք, որ Երեւանում թուրքական լրատուամիջոցներին տուած հարցազրոյցում Փաշինեանն ընդգծել էր, որ Երեւանի պաշտօնական դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումն այսօր արտաքին քաղաքական առաջնահերթութիւնների շարքում չէ: Վարչապետը նաեւ մատնանշել է Մեծ եղեռնի փաստը ժխտելու կամ մոռացութեան մատնելու անհնարինութիւնը:Հայոց ցեղասպանութիւնը Օսմանեան կայսրութիւնում 20–րդ դարի առաջին ցեղասպանութիւնն է։ Հայ ժողովուրդն ամէն տարի` ապրիլի 24–ին, յարգում է անմեղ զոհերի յիշատակը։ Թուրքիան չի ընդունում աւելի քան 1,5 մլն հայերի զանգուածային բնաջնջման մեղադրանքները։
Հայոց ցեղասպանութեան փաստը ճանաչուել է բազմաթիւ պետութիւնների եւ մի շարք հեղինակաւոր միջազգային կազմակերպութիւնների կողմից: 1965 թուականին ցեղասպանութիւնը ճանաչած առաջին երկիրը Ուրուգուայն էր, որին յաջորդեցին Կիպրոսը, Ռուսաստանը, Հունաստանը, Կանադան, Լիբանանը, Բելգիան, Ֆրանսիան, Պարագուայը, Արգենտինան, Շուեդիան, Բոլիւիան, Մեծ Բրիտանիան, Հոլանդիան, Սլովակիան, Գերմանիան, Լիտուան, Վենեսուելան, Լեհաստանը, Չիլին, Շուեյցարիան, Բրազիլիան, Լիւքսեմբուրգը, Աւստրիան, Վատիկանը, Չեխիան, Դանիան, Պորտուգալիան, ինչպէս նաեւ Լիբիայի ժամանակաւոր կառավարութիւնը, ԱՄՆ-ը, Սիրիան, Եւրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: