Վահէ Սարգսեան
Առաւոտեան եօթնանց էր: Քնած էի: Իշխան Սաղաթելեանը զանգեց՝ պատերազմ է սկսուել: Ու էլ ոչինչ չխօսեցինք: Արագ իջայ ներքեւ: Գերագոյն մարմնի գրասենեակում շարունակւում էր ընկերների հոսքը: Նման դէպքերում, սովորաբար, հրատապ հարցերից են՝ ո՞ր ուղղութեամբ են յարձակումները, ո՞ր տեղէրից որքա՞ն է խորացել թշնամին, զոհեր շատ կա՞ն, եւ այլն: Թեեւ չզարմացայ, բայց յուզմունքով նկատեցի՝ ընկերների հարցերն այս «ստանդարտից» մի քիչ դուրս էին. ե՞րբ են հասնում կամաւորական վաշտէրի ընկերները, ով ում վաշտի հետ է մեկնելու, երբ, ինչ մեքենայով, որտեղից… Մթնոլորտը «դաշնակցական» էր. մի քանի պատերազմների միջով անցած ընկերները հանդարտ էին, որոշներն անգամ «պատերազմական» կատակներ էին անում, դրուագներ յիշում ու յիշեցնում անցեալի մարտէրից եւ սառնասրտօրէն սպասում ճանապարհ ընկնելուն:
Բայց… Մի ներքին տագնապ, նախորդներից տարբերուող մի անսովոր զգացում, այնուամենայնիւ, նկատւում էր, կամ միգուցէ ինձ էր թւում՝ չգիտեմ:
«Դէ, ընկերներ, ես գնացի…». բժիշկ Տարոն Տոնոյեանն էր, ով լուրը լսելուց կարճ ժամանակ անց հաւաքել էր «Տոնոյեան» ԲԿ-ի անձնակազմին եւ դեղորայքով ու պարագաներով բեռնուած մեկնում էր արդէն: «Ո՞ր ուղղութեամբ ես»՝ ընկերները հարցրին: «Դէ, իմ հին ուղղութեամբ՝ Հադրութ»,-եղաւ պատասխանը: Ընկերներից մէկն առաջարկեց Տարոն Տոնոյեանին՝ մի հարցազրոյց տալ գնալուց առաջ, ով իմանայ՝ էս անգամ ինչով կաւարտուի էս ամէնը… Մինչ ուզում էի լրագրող կանչել՝ ընկեր Տարոնը ձեռքը թափ տուեց ու արագ դուրս եկաւ:
Կարճ ժամանակ անց՝ Դաշնակցութեան առաջին վաշտէրը կազմ ու պատրաստ շարուած էին Արամ Մանուկեանի արձանի մօտ, որոնցից առաջինը ընկեր Հրանտ Մարգարեանի՝ մարտակոչ յիշեցնող խօսքից յետոյ, Անդրանիկ Ափոյեանի հրամանատարութեամբ ճանապարհ ընկաւ: Յիշում եմ՝ շատ ընկերներ նեղացել էին, որ առաջին իսկ վաշտով չէն գնացել:
ՀՅԴ Գերագոյն մարմնի գրասենեակն ու ամբողջ շէնքը պատերազմի առաջին իսկ օրերից վերածուեց շտաբի:
….Հոկտեմբերի 2-ն էր, բարձրացայ վերեւ, մերոնց լուռ հայեացքից հասկացայ՝ զոհ ունենք: Մատաղիսի ուղղութեամբ մարտէրի ժամանակ զոհուել էր ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտէի նախագահ, դասակի հրամանատար Գեղամ Մուշեղեանը: Նոյն օրը ճանապարհ ընկաւ ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտը: Հոկտեմբերի 6-ն էր, ընկեր Իգոր Սարգսեանին հանդիպեցի միջանցքում՝ դէմքը մռայլուած էր՝ «Լաւ լուրեր չունենք Լուլասազից….»: Այդ օրն էլ անմահացան 2-րդ վաշտի 22 եւ 1-ին վաշտի 2 կամաւորականներ, որոնց շարքում նաեւ 2-րդ վաշտի հրամանատար ընկեր Մհեր Յարութիւնեանը՝ լեգենդար Ճուտը:
Հոկտեմբերին 12-ին ընկեր Ներսես Տեր-Պետրոսեանի հրամանատարութեամբ Արցախ մենկնեց 3-րդ վաշտը: Հոկտեմբերի 31-ին կրկին գոյժ՝ 3-րդ վաշտից զոհեր ունենք: Կապնուեցի ընկեր Ներսեսի հետ՝ «Լուրը ճի՞շտ է, ընկեր…»: «Աեօ, ընկերս»: Ամենածանր հարցը՝ «Ովքե՞ր են, ընկեր….». ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի անդամ, բժշկական ֆակուլտետի ուսանող Կիմը եւ կամաւորական Մայիս Նազարեանը՝ մեր համեստագոյն ընկերները…
Պատէրազմը աւարտուեց. սկսուեցին Նիկոլ Փաշինեանի եւ վերջինիս յանցաւոր խմբաւորման նախագծած Մեծ դաւաճանութեան յաջորդ արարները:
Ինչպէս իմ դաշնակցական ընկերները, այնպէս էլ տասնեակ հազարաւոր հաեորդիներ Հայրենիքի հանդէպ սրբազան պարտքի զգացումով լուռ մեկնեցին ռազմաճակատ՝ կանգնելու Արցախը պաշտպանող յաղթական բանակի կողքին: Գնացին՝ հաւատալով, որ յաղթելու են: Գնացին՝ չիմանալով, որ գործակալների ու հայրենադաւների մի ոհմակ ծրագրել է Արցախը շուտով ճանաչել Ադրբեջանի կազմում ու ցեղասպանել հինաւուրց մի ժողովուրդ:
Տղերքից շատերն ընկան, շատերը վերադարձան լուռ ու գլխիկոր…
Անցել է 4 տարի… Հանցաւոր խմբակը հիմա էլ փորձում է սպանել տղերքի երազանքը՝ հայկական երազանքը…