Արցախի ՀԿ-ների կոչը ՀՀ կառավարութեանն ու միջազգային կառոյցներին. Ձեռնարկել գործուն միջոցներ՝ գերեւարուած բոլոր անձանց ազատ արձակելու ուղղութեամբ

Արցախի ՀԿ-ների կոչը ՀՀ կառավարութեանն ու միջազգային կառոյցներին. Ձեռնարկել գործուն միջոցներ՝ գերեւարուած բոլոր անձանց ազատ արձակելու ուղղութեամբ

Արցախից բռնի տեղահանուած անձանց իրաւունքների պաշտպանութեան ՔՀԿ-ների ցանցի յայտարարութիւնը․

«Ադրբեջանի Հանրապետութեան կողմից տարիներ շարունակ իրականացուող ցեղասպան քաղաքականութեան հետեւանքով կոպտօրէն խախտուել եւ առայսօր շարունակւում են խախտուել մարդու իրաւունքների հիմնարար նորմերը, որոնք իրենց ամրագրումն են ստացել ոչ միայն ազգային օրէնսդրութեան շրջանակներում, այլեւ մի շարք միջազգային  իրաւական ակտէրում։

Ադրբեջանի Հանրապետութեան կողմից 2020 թուականի 44-օրեայ պատերազմի եւ 2023 թուականի սեպտեմբերի 19-ի Արցախի Հանրապետութեան դէմ սանձազերծուած պատերազմական գործողութիւնների արդիւնքում Ադրբեջանը թիրախաւորել էր Արցախի խաղաղ բնակչութեանը՝ օգտագործելով միջազգային փաստաթղթերով արգելուած զինատեսակներ, կասետային հրթիռներ։ Այս եւ այլ վայրագութիւնների արդիւնքում մահացել եւ տարբեր աստիճանի վիրաւորումներ են ստացել մի շարք խաղաղ բնակիչներ, որոնց թւում էին մանկահասակ երեխաներ, տարէցներ, յղի կանայք։

Տասնեակից աւել մեր հայրենակիցներ, այդ թւում նաեւ Արցախի Հանրապետութեան նախկին ռազմաքաղաքական ղեկավարներ, գերեւարուել են Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանը օգտագործելով գերիների խոցելի վիճակը՝ օգտագործում է վերջիններս՝ իր քարոզչական նպատակների  իրականացման համար։ Մասնաւորապէս, Ադրբեջանը եթեր էր հեռարձակել Արցախի Հանրապետութեան գերեւարուած ռազմաքաղաքական ղեկավարներին պարտադրուած հարցազրոյցների հիմքով պատրաստուած կեղծ եւ շինծու ֆիլմի անոնսը, որը Ադրբեջանի իշխանութիւնները վերնագրել են «Անտիտեռոր»։

Ադրբեջանի այս հակահայկական քաղաքականութիւնը, ինչպէս նաեւ գերիների նկատմամբ դրսեւորուող ապօրինի գործողութիւնները խախտում են Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագրի, Մարդու իրաւունքների եւրոպական կոնուենցիայի, Ռազմագերիների հետ վարուելակերպի մասին կոնուենցիայի հիմնարար դրոյթներ։

Ելնելով վերոգրեալից, կոչ ենք անում ՀՀ կառավարութեան, ՄԱԿ-ի անվտանգութեան խորհրդին, Եւրոպական միութեանը, Եւրոպայի խորհրդին եւ ՀՀ-ում գործող դեսպանութիւններին ձեռնարկել գործուն միջոցներ՝

Ադրբեջանի կողմից գերեւարուած բոլոր անձանց շուտափոյթ ազատ արձակելու ուղղութեամբ,

մինչեւ բոլոր գերիների ազատ արձակումը՝ կանխելու նրան խոցելի վիճակի որեւէ կերպ օգտագործումը, այդ թւում քարոզչական նպատակներով,

կանխելու կեղծ եւ շինծու տեղեկութիւնների վրայ հիմնուած ֆիլմի ցուցադրութիւնը։

Արցախից բռնի տեղահանուած անձանց իրաւունքների պաշտպանութեան ՔՀԿ-ների ցանց`

«Յարմոնիա» շուշեցի կանանց ՀԿ
«Կռունկ» արցախահայերի իրաւունքների պաշտպանութեան ՀԿ
«Վերադարձ դէպի Քաշաթաղ» ՀԿ
«Վերադարձ դէպի Քարովաճառ» ՀԿ
«Վերադարձ դէպի Դիզակ» ՀԿ
«Կումայրի» արցախահայերի ՀԿ
«Հադրութի դէօկուպացիա» ՀԿ
«Շուշիի դէօկուպացիա» ՀԿ
«Ասկերանցիներ» համայնքի զարգացման կենտրոն ՀԿ
«Հայը կայ» սոցիալական, անվտանգային եւ զարգացման ՀԿ
«Իրաւաբանների հայկական ասոցիացիայ» ՀԿ
                                   

26․Մարտ․2024թ․

Share