Հայ դատի Ամերիկայի յանձնախումբն աշխատում է Ադրբեջանին ամերիկեան օժանդակութիւնից զրկելու բանաձեւի անցկացման ուղղութեամբ

Հայ դատի Ամերիկայի յանձնախումբն աշխատում է Ադրբեջանին ամերիկեան օժանդակութիւնից զրկելու բանաձեւի անցկացման ուղղութեամբ

Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը, ամերիկահայ համայնքի լայն համախմբմամբ, աշխատում է Հայաստանի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիան դատապարտելու ուղղութեամբ՝ ողջունելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի աւելի քան քսան եւ Սենատի ութ անդամների կողմից հասցէական դատապարտող յայտարարութիւնները, Ալիեւին պատասխանատուութեան ենթարկելու վերաբերեալ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի կոչը, ինչպէս նաեւ Ներկայացուցիչների պալատի հետախուզութեան յանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆի կողմից Ադրբեջանին ամերիկեան ռազմական օժանդակութիւնից զրկելու վերաբերեալ օրէնսդրական նախաձեռնութեան ներկայացումը։

Սեպտեմբերի 13-ին տարածուած յայտարարութեամբ՝ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Ջեքի Սփիերը, Դաւիդ Վալադաոն եւ Ադամ Շիֆը մասնաւորապէս ընդգծել են․ «Մենք խստօրէն դատապարտում ենք ադրբեջանական ուժերի կողմից ռազմական գործողութիւնները Հայաստանի հարաւում։ Նախագահ Ալիեւը դեռեւս շարունակում է նոյն մահացու յարձակումները Հայաստանի ինքնիշխան տարածքի վրայ՝ արդարացում փնտրելով 2020 թուականի Լեռնային Ղարաբաղի պատերազմից յետոյ իր շարունակական թշնամանքի համար եւ փորձելով ստիպել Հայաստանին ենթարկուել կապիտուլեացիայի եւ ընդունել անհիմն տարածքային պահանջներ: Համաշխարհային առաջնորդները չպէտք է ձեռքերը ծալած մնան եւ կեղծ հաւասարութիւն դնէն երկու կողմերի միջեւ։ Այս հակամարտութիւնում կայ միայն մէկ ագրեսոր, որին պէտք է կանգնեցնել։ Մենք կոչ ենք անում Բայդենի վարչակազմին՝ անյապաղ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Ադրբեջանի ագրեսիան, եւ վերջապէս Ալիեւին, իր ապակայունացնող գործողութիւնների համար, ենթարկել պատասխանատուութեան»:

Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահների յայտարարութիւնից կարճ ժամանակ անց, Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատում ներկայացրել է օրէնսդրական նախաձեռնութիւն՝ նպատակ ունենալով դադարեցնել ամերիկեան օժանդակութիւնն Ադրբեջանին ու դատապարտել Ալիեւի ագրեսիան Հայաստանի ու Արցախի նկատմամբ։

Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի Վաշինգտօնի գրասենեակի տնօրէն Արամ Համբարեանն այս առիթով նկատել է․ «Մենք շնորհակալ ենք կոնգրէսմեն Շիֆին եւ Կոնգրեսի հայկական հարցերով խմբին իրենց առաջնորդութեան համար եւ երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր արդէն համաձայնել են աջակցել այս երկկուսակցական բանաձեւին։ Մենք աշխատում ենք, որ այս բանաձեւը ժամանակին ընդունուի եւ, որպէս ամենահրատապ օրէնսդրական առաջնահերթութիւն, անյապաղ դադարեցուի ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրուող ռազմական օգնութիւնը»:

https://anca.org/907alert/

Կոնգրեսի Հայկական խմբի համանախագահները, համատեղ անդրադառնալով ներկայացուած բանաձեւին, նշել են․ «Մենք խստօրէն դատապարտում ենք ադրբեջանական ուժերի մահաբեր յարձակումները Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Ադրբեջանական այս աղաղակող էսկալացիան ցոյց է տալիս, թէ որքան համարձակ է դարձել Ալիեւի ռեժիմը, երբ նրա չհրահրուած ագրեսիան ուղեկցւում է միջազգային հանրութեան խուլ լռութեամբ եւ կեղծ ու անհասկանալի փաստարկներով՝ Ադրբեջանին քաջալերելով շարունակելու եւ ընդլայնելու իր յարձակումները: Մենք Բայդենի վարչակազմին եւ Պետդէպարտամենտին կոչ ենք անում միանշանակ դատապարտել Ադրբեջանի գործողութիւնները եւ անյապաղ դադարեցնել օժանդակութիւնը Ալիեւի ռեժիմին։ Մենք ամուր կանգնած ենք Հայաստանի եւ Արցախի ժողովրդի կողքին՝ ի պաշտպանութիւն նրանց տարածքային ամբողջականութեան, խաղաղութեան եւ ազատութեան իրաւունքի»:

Ներկայացուցիչների պալատում ներկայացուած բանաձեւում մասնաւորապէս ասւում է․

• Դատապարտում ենք Ադրբեջանին՝ 2022 թուականի սեպտեմբերի 13-ին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վրայ կատարած ռազմական յարձակման համար եւ անյապաղ ու անուէրապահ հրադադարի կոչ անում,
• Կոչ ենք անում նախագահ Բայդենին՝ անյապաղ դադարեցնել Ադրբեջանին տրամադրուող օժանդակութիւնը՝ համաձայն «Ազատութեան աջակցութեան ակտի» 907-րդ յօդուածի պահանջների, եւ Ալիեւի վարչակազմի համար պարզ դարձնել, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վրայ յետագայ յարձակումները կեանգեցնեն պատժամիջոցների կամ այլ գործողութիւնների։
• Վերահաստատում ենք Միացեալ Նահանգների վճռական աջակցութիւնը Հայաստանի ինքնիշխանութեանն ու տարածքային ամբողջականութեանը, ինչպէս նաեւ նրա վճռական հակազդեցութեանն Ադրբեջանի ռազմական ագրեսիայի եւ միջազգային օրէնքների ու նորմերի բացայայտ խախտումների դէմ։
• Աջակցում ենք ԱՄՆ-ի եւ միջազգային մարդասիրական օգնութեան ծրագրերին` բաւարարելու ադրբեջանական ագրեսիայի զոհերի հրատապ կարիքները ինչպէս Հայաստանում, այնպէս էլ Լեռնային Ղարաբաղում:

Հայ դատի Ամերիկայի յանձնախումբն ամերիկահայ համայնքի մոբիլիզացիայի արդիւնքում նախաձեռնել է նաեւ համագաղութային չորս ուղղութիւններով արշաւ՝ ամերիկեան իշխանութիւններից պահանջելով դատապարտել ադրբեջանական ագրեսիան, դադարեցնել ամերիկեան ցանկացած տեսակի օժանդակութիւնն Ադրբեջանին, օրէնսդրորօրէն սահմանափակել Բաքուին տրամադրուող ամերիկեան ռազմական օժանդակութիւնը եւ վերականգնել «907-րդ յօդուածի» պահանջների կատարումը։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ
15.09.2022 թ.

Share