Հայաստանում գործող վարչակազմը պէտք է պատասխանատուութեան կանչուի։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց Մարդու իրաւունքների եւ արդարադատութեան հայկական իրաւական կենտրոնի նախագահ Քէն Խաչիկեանը։
«Հայաստանում տեղի ունեցողը մեծ համաժողովրդական շարժում է, որը ղեկավարւում է հոգեւորականների կողմից, եւ ես ողջունում եմ նրանց ջանքերը: Հայաստանում գործող վարչակազմը պէտք է պատասխանատուութեան կանչուի, եւ ես կարծում եմ, որ այս շարժումը ղեկավարում է հոգեւորականը, որին ակնյայտօրէն աջակցում է ժողովուրդը, եւ ներկայ վարչակազմին չպէտք է լսել։ Ամերիկահայութեան մօտ մեծ հիասթափութիւն կայ, քանի որ նրանք այնքան էլ չարձագանքեցին կամ ոչինչ չարեցին, օրինակ, Արցախում ցեղասպանութիւնը կանխելու համար: Տեսեք, թէ ինչ է կատարւում Հայաստանում, ոստիկանութիւնը ուժեր է կիրառում, բայց ոչ մի արձագանք, ոչ մի բան: Միեւնոյն ժամանակ, մենք տեսնում ենք, թէ ինչ է կատարւում Վրաստանում, եւ ամերիկացի իրաւապաշտպանները կամ ամերիկեան կառավարութիւնը յայտարարում են՝ «Օ՜, ոստիկանութիւնը պէտք է շարունակի չհրել մարդկանց, ինչ էլ որ լինի»,- նշեց Խաչիկեանը:
Նա ընդգծեց, որ Բայդենի վարչակազմը մեղսակից է Ադրբեջանի կողմից արցախահայութեան նկատմամբ իրականացուած ցեղասպանութեանը։
«Կարծում եմ, որ Բայդենի վարչակազմի քաղաքականութիւնը Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ եղել է ոչ պակաս ամօթալի: Բայդենի վարչակազմը մեղսակից է եղել Ադրբեջանի, Թուրքիայի կողմից աջակցուող արցախահայութեան նկատմամբ իրականացուած ցեղասպանութեանը։ Նրանք հիմա Ադրբեջանին թոյլ են տալիս Հայաստանից ինքնիշխան տարածք պահանջել: Նրանք վերջին 7-6 տարիների ընթացքում շարունակել են աւելի քան 800 միլիոնի չափով ռազմական սպառազինութիւն մատակարարել Ադրբեջանին: Ես նկատի ունեմ, որ այս վարչակազմը բացարձակապէս մեղսակից է ցեղասպանութեանը, եւ նրանց պահուածքը ոչ այլ ինչ է, քան ամօթալի:
Եւ վարչակազմի իւրաքանչիւր բարձրաստիճան անդամ՝ նախագահ Բայդենից, պէտքարտուղար Բլինքենից մինչեւ Հայաստանում Միացեալ Նահանգների դեսպան, Ադրբեջանում դեսպան, ով վերջերս այցելեց Արցախ եւ չխօսեց Ադրբեջանի իրականացրած ցեղասպանութեան, շրջափակման մասին, մեղսակից են:
ԱՄՆ-ը ամօթալի լռութիւն էր պահպանում Ադրբեջանի ողջ շրջափակման ընթացքում, միայն փաստից յետոյ ցուցաբերեց աննշան, մարդասիրական օգնութիւն: Այսպիսով, դա աւելի վատ է, քան հիասթափեցնողը: Այսինքն՝ նրանք ակտիւօրէն մեղսակից են յանցագործութեանը»,- ասաց Խաչիկեանը։
Հարցին՝ արդյօք ամերիկեան կառավարութիւնն աջակցում է Նիկոլ Փաշինեանի վարչակարգին, Խաչիկեանը պատասխանեց․
«Պարզ է, որ այդպէս է։ Գիտեք, նրանք Փաշինեանին դրդում էին հանգստացնող քաղաքականութեան։ Ինչպե՞ս կարող ես հանգստանալ, երբ ատրճանակը պահում են քո գլխին: Նկատի ունեմ, որ ԱՄՆ-ը պէտք է Ադրբեջանից պահանջի՝ հրաժարուէն, դադարեցնեն Հայաստանից տարածքների պահանջները, դուրս գան Արցախից, թոյլ տան, որ հայերը վերադառնան։ Եւ կրկին՝ Բայդենի վարչակազմը ուղորդում է Փաշինեանին նման քաղաքականութիւն վարելու համար, բայց դա արդարացում չէ: Այո, ես կարծում եմ, որ Բայդենի վարչակազմը աջակցում է Փաշինեանին»։