Նախաձեռնութեամբ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Մարզական միութեան, Հ.Մ.Ա.Կ.-ի 80-ամեակին նւիրւած Իրանի 55-րդ Համահայկական խաղերի բացման հանդիսութիւնը տեղի ունեցաւ երէկ՝ սեպտեմբերի 10-ի երեկոյեան՝ «Արարատ» մարզաւանում:
Բացման հանդիսութիւնը, որը յագեցած էր գեղարւեստական յայտագրով, մեկնարկեց Տէրունական աղօթքով, որը կատարեց Հ.Մ.Ա.Կ.-ի «Արարատ», Հայ Համալսարանական Ընդհանուր միութեան «Տաւիղ» եւ Թ. Հ. Թեմի Կրթական խորհրդի «Նոր ձայներ» համատեղ երգչախումբը՝ խմբավարութեամբ Արփի Սիմրոջեանի, որից յետոյ միութեան սկաուտների դրօշակագարդի միջոցով մարզադաշտ բերւեցին Իրանի պետական դրօշը, ինչպէս նաեւ Հ.Մ.Ա.Կ.-ի ու 55-րդ Համահայկական խաղերը խորհրդանշող դրօշները: Ապա երգչախումբը հնչեցրեց Իրանի պետական եւ Հ.Մ.Ա.Կ.-ի հիմները եւ ծածանւեցին դրօշները:
Խաղերի ջահը մարզադաշտ տեղափոխեցին Հ.Մ.Ա.Կ.-ի նախկին շրջանների եւ ներկայ շրջանի Կենտրոնական վարչութիւնների նախագահները, իսկ վերջում այն յանձնւեց Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութիւնների երէցագոյն նախագահ ճրտ. Վարուժան Առաքելեանին, ում ձեռքով վառւեց խաղերը խորհրդանշող ջահը, որին հետեւեց հրավառութիւնը:
Օրւայ առիթով ներկաներին խօսք փոխանցեցին Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Սոֆի Ջաղարբէգեանը եւ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը:
Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի պատգամը ընթերթեց Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը:
Ելոյթ ունեցաւ նաեւ բացման արարողութեանը ներկայ, Իրանի սպորտի եւ երիտասարդութեան հարցերով նախարար Ահմադ Դոնիամալին: Իր ելոյթի ընթացքում նախարարը գնահատանքով անդրադարձաւ իրանահայ համայնքին՝ Իրանում ունեցած անմնացորդ նւիրական դերակատարութեան համար, անդրադարձաւ իրանահայ վետերան ֆուտբոլիստներին, որոնք անդամակցել են Իրանի ֆուտբոլի Ազգային հաւաքականին, եւ մեծարեց հայ նահատակների յիշատակը: Նա խոստացաւ աջակցել Հ.Մ.Ա.Կ.-ին, թէ՛ ֆուտբոլի դաշտի, եւ թէ՛ լողաւազանի վերանորոգման հարցով, որպէսզի Հ.Մ.Ա.Կ.-ը կարողանայ շարունակել իր ծառայութիւնը իրանահայ համայնքին եւ Իրանի մարզական կեանքի վերելքին:
Միջոցառումը շարունակւեց գեղարւեստական կատարումներով «Արարատ»-ի ֆուտբոլի եւ բասկետբոլի ակադեմիաների սաների մարզական ներկայացումներով, Հ.Մ.Ա.Կ.-ի 80-ամեայ պատմութիւնը ներկայացնող տեսահոլովակի ցուցադրմամբ ու Թեհրանի հայկական մարզամշակութային միութիւնների պարախմբերի համատեղ ելոյթով:
«ԱԼԻՔ», Կ. Դ.