Արցախի Հանրապետութեան Նախագահ Արայիկ Յարութիւնեանն օգոստոսի 2-ին հրաւիրել է Անվտանգութեան խորհրդի ընդլայնուած նիստ` ԱԺ քաղաքական ուժերի մասնակցութեամբ:
Ինչպէս տեղեկացրին Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմից, քննարկուել է շփման գծում նախօրեին ստեղծուած իրավիճակը: Զեկուցմամբ հանդէս է եկել պաշտպանութեան նախարար Կամո Վարդանեանը: Նախարարի խօսքով՝ լարուածութիւնը շփման գծի մի շարք հատուածներում շարունակւում է պահպանուել, եւ Պաշտպանութեան բանակը տիրապետում է իրավիճակին՝ առանց մարդկային ու դիրքային կորուստների:
Ըստ աղբիւրի՝ օրակարգային յաջորդ հարցը վերաբերում էր Արցախի Հանրապետութիւնը Հայաստանի Հանրապետութեան հետ կապող միջանցքին: Ադրբեջանական կողմը Արցախում տեղակայուած խաղաղապահ զօրակազմի միջոցով պահանջ է ներկայացրել առաջիկայում երթեւեկութիւնը նոր երթուղով կազմակերպելու վերաբերեալ:
Նշւում է, որ Անվտանգութեան խորհրդի նիստում քննարկուել են ստեղծուած իրավիճակում ձեռնարկուելիք քայլերն, այդ թւում՝ նաեւ ռուսական խաղաղապահ զօրակազմի միջոցով անվտանգ երթեւեկութեան ապահւումը:
Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութիւնը յայտնում է, որ օգոստոսի 2- ին եւ լոյս 3-ի գիշերը օպերատիւ մարտավարական իրադրութիւնը փոփոխութիւնների չի ենթարկուել: Լարուածութիւնը շփման գծի որոշ հատուածներում շարունակում է պահպանուել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի ՊՆ մամուլի ծառայութիւնից:
Իրավիճակի լիցքաթափման եւ յետագայ սրացումներ թոյլ չտալու ուղղութեամբ քայլերը’ Հանրապետութեան ղեկավարութեան, ՊԲ հրամանատարութեան եւ ռուսական խաղաղապահ զօրակազմի կողմից շարունակւում են: