Թեհրանը հերքում է Իրանի եւ Հայաստանի միջեւ ռազմական պայմանագրի մասին տեղեկութիւնը

Թեհրանը հերքում է Իրանի եւ Հայաստանի միջեւ ռազմական պայմանագրի մասին տեղեկութիւնը

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանը հերքում է Իրանի եւ Հայաստանի միջեւ ռազմական պայմանագրի մասին տեղեկութիւնը, «Ազատութեանը» յայտնեցին Իրանի դեսպանատնից:

Մեհդի Սոբհանիի համոզմամբ՝ այդ տեղեկատուութեան աղբիւրը ոչ հաւաստի մի լրատուամիջոց է, որը յայտնի է Իրանի մասին միակողմանի վերլուծութիւններով եւ ոչ ճիշտ տեղեկութիւններ տարածելու պատմութեամբ:

Նա ընդգծել է, որ այդօրինակ տեղեկութիւն տարածելու նպատակն է ազդել Իրանի եւ տարածաշրջանի երկրների միջեւ բարեկամական յարաբերութիւնների զարգացման վրայ: Հայաստանում Իրանի դեսպանը շեշտում է, որ Թեհրանն աջակցում է Հարաւային Կովկասում խաղաղութեան, կայունութեան եւ տնտեսական զարգացման հաստատմանը:

Iran International կայքը նախօրեին տեղեկութիւն էր տարածել, թէ Հայաստանը եւ Իրանը շուրջ 500 միլիոն դոլարի ռազմատեխնիկական գործարք են կնքել: Կայքը պնդել էր, թէ այդ գործարքի շրջանակներում Թեհրանը Երեւանին է մատակարարելու Շահեդ 136, Շահեդ 129, Շահեդ 197 դրոններ, օդային պաշտպանութեան հրթիռային համակարգեր եւ այլն:

Ադրբեջանական լրատուամիջոցները արդէն 2 օր է ակտիւօրէն շրջանառում են այս տեղեկութիւնը:

azatutyun.am

Share