Հայաստանի Հանրապետութիւնում Սիրիայի Արաբական Հանրապետութեան նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան Նորա Արիսեանը այսօր իր հաւատարմագրերն է յանձնել ՀՀ նախագահին:
«Ինձ համար մեծ պատիւ է Սիրիայի Արաբական Հանրապետութիւնը ներկայացնել Հայաստանի Հանրապետութիւնում: Առաւելագոյն ջանք կը ներդնեմ երկկողմ յարաբերութիւնների զարգացման համար՝ ի շահ երկու բարեկամ երկրների եւ ժողովուրդների», — ասել է նորանշանակ դեսպանը:
Վահագն Խաչատուրեանը շնորհաւորել է Նորա Արիսեանին պաշտօնի ստանձնման առթիւ եւ նշել, որ հայ-սիրիական յարաբերութիւնները պատմական բարեկամական հիմքերի վրայ են ձեւաւորուել:
Մայիսի սկզբնական օրերին յայտնի դարձաւ որ Սիրիայի Արաբական Հանրապետութիւնը Հայաստանում նոր դեսպան է նշանակել։ Ուշագրաւն այն էր, որ Հայաստան գործուղուող դիւանագէտն ազգութեամբ հայ, բանասէր, գրող, թարգմանիչ, արեւելագէտ եւ երեսփոխան՝ Նորա Արիսեանն է։
Նորա Արիսեանը ծնուել է 1967 թուականին Դամասկոսում։ Նա բանասէր է, գրող, թարգմանիչ։ Տարբեր առիթներով հայերէն եւ արաբերէն դասախօսութիւններով հանդէս է եկել Լիբանանում, Եգիպտոսում, Յորդանանում, Միացեալ Արաբական Էմրութիւններում, ԱՄՆ-ում եւ այլուր։
Արիսեանը աշխատել է Սիրիայի Հայաստանի դեսպանութիւնում որպէս մամուլի պատասխանատու եւ թարգմանիչ, ապա նաեւ Սիրիայի մշակոյթի նախարարութիւնում՝ որպէս թարգմանիչ եւ խորհրդատու։
Նորա Արիսեանը նաեւ Սիրիայի խորհրդարանի պատգամաւոր է եղել։ Միաժամանակ նա միակ սփիւռքահայ կին գրողն է, որը Արաբ գրողների միութեան անդամ է։
Նրանից առաջ Հայաստանում Սիրիայի դիւանագիտական գերատեսչութիւնը գլխաւորում էր Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմը:
Արիսեանը զբաղեցրել է Դամասկոսի Ազգային վարժարանի տնօրենի պաշտօնը, իսկ 2013 թուականից ղեկավարել է Դամասկոսի համալսարանի հայագիտական բաժինը։
Աւարտել է Դամասկոսի Հայ կաթողիկէ ճեմարանը: 1988-ին, ապա Դամասկոսի համալսարանի բանասիրութեան ֆրանսերենի գրականութեան բաժինը :
1988-ին եւ 1989-ին Ֆրանսիայի Սորբոն համալսարանից ստացել է ֆրանսերենի մասնագիտացման երկու վկայականներ, իսկ 1990-ին թարգմանութեան մասնագիտութեան վկայականին:
2001-ին աւարտել է Հայաստանի Հանրապետութեան գիտութիւններու ազգային ակադեմիայի արեւելագիտութեան հիմնարկը պատմութեան մասնագիտութեամբ` տիրանալով պատմական գիտութիւններու թեկնածուի գիտական աստիճանին:
Աշխատակցել է Սուրիոյ մէջ հրատարակուող Արաբական հանրագիտարանին, ուր յօդուածներ է հայթայթել հայ գրականութեան ու պատմութեան մասին: Ցեղասպանութեան նիւթով մասնակցել եւ ելոյթներ է ունեցել զանազան գիտաժողովներում` Միացեալ Նահանգների «Եու. Սի. Էլ. Էյ.» Բէյրութի Հայկազեան եւ Գահիրէի համալսարանների մէջ։